Մոտ ապագայում սպասվում է որեւէ փասրաթղթի ստորագրում

13/11/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրություններից հետո եվրոպացիների հետ խնդիրներ են եղել, բայց մի պահ կար, երբ դժվար է եղել բացատրել իշխանությունների խոսքի ու գործի տարբերությունը: Ձեր պաշտոնավարման ժամանակ նո՞ւյնպես եղել են պահեր, երբ ՀՀ իշխանությունների խոսքի ու գործի տարբերությունը բացատրելու խնդիր եք ունեցել:

– Վ.Օսկանյանն ինչ պաշտոնավարումը թողել է, բազմաթիվ անգամ հրապարակայնորեն ստել է: Եթե նման խնդիրներ կային, բարոյական մարդը անմիջապես պետք է հրաժարական տար: Այդ մարդը պաշտպանել է Մարտի 1-ի սպանդը, անձամբ ժողովրդին դիմել է եւ սատարել է ընտրությունները լկտիաբար կեղծած իշխանություններին: Իմ պաշտոնավարման օրոք որեւէ ընտրություն եւ խնդրահարույց իրավիճակ չի եղել, որ ես ամաչեմ ՀՀ այդ ժամանակահատվածի որեւէ գործողության համար: Կամ լինեմ ինչ-որ ճնշումների տակ եւ ՀՀ արտաքին քաղաքական որեւէ քայլ բացատրելու համար չկարողանամ գտնել համապատասխան փաստարկներ:

– Քաղաքական ուժերը իշխանություններին ուղղված գործարքի, համագործակցության կոչ համարեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում տեղ գտած այն միտքը, թե Սերժ Սարգսյանն իր լեգիտիմությունը ոչ թե դրսից, այլ ժողովրդից պետք է խնդրի: Իսկապե՞ս Լ.Տեր-Պետրոսյանը համագործակցության կամ գործարքի մասին էր ակնարկում:

– Ի սկզբանե ՀԱԿ-ը հայտարարել է, որ անընդունելի է ոչ սահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը: Դա արդեն ենթադրում է համագործակցություն, եւ ՀԱԿ-ը երբեւէ չի հրաժարվել դե ֆակտո իշխանությունների հետ համագործակցելուց: Բայց առաջին օրվանից ասվել է, որ դրա համար անհրաժեշտ են որոշ նախադրյալներ: Որեւէ մեկը բարոյական իրավունք չունի պատանդ պահվող ընկերների առկայության դեպքում համագործակցել այդ պատանդ պահողների հետ:

– Առաջին նախագահն իր ելույթում հայտարարեց, որ խաղաղապահ ուժերի, Լաչինի միջանցքի կարգավիճակի եւ հանրաքվեի անցկացման պայմանների ոչ հստակ լինելու պայմաններում ԼՂՀ հարցի կարգավորման որեւէ ծրագիր ձեզ համար խնդրահարույց է լինելու: Այդ երեք հարցերն արդեն իրենց ձեւակերպումներն ունեն Մադրիդյան հրապարակված սկզբունքներում:

– Ես խոսել եմ Մադրիդյան բոլոր սկզբունքների անընդունելիության մասին, մասնավորապես այդ 3 կետերում մեզ բավարարող որեւէ ձեւակերպում չկա: Երբ մենք ասում ենք՝ ռեֆերենդում, հասկանում ենք՝ միջազգային իրավունքում ընդունված ինչ-որ գործողություն: Դա հստակ տերմին է, որը Մադրիդյան սկզբունքներում փոխարինված է էֆեմիզմով, մեղմասածությամբ: Ինչ-որ կամարտահայտության մասին է ասվում: Եթե այդ կամարտահայտությունը ռեֆերենդումն է, ապա օգտագործենք այդ տերմինը: Այդ մեղմասածությունն է մեզ կասկած հարուցում, որ վաղը կամարտահայտություն կարող է համարվել Բակո Սահակյանի կողմից ստորագրած հայտարարությունը, կամ բանվորական կոլեկտիվների դիմումները Բ.Սահակյանին, որոնք հորդորում են ստորագրել փաստաթուղթ: Խաղաղապահ ուժերի մասին որեւէ խոսք չկա, խոսք է գնում հնարավոր խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին: Ի՞նչ ասել է գործողություն: Միջազգային 6 դիտորդն էլ կարող է համարվել խաղաղապահ գործողության իրականացման ձեւ: Իսկ Լաչինի վերաբերյալ ընդհանրապես խոսք չկա:

– Այդ դեպքում ո՞րն է այդ հարցերի վերաբերյալ Ձեզ համար ընդունելի ձեւակերպումը:

– Ես այսօր իմ մոտեցումները ձեւակերպելու խնդիր չունեմ: Ես այսօր խնդիր ունեմ ահազանգելու եւ հստակ ասելու, թե որեւէ փաստաթուղթ, որը հիմնված կլինի Մադրիդյան այս սկզբունքների վրա, անընդունելի է թե ՀՀ-ի, թե ԼՂՀ-ի համար:

– Հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեցին Թուրքիայի խորհրդարանի քննարկմանը, եւ այդպիսով գործընթացը կարծես թե կանգ առավ: Դրան հակառակ՝ սկսեց ակտիվանալ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս զարգացումները:

– Բազմիցս ասել եմ, թե քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պայմանավորվում է հենց ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ, ապա Թուրքիան վավերացման պրոցեսը կձգձգի այնքան, մինչեւ առաջխաղացում չի արձանագրվել ԼՂՀ-ի ուղղությամբ: Թուրքիան կրկին ապացուցեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները հաստատում է նախապայմաններով: Եվ այդ նախապայմաններից կարեւորագույնը ԼՂՀ հարցի արագ կարգավորումն է:

– Այս խնդիրների կարգավորման հետեւում կանգնած գերտերությունները Թուրքիային թույլ կտա՞ն վավերացումը ձգձգել: Չէ՞ որ նրանք էլ անընդհատ հայտարարում են, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապ չունի ԼՂՀ խնդրի հետ:

– Բայց այդ մասին առանձին-առանձին բոլոր հայտարարություններում եռանախագահության մասնակից նույն երկրների ներկայացուցիչներն են մշտապես ասում, թե հարաբերությունների կարգավորումը կնպաստի ԼՂՀ հարցի արագ կարգավորմանը: Բացի այդ, գործընթացն ակնհայտ ապացուցում է, որ այս երկու խնդիրները փոխկապակցված են: Դեռ արձանագրությունների ստորագրության թանաքը չէր չորացել, երբ Դավութօղլուն հայտարարեց, որ արձանագրությունները կվավերացվեն միայն ԼՂՀ հարցի կարգավորման դեպքում: Որքան էլ ասվի, թե կապ չկա, եւ ԼՂՀ-ն արձանագրություններում նշված չէ, հակառակն ենք տեսնում: Մինսկի խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան, որոնց մաքոքային դիվանագիտությունը նոր ինտենսիվություն է ստացել վերջին մի քանի շաբաթների ընթացքում, միայն վկայությունն է այն բանի, որ մոտակա ապագայում սպասվում է որեւէ փաստաթղթի ստորագրում կամ վերջնական սկզբունքների համաձայնեցում:

– Միգուցե իսկապե՞ս ճիշտ կլինի, որ առաջինը ՀՀ-ն վավերացնի: Այս կարծիքը առաջ էր քաշել ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

– Չեմ կարծում: Սա Հայաստանի խաղը չէ: Ես դրան էական նշանակություն չեմ տալիս: Ինձ համար կարեւորը այն է, թե վավերացումը պայմանավորվա՞ծ է ԼՂՀ հարցով:

– Հայ-թուրքական այս գործընթացի հետ կապված կան տարբեր կարծիքներ, որոնց համաձայն՝ սա գերտերությունների ճնշման տակ սկսված պրոցես է, որ Ս.Սարգսյանն ընկել է Թուրքիայի նախապատրաստած ծուղակը, կամ` ՀՀ նախագահն ինքն է սկսել` չկանխատեսելով զարգացման սխալ ընթացքը: Իրականում ինչի՞ արդյունք էր այդ զարգացումը:

– Իմ համոզմամբ՝ թե հայ-թուրքական հարաբերություններում այս արձանագրությունները, թե՛ Մադրիդյան սկզբունքները վերջին 10 տարվա արտաքին քաղաքականության արգասիքն են: Անկախության օրվանից ՀՀ-ն հռչակել է, որ Հայաստանը սատարելու է սփյուռքի իր քույրերին եւ եղբայրներին ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, եւ դրանով հարցը փակված է համարվել: Երբ 1998թ. հայտարարվեց, որ ցեղասպանությունը դառնում է մեր արտաքին քաղաքականության գերակայությունը, դրանով հարցը դարձավ սակարկության առարկա: Դա փաստորեն կոչ էր Թուրքիային, թե՝ եկեք սակարկենք: Սակարկության արդյունքում ստացանք արձանագրությունները: Նույնը վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, որոնց վրա Վ.Օսկանյանը վերջին մի քանի տարիներին աշխատել է ջանք ու եռանդ չխնայելով: Նա արխիտեկտորն է այս բոլոր ձեւակերպումների, բայց հիմա, չգիտես, թե ինչու, անընդունելի է համարում: Հիմա պարզապես գործընթացում արագացում կա` հաշվի առնելով իշխանությունների աննախադեպ տկարությունն ու ոչ լեգիտիմությունը: Եթե նախորդ 10 տարիներին այս գործընթացը գնում էր, բայց արագացում չէր նկատվում, ապա մարտի 1-ի սպանդը, իշխանությունների ոչ լեգիտիմությունը հանդիսացան կատալիզատոր այս գործընթացների արագացման համար: ՀՀ-ում նախ պետք է վերականգնել սահմանադրական կարգը, ժողովրդին վերադարձնել իր իշխանությունը ձեւավորելու իրավունքը: Նախագահի հրաժարական պետք է լինի, որից հետո պետք է լինեն արտահերթ նախագահական, խորհրդարանական ընտրություններ: Եվ այդ լեգիտիմ իշխանությունն արդեն իրավունք կունենա հավասարը հավասարի՝ միջնորդների հետ նստել եւ պաշտպանել Հայաստանի, եւ ոչ թե այս կամ այն խմբի շահերը:

– Առանց իշխանափոխության հնարավո՞ր չէ վերականգնել սահմանադրական կարգը:

– Պրովոկացիոն է հարցը: