Վարորդները` «գծատերերի» կրկեսում

13/11/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տիկին Էմման, արդեն 28 տարի է, ինչ կարմիր գծերով տրոլեյբուսի հետ միասին «կռիվ» է տալիս այն էլեկտրալարերի հետ, որոնք հաճախ փաթաթվում են տրոլեյբուսին ու զայրացնում արդեն թոռնիկատեր տատիկին: «Մայրս կռունկավար էր: Ես մանկուց միշտ երազել եմ ղեկը: Իսկ տրոլեյբուս ընտրել եմ պատահաբար: Ճիշտ է, սկզբից աղջիկներս չխրախուսեցին ընտրությունս, բայց հետո հաշտվեցին: Հիմա նույնիսկ թոռս է տրոլեյբուս վարում»,- նշում է Երեւանի երթուղային ցանցի միակ կին վարորդը` հիշելով նախկին Երեւանը` երթեւեկի կարգ ու կանոնով, ուղեւորների քաղաքավարության նորմերով: «Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ այսօրվա երթեւեկությունը: Միկրոավտոբուսները շատ են խանգարում: Մեկը մյուսի նկատմամբ հարգանք չկա: Նույնիսկ պատահում է, որ աշխատանքի ժամանակ կռվում եմ տղամարդ վարորդների հետ»,- ասում է տիկին Էմման` նայելով տրոլեյբուսի դիտահայելուց կախված ժապավենին, որի վրա գրված է՝ «Սիրում եմ քեզ, Երեւան»: «Երեւանը փոխվել է, գեղեցկացել է, բայց դրա կողքին էլ շատ թերություններ կան, որոնք, հույս ունեմ, որ քիչ-քիչ կվերացնեն: Թերություննե՞րը` հենց երթեւեկության կանոնավորումը: Ամբողջ քաղաքը խեղդվում է միկրոավտոբուսների շատությունից»,- շարունակում է շիկահեր, կանաչ աչքերով կինը, ում ժամանակին ուղեւորները շփոթում էին ռուսի հետ` ասելով. «Կյաժ է, բայց ռուս չէ»: «Գիտեք` էդպիսի օր չկա, որ վթար չտեսնեմ: Շատ են հենց երթուղային տաքսիների վթարները»,- նկատում է տրոլեյբուսի վարորդը: Ի դեպ, 2008թ. Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 2202 պատահար, 407 զոհ եւ 3125 վիրավոր: Գրեթե բոլոր ավտովթարները բացատրվում են հարբածության, անուշադրության եւ այլ հանգամանքների միջնորդավորվածությամբ, բայց այս ամենի ետեւում պակաս կշիռ չունի նաեւ վարորդի հոգնածության գործոնը:

Եվ վերջերս ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական նախարարության Աշխատանքի պետական տեսչության կողմից 6 վճարովի փոխադրամիջոցներում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 51, 96,117, 94,124, 92,19,11, 97,30, 40 եւ 64 համարի միկրոավտոբուսների վարորդները մեկ տարվա ընթացքում կատարել են 226.000 արտաժամյա աշխատանք, ինչի համար էլ Աշխատանքի պետական տեսչությունը կազմակերպություններին ենթարկել է 180միլիոն դրամ վարչական տույժի:

Սա նույնանուն երթուղային տաքսիների վարորդներին ոչ միայն չի ոգեւորել, այլեւ զայրացրել է: «Էդ ի՞նչ ցիրկ են կազմակերպում: Վարորդների համար ո՞վ էր մտածում, որ հիմա եկել են, ասում են` իրավունք են ուզում պաշտպանել: Սուտ ա, տեսնես ո՞ւմ պատվերով են աշխատում»,- ու սա նշում են այն վարորդները, ովքեր աշխատում են առավոտվա ժամը 7-ից մինչ կեսգիշեր` վաստակելով ընդամենը 3000 դրամ: «Հա, ի՞նչ անենք: Զատո աշխատանք ա: Կամ մեր գծատերերը ի՞նչ անեն: Լավ չի՞, որ մեզ մի կտոր հաց են տալիս: Ուրիշը կտա՞»,- շարունակում են վարորդները: Հասկանալի է, որ վարորդները խոսում են ոչ թե «գծատիրոջը» շատ սիրելուց կամ հարգելուց, այլ նրա հասցեին վատ բառ չասելու վախից: «Պայմանագիր են կնքում նրանց հետ` համաձայն չեն, թող չկնքեն, թող չաշխատեն»,- նկատում է վարորդներից մեկը, ում խոսքին հակադրվեց հարեւանը` ներկայացնելով իրավիճակի ամբողջական պատկերը: «Սա աշխատանք չի` ճորտություն ա: 15.000 դրամ օրվա պլան եմ տալիս: Ժամը 7-ից աշխատում եմ մինչեւ եսիմ երբ: Հոգնում ենք, բա ի՞նչ ենք անում: Պատահում ա` մեքենան փչանում ա, էդ ծախսն էլ ա մեզ վրա: Ի՞նչ ենք անում` գնում ենք տան պատից կախված խալին հանում, տանում ծախում, որ փակվենք մեքենայի պարտքը: Ահավոր ա, էլ չեմ ուզում խոսեմ,- ասում է վարորդներից մեկը` նայելով հեռավոր կետերի ինչ-որ բազմությանը` հետաքրքրվելով,- Հա, բայց ինչի՞ հանկարծ Պետական տեսչությունն սկսել է հետաքրքրվել մեզնով, հը՞»:

Իրականություն` առանց գծերի

«Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված եւ գործող կազմակերպությունները Աշխատանքի պետական տեսչություն են ներկայացնում հաշվետվություններ, որտեղ, մասնավորապես, ներկայացնում են վերջիններիս կողմից ներգրավված աշխատողների թվաքանակի վերաբերյալ տեղեկություններ, որոնք, համադրելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների հետ, առանձնացրել ենք առավել խնդրահարույց ոլորտներ: Վերջիններիս դասին է պատկանում նաեւ ՀՀ տարածքում վճարովի փոխադրում իրականացնող կազմակերպությունների գործունեությունը»,- նշում է Աշխատանքի պետական տեսչության պետ Արթուր Պետրոսյանը, ըստ որի` դեռ օգոստոսի 5-ին տեսչության կողմից փոխադրում կատարող 75 կազմակերպությունների համար կազմակերպվել էր սեմինար, որոնցից սեմինարին ներկայացել էր 55-ը: «Սեմինարից հետո օգոստոսի 19-ին տեսչությունը համապատասխան պարտադիր քննարկման միջնորդագիր է գրել վերջիններիս` առաջարկելով միջնորդագրում բարձրացված հարցերը քննել եւ համապատասխան լուծումներ տալ: Դրանից հետո տվյալ կազմակերպությունները կատարված աշխատանքների մասին Աշխատանքի պետական տեսչություն պետք է ներկայացնեին գրություն: Ցավոք, մեր ստացած գրությունների քանակը 15-ն էր` մնացյալ կազմակերպությունների կողմից գրությունն անտեսվեց: Ընդ որում` այյդ գրություններում մենք ստացանք մեզ չգոհացնող պատասխաններ»,- ընդգծում է Աշխատանքի պետական տեսչության պետը` անդրադառնալով նաեւ սեպտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկված գրությանը, որը հիմք հանդիսացավ ուսումնասիրությունների համար: «Ամենակարեւորն այն է, որ մեր աշխատանքները հետեւողական բնույթ են կրելու»,- ավելացնում է ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետը: Այս դեպքում ուրախալին այն է, որ տեսչությունը հետաքրքրվում է ոչ միայն վարորդների, այլեւ մեծ գործարանների ու ձեռնարկությունների աշխատակիցների ճակատագրերով: Փաստենք այն, որ վերջերս Աշխատանքի պետական տեսչությունը Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ում եւ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ում իրականացված, ըստ անհրաժեշտության ստուգումների արդյունքում արձանագրել է համապատասխանաբար` 115.835.000 դրամ եւ 78.000.000 դրամ չվճարված աշխատավարձ, իսկ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում` շուրջ 111 միլիոն դրամ աշխատողներին չվճարված գումար: