Մտահոգված են

13/11/2009

Ադրբեջանի հարցերով ԵԽ ԽՎ համազեկուցող Անդրես Հերկելը եւ Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով զեկուցող Քրիստոֆ Շտրասերը մտահոգություն են հայտնել ադրբեջանցի բլոգերներ Ադնանա Հաջիզադեի եւ Էմին Միլիի ազատազրկման դատավճռի վերաբերյալ: Զեկուցողները նշել են, որ «այդ հարցը հերթական հարվածն է խոսքի ազատությանն Ադրբեջանում եւ լուրջ խոչընդոտ է երկրի ժողովրդավարացման ճանապարհին»: «Անիրավահավասար մեղադրանքները, հետաքննության թափանցիկության բացակայությունը, փակ դատական նիստերը եւ ծեծկռտուքի մյուս մասնակիցների անպատժելիությունը մտահոգության առիթ են հանդիսանում երկրում Ոստիկանության եւ դատարանի անկախության հարցում»,- գրել են զեկուցողները` կոչ անելով բողոքարկման գործընթացում ներգրավել միջազգային դիտորդների: Նրանք նաեւ ասել են, որ Ադրբեջանի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների պատրաստման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունների եւ դատավարության հարցերին: Ի դեպ, ադրբեջանցի երկու բլոգերների ազատազրկման դատավճիռը երեկ քննադատել է նաեւ Փարիզում գործող «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը: Հիշեցնենք, որ բլոգերները ինտերնետում տեղադրել էին մամուլի ասուլիս տվող ավանակի մասին տեսանյութ: «Կայացած դատավարության միակ նպատակը իշխանություններին քննադատելու հանդգնություն ունեցած երկու բլոգերներին գրաքննելն ու պատժելն էր իրենց քաղաքական հայացքների համար»,- ասված է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տարածած հայտարարության մեջ: