ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մինչեւ նոյեմբերի վերջ կրկին կայցելեն տարածաշրջան: Այդ մասին հաղորդել է ամերիկյան համանախագահ Ռոբերտ Բրադտկեի գրասենյակը: Այցի նպատակը նոյեմբերի վերջին ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումն է: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների նախագահներին առաջարկել են հանդիպել եվրոպական քաղաքներից մեկում»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը` ավելացնելով, որ այժմ համանախագահները քննարկումներ են անցկացնում կողմերի հետ` հանդիպման օրը եւ վայրը որոշելու համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ նախագահների հանդիպումից հետո, դեկտեմբերի 1-2-ին Աթենքում կայանալիք ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների նստաշրջանի շրջանակում կհանդիպեն ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մամեդյարովն ասել է նաեւ, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանը քննարկման առարկա է դարձրել մի շարք հարցեր, որոնք Ադրբեջանը համարում էր լուծված: «Նման իրավիճակում դժվար է առաջընթաց արձանագրել: Մենք պատրաստ ենք առաջընթացի, սակայն չգիտենք, թե որքանով է դրան պատրաստ Հայաստանը»,- հայտարարել է նա: Մամեդյարովը վստահեցրել է, թե բանակցային գործընթացում նոր առաջարկներ չեն քննարկվում, եւ վերջին հինգ տարիների ընթացքում բանակցություններն ընթանում են հիմնարար սկզբունքների շուրջ: Խոսելով ԼՂ կարգավիճակի եւ հարակից տարածքների մասին, Մամեդյարովն ասել է, որ Ադրբեջանը կողմնակից է խնդրի փուլային կարգավորմանը: «Հայաստանն առաջին հերթին պետք է դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքներից, որից հետո պետք է վերականգնվեն կոմունիկացիաները, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան, պետք է գերակայի կայունությունն ու խաղաղությունը եւ միայն դրանից հետո կորոշվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը: Ադրբեջանը միշտ էլ հայտարարել է, որ պատրաստ է ԼՂ-ին տալ բարձր կարգավիճակ: Այդ կարգավիճակը կորոշի Ադրբեջանի եւ ԼՂ-ի հայկական համայնքը համատեղ: Այդ կարգավիճակը, բոլոր դեպքերում, լուծվելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում,- հերթական անգամ հայտարարել է Մամեդյարովը, ում կարծիքով` հայկական կողմը խնդիրը փորձում է կարգավորել` սկսելով խնդրի վերջից` ԼՂ-ի կարգավիճակից,- Չեմ կարծում, որ մենք միանգամից պետք է անցնենք խնդրի լուծման վերջնական էտապին»: