ՍԴՀԿ-ն շարունակելու է իր պայքարը ՀԱԿ-ի կազմում, թեեւ համաձայն չէ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նոյեմբերի 11-ի ելույթում տեղ գտած մտքերի հետ:
Երեկ մեզ հետ զրույցում այդ մասին ասաց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: «Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը փայլուն վերլուծական, բացատրողական ելույթ էր, այլ հարց է, թե ինչքանով ենք կոնկրետ կետերի առումով համամիտ նրա հետ»,- նշեց նա` հավելելով, որ իրենք համամիտ են Տեր-Պետրոսյանի հետ այն հարցում, որ ցեղասպանությունը չպետք է դառնար ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի առաջնահերթություններից մեկը, ինչը արվեց Ռոբերտ Քոչարյանի կողմից: «Եթե ցեղասպանության հարցը մեր արտաքին քաղաքականության օրակարգում չլիներ, այսօր այս խնդիրների, մասնավորապես` պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծման վտանգի առջեւ մենք կանգնած չէինք լինի: Բայց ի տարբերություն Լ. Տեր-Պետրոսյանի, հնչակյան կուսակցությունը գտնում է, որ մինչեւ Թուրքիան չճանաչի հայոց ցեղասպանությունը, մենք որեւէ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիր չպետք է դնենք մեր առջեւ»,- ասում է Լ. Սարգսյանը: Հարցին, թե Լ. Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը ինչ-որ բան կարո՞ղ է փոխել հնչակյան կուսակցության գործունեության մեջ, կամ հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ից դուրս գալու հարց քննարկվի, Լ. Սարգսյանը բացասական պատասխան տվեց` հիշեցնելով, որ ՀԱԿ-ի հետ իրենք միավորվել են ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման եւ ժողովրդավարության հաստատման նպատակով: «Այս խնդիրները առայժմ լուծված չեն եւ, բնականաբար, մենք շարունակելու ենք ՀԱԿ-ի հետ մեր համագործակցությունը` մինչեւ այդ խնդիրները մեր երկրում չլուծվեն»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը: Ստացվում է, որ ՍԴՀԿ-ն մի կողմից՝ պայքարում է սահմանադրական կարգի վերականգնման, մյուս կողմից` արձանագրությունների վավերացման դեմ: Այդ դեպքում ինչպե՞ս են պատկերացնում արձանագրությունների դեմ պայքարը ՀԱԿ-ի հետ: Համամի՞տ են արդյոք, որ հայդատականությունն ու ծայրահեղականությունը նպաստել են Ս. Սարգսյանի վարկանիշի աճին միջազգային ասպարեզում: «Չեմ կարող կոնկրետ գնահատական տալ Լ. Տեր-Պետրոսյանի արտահայտած այդ մտքին, բայց կարող եմ ասել, որ սփյուռքը, այդ թվում՝ հնչակյան սփյուռքը, չէր կարող չարձագանքել այս խնդրին: Այլ հարց է, թե արդյունքում ինչ ստացավ
Ս. Սարգսյանը, ինչ ստացավ սփյուռքը»: Ինչ վերաբերում է ՀՀ-ի ներսում Դաշնակցության գործողություններին, որոնք, ըստ Լ. Տեր-Պետրոսյանի, բարձրացրել են Ս. Սարգսյանի վարկանիշը միջազգային ասպարեզում, ապա ՍԴՀԿ ատենապետը չցանկացավ հստակ պատասխան տալ: «Եթե ես հիմա ասեմ, որ նպաստում է, ես նաեւ գնահատական եմ տալիս Լ. Տեր-Պետրոսյանի կոնկրետ արտահայտությանը: Բայց ես չեմ ուզում դրան գնահատական տալ, որովհետեւ կոնկրետ հնչակյան սփյուռքի մասով ես այն կարծիքին եմ, որ այն չէր կարող չարձագանքել»,- նշեց Լ. Սարգսյանը: «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սէֆիլյանը եւս երեկ չցանկացավ որեւէ գնահատական տալ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին` նշելով, որ իրենց նախաձեռնության ակտիվի ժողով են անցկացնելու, որից հետո երկուշաբթի օրը հանդես կգան հայտարարությամբ: Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի քաղաքական նշանակությանը, ասաց, թե ՀԱԿ-ը փորձում է անցնել պայքարի ավելի ոչ բախումնային ձեւերի: «Երեւում է, որ կոշտ մերժողական կամ բախումնային սցենարից ՀԱԿ-ի լիդերը կարծես թե ուզում է անցնել ավելի բանակցային կամ ոչ բախումնային սցենարների: Ես իհարկե չեմ գտնում, որ բախումնային սցենարների մեղավորը ընդդիմությունն է: Դրա մեղավորը առաջին հերթին ժողովրդի բողոքի հանդեպ անտարբեր իշխանությունն է»,- նշեց Լ. Ալավերդյանը` նկատի ունենալով առաջին նախագահի ելույթի հատկապես վերջին հատվածը: Ըստ Լ. Ալավերդյանի` իր ելույթով Լ. Տեր-Պետրոսյանը փորձում է իշխանությանը եւս մեկ անգամ ավելի զգայուն դարձնել ժողովրդի բողոքի ձայնի նկատմամբ: Անդրադառնալով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքներին եւ ՀԱԿ-ից որոշ ուժերի դուրս գալու վերաբերյալ ենթադրություններին, Լ. Ալավերդյանը ասաց, թե Լ. Տեր-Պետրոսյանը իրականում ճկուն քայլ է կատարել: «Ի տարբերություն շատ-շատերի, որոնք ուզում են բռնացնել սրա վրա, որ տեսեք` Տեր-Պետրոսյանը գործարքի է գնում, դավաճանում է պայքարի տրամաբանությանը, ես այդպես չեմ գտնում: Կարծում եմ, որ ՀԱԿ-ը հերթական անգամ իր տակտիկական ճկունությունը ցուցադրում է, եւ ովքեր որ դա ընդունելի համարեն, մնալու են ՀԱԿ-ի հետ, ովքեր որ համաձայն չեն, կամ գնացել են ՀԱԿ-ի հետեւից, որովհետեւ ակնկալում էին արագ արդյունքներ` իշխանափոխությունը այսօր, այս գիշեր կամ մոտակա օրերին, նրանք, կարող է պատահի, դուրս գան կամ հեռու մնան ՀԱԿ-ից՝ որպես քաղաքական ուժ»,- հայտարարեց Լ. Ալավերդյանը: Լ Ալավերդյանը, սակայն, համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Դաշնակցության ու ծայրահեղական ընդդիմության գործելակերպը նպաստել է Ս. Սարգսյանի վարկանիշի աճին միջազգային ասպարեզում: Լ. Ալավերդյանը նշեց, թե մայիսի 8-ին ԼՂ-ում Ս. Սարգսյանը, դիմելով իրեն՝ ասել է հետեւյալը` «Ինչքան ուզում եք՝ քննադատեք, Ձեր քննադատությունից հետո ինձ ավելի բարձր են գնահատում Եվրոպայում»: «Բայց կարծում եմ` ցանկացած ընդդիմության ցանկացած գործողություն էլ այդ տրամաբանությամբ կարող է մեկնաբանվել որպես իշխանություններին օգուտներ բերող: Արդյո՞ք ընդդիմությունը չպետք է իր ծրագիրն ու տեսակետը հայտնի: Ինձ համար դա ընդունելի չէ: Կան սկզբունքներ, տեսակետներ, եւ քաղաքական ուժը, չեմ կարծում, որ իր ճկունությունը պետք է կապի նրա հետ, թե իր սկզբունքայնությունը դրսի համար կզարդարի իշխանությանը: Իսկ ներսի համա՞ր: Ինչո՞ւ ենք մոռանում, որ նախ եւ առաջ քաղաքական ուժի խնդիրը ներսում է»,- ասաց Լ. Ալավերդյանը: