Կասկածում է

13/11/2009

«Հայեցակարգին հավանություն տալը բնական էր. ի վերջո, գործընթացին սկիզբ պետք է դնել: Խնդիրը հենց հայեցակարգի մեջ է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը` մեկնաբանելով այս շաբաթ կառավարության կայացրած որոշումը, որով հավանության է արժանացել հեռարձակման թվայնացման հայեցակարգը: Հիշեցնենք, որ ըստ այդ հայեցակարգի, անալոգային հեռարձակումը պետք է փոխարինել թվայինով եւ մինչեւ 2015 թվականը բոլոր հեռուստաընկերությունները պետք է թվայնացվեն: Թվայնացման պատրվակով 2008 թ. ԱԺ-ն «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարեց, որով մինչեւ 2010 թ. հետաձգեց հեռուստառադիոհաճախությունների մրցույթների անցկացումը: Քաղաքական շրջանակներն այս որոշումը համարում են «Ա1+»-ին հերթական անգամ հաճախություն չտրամադրելու պատրվակ: Թվայնացման գործընթացը պետք է սկսվի հուլիսի 1-ից: Թեեւ հայեցակարգը, որը մասնագետների գնահատմամբ, չի պատասխանում բոլոր հարցերին, միայն հիմա է արժանանում հավանության: «Եթե ավելի քան 1 տարվա ընթացքում որեւէ սկզբունքային լուծում տրված չէ, սկզբունքները հստակ չեն, ես շատ կասկածում եմ, որ մեր օրենսդրական ռեսուրսը, թույլ լինելով, կարողանա կարճ ժամանակում առաջարկել այնպիսի պայմաններ, որոնք հնարավորություն կտան անցկացնել եւ մրցույթներ, եւ այդ մրցույթների համատեքստում նաեւ թվայնացման գործընթացը»,- կարծում է Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա, այդ կարգի բարեփոխումների կամ տեխնոլոգիական վերազինման դեպքում անհրաժեշտ են շատ լուրջ հիմնավորումներ, որոնք ապահովում են տրանսֆորմացիան բոլոր ուղղություններով` եւ օրենսդրական, եւ քաղաքական, եւ տեխնիկական, եւ տնտեսական: «Ցավոք, այն փաստաթուղթը, որ ներկայացված է, լավագույն դեպքում որոշ լուծումներ է առաջարկում տնտեսական եւ տեխնոլոգիական առումով, բայց քաղաքական ու օրենսդրական առումով որեւէ լուծում առաջարկված չի, եւ ես ընդհանրապես կխուսափեի այդ փաստաթուղթը հայեցակարգ կոչել. այն չի օգնելու մոտակա ամիսներին այնպես փոփոխել մեր օրենսդրությունը, պրոցեդուրաները, որ հնարավորություն տրվի առանց ցավի, նոր պրոբլեմների թվայնացման գործընթացը իրականացնել»,- ասել է Բորիս Նավասարդյանը: Ի դեպ, վարչապետը կառավարության նիստում նկատել է, թե ԵՄ փորձագետը դրական եզրակացություն է տվել հայեցակարգին: Բորիս Նավասարդյանը, որը բավականին հետեւողական է այս հարցում եւ հետեւում է բոլոր հայտարարություններին, նկատել է. «Այո, սովորաբար թվայնացման ընթացքի ժամանակ մրցույթները ցանկալի չեն, այդպիսի մի ընդհանուր գնահատական տվեց փորձագետը. այդ նույն փորձագետը, սակայն, բազմաթիվ խորհուրդներ տվեց, թե ինչ պետք է արվի, որպեսզի սահուն եւ պրոֆեսիոնալ արվի գործը, այդ առաջարկությունները ոչ միայն դեռ պրակտիկայում չեն ընդունվել, այլ այդ առաջարկությունների իրականացման ձեւերը մտածված չեն մեզ մոտ: Ես լուրջ խնդիր եմ տեսնում եւ շատ եմ վախենում, որ կարեւորագույն ռազմավարական խնդիրը մեր տեղեկատվական դաշտի համար իր համարժեք լուծումը չի գտնի: Բոլորս պետք է փորձենք մի բան անել, որովհետեւ, եթե թողնենք այնպես, ինչպես ամեն ինչ ընթանում է վերջին տարվա ընթացքում, մենք ուղղակի ազգային մեծ խնդրի առջեւ կկանգնենք»: