ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը Վերին Լարս-Կազբեկ մաքսային անցակետի վերաբացման շուրջ որեւէ երկկողմ կամ եռակողմ բանակցության չի մասնակցել եւ չի մասնակցում: Երեկ այդ մասին մեզ հետ զրույցում ասաց ՏԿ նախարար Գուրգեն Սարգսյանը:
«Մեր գերատեսչությունը որեւէ նման բանակցությունների չի մասնակցել, այս պահին էլ չի մասնակցում, եւ մենք չունենք պաշտոնական որեւէ տեղեկություն նման բանակցությունների մասին: Այսինքն` որեւէ երկկողմ` Ռուսաստան-Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, կամ Հայաստան-Վրաստան, կամ էլ եռակողմ` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան ձեւաչափով վարվող բանակցությունների մասին տեղեկություն մեր նախարարությունը չունի: Այնպես որ, այս հարցով պետք է դեռեւս սպասել»,- նշեց Գ. Սարգսյանը: Հիշեցնենք, որ Վերին Լարս-Կազբեկի հսկիչ-անցագրային կետը փակվել էր 2006 թվականի հուլիսին: Ռուսական կողմը պատրվակ էր ներկայացրել անցակետի` միջազգային չափանիշներին չհամապատասխանելն ու վերանորոգման անհրաժեշտությունը: Այս տարվա մայիսին անցակետը հանձնվեց շահագործման, սակայն այդպես էլ չբացվեց բեռների տեղափոխման համար: Սակայն անցած շաբաթ ռուսական լրատվամիջոցներում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ իբրեւ Հայաստանում տեղի են ունեցել եռակողմ բանակցություններ Ռուսաստանի, Վրաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ` Վերին Լարսի անցակետի բացման նպատակով: Վրացական կողմը անմիջապես հերքեց այդ տեղեկությունները` ռուսներին մեղադրելով ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Ռուսաստանի կողմից տեղեկություններ են տարածվել, որ իբր Վրաստանն ու Ռուսաստանը բանակցություններ են վարում Լարս անցագրային կետի շուրջ: Դա ապատեղեկատվություն է: Ռուսաստանի հետ ոչ մի բանակցություններ չեն տարվում»,- ասել էր Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն` հավելելով, որ այս հարցի շուրջ բանակցություններ են տարվում Հայաստանի հետ: «Մենք պայմանավորվել ենք Հայաստանի հետ, որ կսկսենք տեխնիկական բանակցությունները Լարսի հարցի շուրջ, եւ մենք սկսել ենք, չնայած Ռուսաստանը որոշակի խնդիրներ է ստեղծում»,- նշել էր Ն. Կալանդաձեն: Իսկ հայկական կողմը, համենայնդեպս Տրանսպորտի եւ կապի նախարարի մակարդակով հայտարարում է, որ այս պահին ոչ մի բանակցություն էլ չի վարվում վրացական կամ ռուսական կողմի հետ:
«Տրանսպորտային կոմունիկացիաները այսօր քաղաքական շահարկման համար օգտագործվող ամենահզոր գործիքն են»,- այս թեմային անդրադառնալով՝ ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, նախագահի խորհրդական Անդրանիկ Մանուկյանը: «Ադրբեջանը փակեց ՀՀ սահմանը` քաղաքական ճնշում գործադրելու նպատակով, նույն բանն արեց Թուրքիան` շրջափակման ենթարկելով Հայաստանին, եւ հենց քաղաքական խնդիրների պատճառով էլ փակվեց Վերին Լարսի անցակետը: Կարծում եմ` հատկապես մեծ պետությունները պետք է համաձայնության գան` պատժելու համար այն երկրներին, որոնք տրանսպորտային կոմունիկացիաները դարձնում են քաղաքական շահարկման գործիք»,- նշեց Ա. Մանուկյանը: Ըստ նրա, Վերին Լարս-Կազբեկ անցագրային կետի փակման հետեւանքով Հայաստանից Ռուսաստան արտահանվող ավտոմոբիլային բեռների տրանսպորտային ծախսը ավելացավ ավելի քան 50 տոկոսով: Հայկական բեռները Ռուսաստան արտահանելու համար այժմ նախ եւ առաջ հասցվում են Փոթի, այնուհետեւ տեղափոխվում լաստանավերով: Նախկին նախարարն ասում է, որ Վերին Լարսով հիմնականում հայկական բեռներ էին տեղափոխվում, իսկ վրացական ապրանքները տեղափոխվում էին առավելապես Փոթիից` լաստանավերով: Հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում բեռները Հայաստանից Ռուսաստան հասցնելը ավելի ձեռնտու կլինի Վրաստանի՞ տարածքով, թե՞ Թուրքիայի, Գուրգեն Սարգսյանը պատասխանեց, թե քանի դեռ սահմանը չի բացվել, հայտնի չէ` որ ուղղությունը ավելի ձեռնտու կլինի: «Կան բեռներ, որոնք ավտոմոբիլային տրանսպորտով են փոխադրվում, եւ բեռներ, որոնք երկաթուղային տրանսպորտով են փոխադրվում: Դեպի Տրապիզոն գնացող երկաթուղի չկա, հետեւաբար դեպի Տրապիզոն միայն ավտոմոբիլային ճանապարհով կարող ենք բեռներ փոխադրել: Բայց հիմա չենք կարող ասել` որ ճանապարհը ավելի ձեռնտու կլինի մեր ավտոմոբիլային բեռների համար, քանի որ Վրաստանում եւ Թուրքիայում այսօր գործող սակագները հայ-թուրքական սահմանի բացման դեպքում կարող են փոխվել` Վրաստանը կարող է իջեցնել, Թուրքիան կարող է իջեցնել կամ բարձրացնել: Այսինքն` այս ամենը կախված է այն իրավիճակից, որը կստեղծվի քաղաքական լուծումը տալուց հետո: Այնպես որ, կսպասենք՝ կտեսնենք: Համենայնդեպս կունենանք եւս մեկ հնարավորություն, եւս մեկ տարբերակ, եւս մեկ ուղի: Ու այդ դաշտում մրցակցությունը կորոշի, թե որ բեռների համար որ ուղին է մեզ համար ավելի ձեռնտու»,- նշեց Գ. Սարգսյանը:
Իսկ ըստ Ա. Մանուկյանի` եթե Վրաստանն ու Թուրքիան հայ-թուրքական սահմանի բացումից հետո պահպանեն գործող սակագները, ապա հայկական բեռները Ռուսաստան հասցնելը ավելի ձեռնտու կլինի Թուրքիայի միջոցով: Այն ապրանքները, որոնք նախկինում Ռուսաստան էին հասցվում Վերին Լարսով, իսկ այժմ տեղափոխվում են Փոթիի նավահանգստի միջոցով, հայ-թուրքական սահմանի բացումից հետո ավելի ձեռնտու կլինի Ռուսաստան տեղափոխել Տրապիզոնի նավահանգստով: Սակայն, ըստ նախկին նախարարի՝ այս ուղղությունը ավելի ձեռնտու չի լինի Վերին Լարս-Կազբեկ ուղղության համեմատ: Այսպիսով` Հայաստանից Վերին Լարս-Կազբեկ ճանապարհով Ռուսաստան արտահանվող բեռները, որոնք ավելի քան 3 տարի ստիպված տեղափոխվում են Փոթիից` լաստանավերով, ավելի ձեռնտու կլինի տեղափոխել Տրապիզոնի միջոցով, եթե պահպանվեն այն սակագները, որոնք գոյություն ունեն այսօր:
Հ.Գ. Այն, որ Գ. Սարգսյանն ասում է, թե իր ղեկավարած գերատեսչությունը չի մասնակցել որեւէ բանակցության, չի նշանակում, թե պետք է բացառել, որ այդ հարցի շուրջ եռակողմ հանդիպում այնուամենայնիվ եղել է: Պարզապես, որպես քաղաքական հարց, քննարկվել է ոչ թե Տրասնպորտի նախարարների մասնակցությամբ, այլ, ասենք, Արտգործնախարարության ներկայացուցիչների: