Ահազանգ քաղաքապետարանին

11/11/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Մեր թերթի նախորդ հրապարակումներից մեկը, որում Երեւանի Բաշինջաղյան 73/2 հասցեի բնակիչ Մելս Մարգարյանը իր բողոքն էր ներկայացրել հարեւանուհի Նելլի Հայրիյանի քայլերի դեմ, բավական լուրջ արձագանք ունեցավ:

Հրապարակումից մեկ շաբաթ անց խմբագրություն եկավ Նելլի Հայրիյանը` սպառնալիքով: «Դուք ինձ բարոյական մեծ վնաս եք տվել»,- ասաց կինը ու մեզ տվեց մի նամակ, որում նա անդրադառնում էր իր հարեւան Մելս Մարգարյանի` հրապարակման մեջ տեղ գտած խոսքերին: Ըստ Ն. Հայրիյանի, հարեւան ընտանիքի ներկայացրած դիտարկումները չեն համապատասխանում իրականությանը: «Ի՞նչ է եղել իրականում. քանդել են ոչ թե Մ. Մարգարյանի տունը, այլ պատուհանի դիմաց անօրինական, չորս սյուների վրա տեղադրված ծածկը: Եվ քանդել են դատարանի վճռի համաձայն»,- նամակում նշել է Ն. Հայրիյանը, ով ի պատասխան Մ. Մարգարյանի այն խոսքերի, թե Երեւանի քաղաքապետարանի՝ քանդելուց հետո տան մի մասն էլ ապրիլին փլվել էր, նկատել է. «գԱյս տարվա ապրիլին նա ինքն է քանդել տան պատը եւ առանց համապատասխան թույլտվության` դուռ բացել այնտեղից, որի դիմաց տարիներ առաջ տեղադրել էր ծածկը: Մ. Մարգարյանի տունը Բաշինջաղյան փողոցի կողմից մուտք չունի` օրինական մուտքը Վշտունի փողոցից է: Այս փաստը եւս վկայում է, որ տան սեյսմավտանգ վիճակի մասին աղաղակելը միմիայն նոր մուտք բացելու եւ հող զավթելու նպատակ է ունեցել, ինչին, ի դեպ, արդեն հասել է` դրա վերեւն էլ պատշգամբ է կառուցել»: Ն. Հայրիյանին, սակայն, վիրավորել է այն, որ իրավիճակից զայրացած հարեւան Մ.Մարգարյանն իր խոսքում անընդհատ շեշտել է հարեւանուհու հոգեկան վիճակը: «Մի նայեք, ես գիժ եմ: Ախր, վիրավորական է, չէ՞: Իսկ աղջիկս էլ ոչ թե տնից է փախել, այլ ամուսնացել է ու գնացել է Ռուսաստան»,- ասաց Ն. Հայրիյանը` խմբագրություն կատարած իր երկրորդ այցի ժամանակ, ում, բնականաբար, թերթը որեւէ գնահատական կամ առավել եւս վիրավորանք չի պատճառել: Երկու հարեւանների միջեւ ծագած վեճը բավական լուրջ է` Մ. Մարգարյանը շարունակում է պնդել, որ ոչ թե ինքը, այլ Ն. Հայրիյանն է ապօրինի կցակառույց կառուցել, եւ նախորդ հոդվածում իր բերած յուրաքանչյուր խոսքը կարող է ապացուցել: «Ես էլ կարող եմ բերել իմ փաստաթղթերն ու ապացույցները»,- ասաց Մելս Մարգարյանն` ի պատասխան Ն. Հայրիյանի վերը նշված դիտարկումներին:

Երկու հարեւաններն էլ չեն ցանկանում մտածել հաշտության եզրերի մասին: Երկու կողմն էլ ունի իր հստակ դիրքորոշումը մյուսի մասին, եւ այն փոխել չեն պատրաստվում: Թերեւս այս հարցին պետք է իրավական լուծում տրվի, եւ համապատասխան մարմինների միջամտությամբ միայն այն կարող է հարթվել: Հակառակ դեպքում այն կարող է վերաճել լուրջ ընդհարման: Մ. Մարգարյանը մեզ հետ զրույցում նշել է. «Ես քանի անգամ եմ ասել` եկեք թաղի բնակիչներով կոմիսիա կանչենք, ու գան ամեն ինչ ստուգեն: Քանի անգամ եմ նամակներ գրել` վարչապետին գրեցի, հետ եկավ քաղաքապետարան, գրել եմ պրեզիդենտին` էլի հետ են ուղարկել քաղաքապետարան»: Այս խնդիրն այլեւս անհանգստացնում է նաեւ Բաշինջաղյան 73/2 հասցեի բնակիչներից շատերին: Այնպես որ, Երեւանի քաղաքապետարանն այստեղ լուրջ անելիք ունի: