Բռնություն՝ բռնության հետեւից

13/11/2009

Երեկ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացրել է 2008թ. սեպտեմբերի 26-ից մինչեւ 2009թ. հունիսի 30-ն իրականացված «Խաղաղ հավաքների ազատության մոնիտորինգ Հայաստանում» զեկույցը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասել է, որ դիտարկվող հավաքների գերակշռող մեծամասնությունը եղել է քաղաքական բնույթի։ Մոնիտորինգի ժամանակ դիտարկվել են ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները, որոնք եղել են ոչ իրավաչափ: Ավետիք Իշխանյանը նաեւ նշել է, որ ոստիկաններն օրենքներից հաճախ տեղյակ չեն եղել, եւ զեկույցի առաջարկություններում նշել են, որ ոստիկանների հետ հատուկ դասընթացներ անցկացվեն օրենքի դրույթների վերաբերյալ: Ըստ նրա, կոմիտեն 2008թ. սեպտեմբերի 26-ից մինչեւ 2009թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում դիտարկել է տեղի ունեցած հավաքների 80%-ը: Դիտարկված հավաքների 60%-ը եղել է ոչ զանգվածային, այսինքն՝ մասնակիցների թիվը չի անցել 100-ի սահմանը, 23%-ն ինքնաբուխ է եղել, 6%-ը՝ իրազեկված-արգելված, 6%-ը` իրազեկված-զանգվածային, եւ 5%-ը` իրազեկված-թույլատրված: Դիտարկված հավաքների 7%-ի դեպքում ոստիկանների կողմից գրանցվել են բռնության կիրառման դեպքեր: Մոնիտորինգի առաջին փուլում դիտարկված 88 հավաքներից 34-ի դեպքում Ոստիկանության կողմից եղել է էական միջամտություն, որը դրսեւորվել է երթի անցկացումը խոչընդոտելով, մասնակիցներին տվյալ վայրից ցրելով, 6-ի դեպքում ոստիկանները ուժ են կիրառել մասնակիցների նկատմամբ, դա եղել է ծեծկռտուքի, կոպիտ քաշքշուկի, Ոստիկանության կողմից բերման ենթարկելու ձեւերով: Մոնիտորինգի երկրորդ փուլում` Երեւանի ավագանու ընտրություններին նախորդած եւ հաջորդած շրջանում, դիտարկվել է 22 հավաք, որոնց գերակշիռ մասը եւս եղել է քաղաքական բնույթի: Դրանցից 8-ի դեպքում Ոստիկանության կողմից էական միջամտություն է եղել, 4-ի դեպքում` ուժի կիրառում արձանագրվել: