Երկրի նախագահը ստեպ-ստեպ ակնարկում է, որ հայագիտությունը զարգացնելու համար իշխանությունները պետք է անեն հնարավորը: Թերեւս այդ ենթատեքստում էլ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով կառուցվում է Մատենադարանին կից շենքը, որը պետք է դառնա տեխնիկայի վերջին ճիչով հագեցած, խիստ հարմարավետ հայագիտական կենտրոն: Սակայն տեխնիկայի ճիչը որքան էլ վերջինը լինի, միեւնույն է, առանց խնդրի կարեւորությունը պետականորեն նկատելու եւ առանց հմուտ մասնագետների՝ հայագիտությունը զարգանալ չի կարող: Իմ զրուցակիցը մի գիտնական է, ում օրվա բոլոր ժամերին կարելի է գտնել՝ անկախ այն բանից, որ նա բջջային հեռախոս չունի: Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Մուրադյանն օրվա մեծ մասն անց է կացնում Մատենադարանի գրադարանում:
– Պարոն Մուրադյան, Մատենադարանն, ավելի քան 50 տարի է` գործում է որպես գիտական կենտրոն: Մատենադարանում կա մոտ 15 հազար ձեռագիր մատյան: Դրանց քանի՞ տոկոսն է նկարագրված այս հիսուն տարում:
– Աննշան մասն է նկարագրված եւ գիտական ձեւով հետազոտված: 15 հազարից` մոտ 1500-ը: Մատենադարան ինստիտուտը, որը թյուրիմացաբար կոչում են 50-ամյա, Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրերից Հայաստանում ստեղծված առաջին գիտահետազոտական ինստիտուտն է, որը գոյացել է հենց այս ձեռագրերի հիմքի վրա` Էջմիածնում: 59 թ.-ին Մատենադարանը պետականորեն հաստատվեց իբրեւ գիտահետազոտական ինստիտուտ: Այստեղ նրա անելիքները զգալիորեն ընդլայնվեցին. պահպանության, խնամքի, բուժման եւ այլ խնդիրների հետ միասին Մատենադարանի վրա դրվեց հայոց գրավոր ժառանգությունն ուսումնասիրելու, գնահատելու, թարգմանելու, հրատարակելու պարտականությունը: Դա տեղի ունեցավ իսկապես 50 տարի առաջ: Մատենադարանի` իբրեւ ինստիտուտ, կազմավորումը կապված է հանգուցյալ Լեւոն Խաչիկյանի (նշանավոր հայագետ, ակադեմիկոս) անվան հետ, ում օրոք եւ այդ շենքը հանձնվեց շահագործման:
– Գիտահետազոտական ինստիտուտ դառնալուց հետո ինչո՞վ է Մատենադարանը առանձնացել ԳԱԱ կառույցում գտնվող հայագիտական մյուս ինստիտուտներից:
– Նրանով, որ այստեղ հավաքված է ողջ գրավոր ժառանգությունը: Մեր ունեցած ձեռագրերն էապես տարբերվում են աշխարհում գոյություն ունեցող շատ այլ հավաքածուներից: Դիցուք` արաբական ձեռագրերը թվով ավելին են, քան հայկականը, Վատիկանում լատինական ձեռագրերը ավելի մեծ թիվ են կազմում, բայց տարբերությունն այն է, որ հայկական ձեռագրական մշակույթը, ձեռագրական արժեքները ստեղծվել են բացառապես հայկական միջավայրում` անկախ նրանից` հայրենիքո՞ւմ է, թե՞ օտար գաղթօջախներում: Երկրորդ` ստեղծվել են բացառապես հայերի ձեռքով: Այսինքն` այստեղ գործ ունենք բացառապես ազգային մշակույթի հետ` անկախ այն բանից` դրանք թարգմանական են, ինքնուրույն են, ընդօրինակություն են, բնագիր են: Լատիներեն գրում էր ողջ արեւմտյան աշխարհը: Լատիներենը եկեղեցու, հետեւաբար նաեւ մատենագրության լեզու էր: Հունարենով ստեղծագործում էին ոչ միայն հույները, այլեւ այն ժողովուրդները, որոնք հունական ազդեցության տակ էին: Արաբերենով ողջ մահմեդական աշխարհն էր ստեղծագործում, բայց հայերենով ստեղծված ձեռագրերը հայկական միջավայրի ծնունդ են: Հիմա` այդ ձեռագրերն ուսումնասիրության, պահպանության, գնահատման մի շարք էտապներ են ապրում: Մատենադարանը նախ հիմնադրվել է, որպեսզի այնտեղ պահպանվեն դարերի միջով անցած, վիրավոր, ցեցի կեր դարձած, յուղոտված, այրված եւ այստեղ հանգրվանած ձեռագրերը, որոնք կրել են հայ ժողովրդի ապրած բոլոր տառապանքները: Երկրորդ` կամաց-կամաց պետք էր ճանաչել` ձեռագրերում ինչ կա եւ ինչ արժեքի հետ գործ ունենք: Դրա համար կա մեկ եղանակ` ձեռագրերի գիտական նկարագրություն, այսինքն` երբ ֆիզիկական նկարագրից բացի (կազմն ինչպիսին է, քանի էջ է, մանրանկար կա թե չկա եւ այլն)` ասել` ինչ հուշարձան է նրա մեջ ընդգրկված: Մեր ձեռագրերի կեսից ավելին ժողովածուներ են, որոնց մեջ տասնյակ հովհաննեսներ, մովսեսներ, հարություններ կան: Հարկավոր է պարզել, թե այդ ձեռագիր երկի հեղինակը, գործը հայտնի է, թե անհայտ է, տպագրված է, թե անտիպգ Մեր ձեռագրերի մեծ մասը թվագրված չէ: Մինչեւ այս ամբողջը չպարզվի, մենք կդժվարանանք լիարժեք գնահատել նրա բովանդակությունը:
– Կարողանալ գնահատել բովանդակությունը` նշանակում է՝ ունենալ գիտական հսկայական պաշար: Նման մասնագետներ ունենք: Դուք դասավանդում եք համալսարանում. տեսնո՞ւմ եք հայագիտությամբ կամ, առհասարակ, գիտությամբ լրջորեն հետաքրքրված երիտասարդների: Ձմռանը դողդողալով երթուղային տաքսուն սպասող գիտնականի մոդելն այնքան էլ հրապուրիչ չէ երիտասարդների համար:
– Դժբախտաբար: Ավետարանով պիտի պատասխանեմ. «Բազումք են կոչեցեալք եւ սակաւք` ընտրեալք»: Բազմաթիվ ուսանողների մեջ շատ քչերը գիտեմ, որ փորձում են լրջորեն ուսում ստանալ եւ հայագիտական պատրաստություն ձեռք բերել: Դրա համար մեղավոր են նաեւ այսօրվա ուսուցիչները` դպրոցներից սկսած` մինչեւ բուհերի պրոֆեսորները: Մեր ձեռագրական հավաքածուից միայն 1500-ն է նկարագրված, որ վերջերս 4 հատորով հրատարակվեցին: Մինչ այդ մեր ունեցած ձեռագրական երկհատոր նկարագրությունն ավելի շուտ գույքամատյան էր հիշեցնում, քան ձեռագրացուցակ: 60-ականներին բանավեճեր սկսվեցին նկարագրելու սկզբունքների շուրջ: Այդ բանավեճը մասամբ արհեստական էր: 19-րդ դարի վերջին ունեինք Հակոբոս Տաշյանի նկարագրած Վիեննայի հայերեն ձեռագրերի ցուցակը: Դա կարելի էր համարել ձեռագրերի նկարագրության դասական նմուշ: Գիտնականներից քչերն էին պատրաստակամ իրենց նվիրելու այդ ծանր, մեծ իմացություններ պահանջող, բայց եւ կոչում ու ճանաչում չխոստացող բնագավառին։ Այդ պատճառով էլ գտնվեցին մարդիկ, ովքեր բանավեճի առարկա սարքեցին այդ ձեռագրացուցակների ինչպիսին լինելու խնդիրը, որպեսզի իրենք մեջտեղից դուրս գան: Եվ դուրս եկան: Լեւոն Խաչիկյանը ստիպված էր սկզբի համար ինվենտարիզացիայի նման երկու հաստափոր հատոր ձեռագրացուցակ հրատարակել, որպեսզի ճանաչելի դարձներ` ինչ քանակության աշխատանք է մեզ սպասում: Եվ Խաչիկյանն իր նվիրյալ գործընկեր հայագետների` հանգուցյալ Ասատուր Մնացականյանի, հանիրավի մոռացության մատնված Օնիկ Եգանյանի եւ ուրիշների (Փայլակ Այնթափյան, Անդրանիկ Զեյթունյան եւ այլք) հետ ձեռնամուխ եղան ձեռագրերի նկարագրությանը: Խաչիկյանը 1982 թ.-ին վախճանվեց, Եվ, ահա, մինչեւ այսօր հրատարակված 4-րդ հատորը, ներառյալ եւ այս օրերին լույս տեսնող Մատենադարանի ձեռագրացուցակի 5-րդ հատորը, կազմված են Լեւոն Խաչիկյանի եւ նրա լծակիցների (անուններն արդեն տվեցի) ձեռքով: Բայց ցավալիորեն այդ պատկառելի հատորները 25 տարի տեր ու տիրական չունեցան:
– Ուզում եք ասել, որ 1982 թվականից այս կողմ ոչինչ չի՞ արվել:
– 1982թ.-ից հետո Մատենադարանի նոր տնօրինությունը կա՛մ իր պատրաստության բերումով չկռահեց այդ աշխատանքի կարեւորությունը, կա՛մ ամեն տնօրեն կատարելիք աշխատանքը հարմարեցնում է իր կարողություններին ու հետաքրքրություններին (մեկն ունի կենցաղային անձնական հարմարություններ ստեղծելու հետաքրքրություն, մեկ ուրիշը նվիրյալ է եւ միայն գիտության համար է ապրում): Միայն վերջերս` նոր տնօրենի օրոք հրատարակվեցին պատրաստ դրված եւ 25 տարի սպասող հատորները: Որպեսզի պատկերացնեք, ասեմ, որ միայն արքեպիսկոպոս Նորայր Պողարյանը` Ծովական կեղծանունով, Երուսաղեմի հայոց ձեռագրերի երանահիշատակ պահնորդը, 11 հատոր հրատարակեց այն տարիներին, քանի դեռ մենք մտածում էինք` ինչ սկզբունքով հրատարակենք: Եվ Երուսաղեմի ամբողջ հավաքածուն նա մեն-մենակ նկարագրեց:
– Մեզանում ուսումնասիրման կարոտ է նաեւ հոգեւոր մատենագրությունը` լինի թարգմանական թե ոչ թարգմանական: Ձեռագրերի զգալի մասը հենց հոգեւոր բովանդակություն ունի:
– Խորհրդային տարիներին հոգեւոր մատենագրությամբ զբաղվելը չէր քաջալերվում: Հանգուցյալ Լեւոն Խաչիկյանը երբ ակադեմիայում հարց բարձրացրեց թարգմանական մատենագրությունը, ներառյալ` Աստվածաշունչը, գիտական հրատարակության ենթարկելու խնդիրը, շատերը զգուշանում էին, ոմանք ամբաստանում գիտնականին: Եվ նա ստիպված եղավ հիմնադրած այդ մատենաշարը կոչել «Թարգմանական հուշարձաններ»` խուսափելու համար «Աստվածաշունչ» բառն օգտագործելուց: Խաչիկյանից հետո հայագիտության` նրա հիմնած բնագավառները զարգացում չստացան. չգտնվեցին գործը շարունակելու ազնվություն ունեցողներ:
– Մատենադարանում չգտնվեցին, սակայն ունենք հայագիտությամբ զբաղվող հինգ ինստիտուտ, ֆակուլտետներ` համապատասխան բուհերում: Այնտեղ եւ՞ս մասնագետներ չկային:
– Կային առանձին անհատներ: Օրինակ` ունեինք Հակոբ Անասյան, ով հայագիտության բացառիկ նվիրյալ էր, ում «Հայոց մատենագիտության» երկու հատորը իր կենդանության օրոք լույս տեսավ, կար Վազգեն Հակոբյան, սակայն շարունակող չունեցանք: Այսօր ունենք ճանաչում չստացած վաստակավորներ. պրոֆեսոր Ստելլա Վարդանյանը` Ամիրդովլաթի, Հերացու, Նյուսացու եւ այլ մատենագիրների հրատարակիչը, հազվագյուտ պատրաստություն ունեցող մարդ է, բայց միայն նեղ շրջանակներն են հասկանում կամ գնահատում, քանի որ բժիշկը ձեռագիր ուսումնասիրելու համար պիտի սովորի գրաբար, այն լեզուները, որոնցից օգտվում է բժշկական գրականությունը` արաբերեն, պարսկերեն եւ այլն: Մեր համալսարանական կրթությունը պատրաստություն չի տալիս նման հարցերի մեջ մտնելու համար: Տասնամյակներ են պետք, որ մեկը կարողանում է մասնագիտանալ: Վերջին երկու տասնամյակում հասարակության մեջ տիրապետող բոլոր զգացումներն իրենց արտացոլումն են գտնում նաեւ Մատենադարանում: Օրինակ` Մանուկ Աբեղյանը եւ Սոս հարությունյանը, 1913 թ.-ին` Մալխասյանի խմբագրությամբ, հրատարակեցին Խորենացու բնագիր: Առաջաբանում Աբեղյանն ասում էր, որ սա ոչ միայն վերականգնված բնագիր չէ, այլ անգամ դժվարանում էր գիտական բնագիր կոչել: Եվ, ահա, 1991 թ.-ին, նույն գիրքը լույս է տեսնում նմանահանությամբ, այսինքն` լուսանկարով, եւ տիտղոսաթերթին գրված է` «քննական բնագիր»: Այսինքն` խաբելու, հասարակությունը մոլորեցնելու այս մարմաջը չէր կարող շրջանցել Մատենադարանին: Բոլորովին վերջերս Մատենադարանի լավագույն աշխատակիցներից մեկը` Գեւորգ Տեր-Վարդանյանը, զեկուցում կարդաց, թե Թովմա Արծրունու «Պատմությունը», որը Մատենադարանը հրատարակեց ընդամենը 4-5 տարի առաջ եւ տիտղոսաթերթին գրված է` «Քննական հրատարակություն», այսինքն` ինչ ուղղելիք, սրբագրելիք կա` ամեն ինչ արված է: Գեւորգ Տեր-Վարդանյանը ցույց տվեց, որ կան նոր ձեռագրեր, որոնք հարյուրավոր ուղղումներ են մտցնում:
– Ամփոփենք զրույցը: Երբ մաեստրո Տիգրան Մանսուրյանը խոսում էր իսկական արվեստագետի մասին, ասաց` ճշմարիտ արվեստագետը նա է, որ իր գործով զբաղվում է նույնիսկ այն դեպքում, երբ հարուստ է Պիկասոյի պես եւ աղքատ` Մոդիլիանիի նման: Ունե՞նք այս սանդղակին համապատասխան գիտնականներ: Այդպիսին թերեւս Հրաչյա Աճառյանն էր, ով, անկախ վարձատրությունից, կստեղծեր իր «Արմատական բառարանը»:
– Ասել, թե նոր աճառյաններ, մանանդյաններ, ալիշաններ հույս չկա, որ ծնվեն, չի կարելի, բայց այլեւս ապաբարոյականացումը եւս մտել է գիտության բնագավառ: Տեսեք. Մաշտոցի պողոտայի Աճառյանի բնակարանն է, որի մուտքի մոտ Աճառյանի կիսանդրին էր դրված: Կիսանդրու գլուխն արդեն 4-5 տարի է` գողացել են, Աճառյանի մարմնի միջից երկաթի մի ցից է մնացել: Գիտությունների ազգային ակադեմիան, Համալսարանը կամ հայ ժողովուրդը չունի՞ ընդամենը մի քանի կոպեկ, որպեսզի քարից գլուխ քանդակի եւ դնի տեղը, որպեսզի Աճառյանը չներկայանա մեխի գլխի տեսքով: Կամ գոնե պատվանդանը վերցնեն, որպեսզի այնտեղ գրված չլինի «Հրաչյա Աճառյան»: Այ, դժգոհում են, որ աշխատավարձը ցածր է, սակայն ճշմարիտ գիտնականի համար աշխատավարձ գոյություն չունի: Կոչումներ, աստիճաններ փախցնելու անբարոյականությունը մտել է գիտություն. մարդիկ տեսնում են, որ ակադեմիական կոչումներով զարդարվում են նաեւ մարդիկ, ովքեր գիտության հետ սոսկ հարեւանցի կապ ունեն: Մենք այսօր չունենք հայագիտության` պետականորեն մշակված ծրագիր: Ամեն ինստիտուտ անում է այն, ինչ հարմար է գտնում: Պետականորեն վարձատրվում է, բայց խնդիր չի դրվում` ինչ պետք է ուսումնասիրել ու հրատարակել եւ ինչպես: Եվ քանի որ չունենք գրաքննադատություն, ով ինչ գրում է, հրատարակում է: Գիրք հրատարակելն այլեւս գիտնականի մենաշնորհը չէ: Դրա համար պետք է միավորել բոլոր հայագիտական ինստիտուտները, ստեղծել մեկ` հայագիտության ինստիտուտ` հավաքել կարող գիտնականներին` հատուկ ծրագրով, իսկ մնացածներին տրվող աշխատավարձը ձեւակերպել որպես թոշակ, եւ ուղարկել տանը նստելու, որովհետեւ Ակադեմիայում, միեւնույն է, գործ չեն անում: Մի խոսքով, հայագիտության ճակատագիրը տնօրինողները չպիտի գոհանան միջակությանը հովանավորելով եւ մակերեսային ու ձեւական քննարկությունների պատրանք ստեղծելով: Ինձ համար Մատենադարանի ձեռքբերումը նոր շենքի կառուցումը չէ, այլ քառորդդարյա լճացումից դուրս գալն ու իր անելիքի գիտակցումն է: Հուսանք եւ հավատանք: