Հաստատումից հետո

13/11/2009

«Արձանագրությունների ստորագրմամբ Անկարան նոր հուն կուղղի հայ-թուրքական հարաբերությունները, եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո կսկսվի սահմանների բացման գործընթացը»,- այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը: «Մեր կարծիքով, դա օգուտ կլինի ոչ միայն հայ-թուրքական հարաբերություններին, այլեւ Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատման գործին, հատկապես «սառեցված հակամարտությունների» կարգավորմանը»,- ասել է Շենսոյը` շեշտելով, որ այդ գործոնը չի կարող ազդել Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների վրա: «Ադրբեջանի շահերը միշտ էլ առաջնային են լինելու Թուրքիայի համար»,- հայտարարել է նա` հույս հայտնելով, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթաց կգրանցվի: «Թուրքիան, իր հերթին, շարունակելու է ջանքեր գործադրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության շրջանակներում հակամարտության լուծման ուղղությամբ»,- ասել է նա: