«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը, արձանագրությունների ստորագրումն այդ երկու երկրների ղեկավարության խիզախ քայլն է»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդտը: Հարցին, տեսնո՞ւմ է արդյոք այդ գործընթացի եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջեւ կապ, դեսպանը պատասխանել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը դրական կազդի նաեւ Ղարաբաղի հարցի վրա: Ըստ նրա, որքան շուտ վավերացվեն արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից, այնքան լավ, իսկ Թուրքիան վավերացմամբ կարող է ապացուցել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու իր կամքն ու շահագրգռությունը: Հանս Յոհեն Շմիդտը նաեւ նշել է, որ Հարավային Կովկասը կարեւոր դեր է խաղում Եվրամիության արեւելյան քաղաքականության մեջ: