Երեւանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որով այդ ընտրատարածքի մյուս թեկնածուներին առաջարկում է ինքնաբացարկ հայտարարել, որպեսզի «հավելյալ հնարավորություն ստեղծվի Նիկոլ Փաշինյանի` 10-րդ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար, որպեսզի որեւէ մեկը չասի, թե մենք ընտրություններին մեր մասնակցությամբ մասնակցում ենք Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին»: «Սրանով մենք նաեւ ցույց կտանք, որ մեզանից որեւէ մեկն «իշխանական պրոյեկտ» չի, կեղծ ձեւով չի ներկայանում ժողովրդին»,- հայտարարում է սույն դերասանը, որի կոչը փաստորեն ուղղված է մարքսիստ Դավիթ Հակոբյանին եւ Հմայակ Հովհաննիսյանին: Կոստանյանը, սակայն, «անձնազոհության» չի գնում. նա ոչ թե ինքնաբացարկ է հայտարարում, այլ առաջարկում է դա անել միասնաբար: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ «իշխանական պրոյեկտ» լինելու խարանից խուսափող Կոստանյանի հայտարարությունը տարածել է Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, որը, եթե պրոյեկտ էլ չէ, հաստատ իշխանական է: Թե ինչ են իշխանությունները ցանկանում բեմադրել, դժվար է ասել: Քանի որ ավելի դժվար է հավատալ, որ իշխանությունը թեկուզ հետին թվով հասկացել է Նիկոլ Փաշինյանին բնակության վայրի տեղեկանքի տրամադրումը մերժելու անհեթեթությունը, եւ մինչեւ թեկնածուների գրանցման ժամկետի ավարտը փորձում են ուղղել սխալը: Բացառված չէ, իհարկե, որ իշխանությունները տեսնելով, որ այդ ընտրությունները վերածվում են կատարյալ միմոսության, «միասնական ինքնաբացարկի» միջոցով փորձեն այս ընտրատարածքում նոր ընտրություններ նշանակել: Իսկ եթե իշխանություններով հպարտացող Կոստանյանն իսկապես ուզում է չմասնակցել Նիկոլի դեմ իրականացվող քաղաքական հաշվեհարդարին, պետք է կոչով դիմի ոչ թե մյուս թեկնածուներին, այլ իր սիրելի իշխանություններին, որպեսզի վերջիններս չեղյալ համարեն Փաշինյանին տեղեկանք չտրամադրելու ապօրինի որոշումը եւ գրանցեն նրա թեկնածությունը: Դրա հնարավորությունները իշխանությունները դեռ ունեն. ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը Ն. Փաշինյանի հայցադիմումը քննվելու է Վարչական դատարանում: Դա, ի դեպ, վերջին շանսն է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի, որքան նույն իշխանությունների համար` այս ընտրատարածքում խեղկատակությանը վերջ տալու համար: