Վերջին ժամանակներում մեր իրականության մեջ քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ հայտնվում են անհատներ կամ կազմակերպություններ, որոնք ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելու մատչելի ծառայություններ են առաջարկում:
Մեր քաղաքացիներից շատերն էլ «խայծը կուլ տալով» վստահում են նման գործարքների կազմակերպիչներին եւ ընկնելով նրանց ծուղակը` ոչ միայն կորցնում են ողջ կարողությունն, այլեւ` դառնում են խարդախության թիրախ: Օտար պետություն մեկնելու մեր հայրենակիցների գայթակղությունը հաճախ ավարտվում է տրաֆիկինգով, քանի որ ՀՀ քաղաքացիներին այլ երկիր տեղափոխելու կազմակերպիչներն առաջին հերթին պահանջում եւ «խաղարկում են» մարդկանց անձը հաստատող փաստաթուղթը:
ՀՀ քաղաքացի Նորիկ Ներսիսյանը եւ նրա որդին` Աշոտ Ներսիսյանը, արտերկիր, մասնավորապես՝ Կանադա, մեկնել ցանկացող մեր քաղաքացիներին առաջարկել են իրենց ծառայությունները. այն է` կազմակերպել Կանադա տեղափոխվելու ողջ գործընթացն ընդամենը 8000-10.000 դոլար գումարով: Ընդ որում, վերջիններս հանդես են եկել իբրեւ կազմակերպության ներկայացուցիչներ, սակայն կազմակերպությունը ոչ անուն է ունեցել, ոչ էլ, առավել եւս, գրանցման օրինական փաստաթղթեր: Վերջիններիս գործունեությունից տուժած քաղաքացիների փաստաբան Արմեն Հայրապետյանը վստահեցնում է, որ Նորիկ եւ Աշոտ Ներսիսյանները նախկինում մարդկանց տեղափոխել են Կանադա պարային խմբերի անվան տակ, հետեւաբար չի բացառվում նրանց գործունեության մեջ ուղղակիորեն տրաֆիկինգի հանցանշաններ հայտնաբերելու հնարավորությունը: Նոր Արեշ 22փ. 24/1 հասցեի արդեն նախկին բնակիչ Յուրի Ղարիբյանը ծանոթների միջոցով տեղեկացել է Նորիկ Ներսիսյանի գործունեության մասին։ «Լսելով, որ նրանք ունեն ինչ-որ կազմակերպություն, որը Հայաստանից ՀՀ քաղաքացիներին մշտական բնակության համար ուղարկում է Կանադա` ցանկացա աղջկաս ուղարկել կնոջս քրոջ` Էլմիրա Հայրապետյանի մոտ: Ես դիմեցի Ն. Ներսիսյանին` խնդրելով օգնել այդ գործում: Վերջինս հայտնեց, որ գործարքը կատարելու համար անհրաժեշտ է 8000 ԱՄՆ դոլար: Նա ինձ հավաստիացրեց, որ գործարքը կատարվելու է օրենքով սահմանված կարգով»,- նշում է Յուրի Ղարիբյանը` վստահեցնելով, որ, այնուամենայնիվ գործարքը կատարվել է, եւ աղջիկը Ն. Ներսիսյանի միջնորդությամբ տեղափոխվել է Կանադա` մորաքրոջ մոտ: Այնուհետեւ Ն. Ներսիսյանն իմանալով, որ Յու. Ղարիբյանը երկու որդի էլ ունի` առաջարկել է համապատասխան գումար տալու դեպքում լուծել նաեւ տղաների Կանադա մեկնելու խնդիրը: Մինչդեռ Յու. Ղարիբյանն առաջարկը մերժել է` պատճառաբանելով, որ թեեւ կցանկանար տղաներին նույնպես ուղարկել Կանադա, այդուհանդերձ չի կարող` ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Որոշ ժամանակ անց, սակայն, Ն. Ներսիսյանի որդին` Աշոտն, անձամբ այցելել է Յու. Ղարիբյանի տուն եւ վստահեցրել է, թե առանց ավելորդ խնդիրների պատրաստ է նրա երկու տղաներին տեղափոխել Կանադա։ «Աշոտն ասաց, որ ինքը թեեւ լինում է Կանադայում, բայց դեռ երկու ամիս էլ պետք է մնա Հայաստանում: Յուրաքանչյուր անձի համար 12.000 դոլար էր ուզում: Մի խոսքով` որոշեցինք, որ երկու տղաներիս էլ ճանապարհենք Կանադա, մանավանդ, որ աղջիկս արդեն այնտեղ էր: Նա նույնիսկ ասաց, որ 16 տարեկան զինծառայություն չանցած տղաների է առանց խնդիրների տեղափոխում Կանադա»,- ասում է Յու. Ղարիբյանը` վստահեցնելով, որ ֆինանսական միջոցներ հայթայթելու համար ստիպված է եղել վաճառել սեփական բնակարանը: Հետեւաբար Նոր Արեշ 22փ. 24/1 հասցեում գտնվող բնակարանը վաճառել է շուկայական գներից զգալի ցածր գնով, որպեսզի տղաների մեկնումն արագ կերպով կազմակերպվի: Իսկ իրենք Շենգավիթ համայնքում բնակարան են վարձակալել եւ մինչեւ օրս այնտեղ են բնակվում: Ինչեւէ, Յու. Ղարիբյանը պատմում է. «Տունը վաճառելուց եւ գումարը ձեռքի տակ ունենալուց հետո գնացինք Աշոտենց տուն: Հայրը` Նորիկն, ասաց, որ նա տանը չէ, բայց վստահեցրեց, որ գործընթացն ինչպես հարկն է կկազմակերպվի: Տեղեկացրեց, թե ինչ փաստաթղթեր են հարկավոր: Նախնական գումարի մասին ասաց, որ պետք է 1.500.000 դրամ»: Այնուհետեւ Յու. Ղարիբյանը վերոնշյալ գումարը տվել է Աշոտին, որը հաստատվել է Երեւանի Շահումյանի նոտարական գրասենյակում, որպես փոխառության պայմանագիր: Բացի գումարից Աշոտը վերցրել է նաեւ Յու. Ղազարյանի երկու որդիների անձնագրերը: «Որոշ ժամանակ անց ուշ ժամին կրկին զանգահարեց, թե` գործի համար եւս պետք է 1.200.000 դրամ: Անմիջապես այդ ուշ ժամին դրսում հանդիպեցինք. ասաց, որ առավոտյան պետք է Մոսկվա մեկնի: Քանի որ այդ ժամին փակ էր նոտարական գրասենյակը, չկարողացա այն փաստաթղթով վավերացնել, բայց գումարը տվեցի»,- նշում է Յու. Ղարիբյանն` ասելով, որ Աշոտն, այնուամենայնիվ, Մոսկվա չի մեկնել: Վերջինս ասել է, որ տղաների անձնագրերում Կանադա մուտք գործելու թույլտվության կնիքն արդեն դրված է, բայց անհրաժեշտ է եւս 1000 դոլար, որը Յու. Ղազարյանից ստացել է բանկի միջոցով: Աշոտ Ներսիսյանը, սակայն, ստանալով Յու. Ղազարյանից պահանջած գումարները, փախել է եւ մինչեւ այսօր բացակայում է հանրապետությունից: Յու. Ղազարյանը վերոնշյալ դեպքի կապակցությամբ գրավոր բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Բողոքն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Շենգավիթ համայնքի բաժանմունք եւ, արդեն մեկ ամիս է, այն գտնվում է քննիչ Միքայել Գրիգորյանի վարույթում: Աշոտ Ներսիսյանը գտնվում է հետախուզման մեջ, սակայն տուժողի իրավահաջորդ Արմեն Հայրապետյանը գործի նկատմամբ Ոստիկանության քննչական բաժնի քննիչ Մ. Գրիգորյանի կողմից օբյեկտիվություն ու օպերատիվություն ցուցաբերելու հնարավորությունը կասկածի տակ է դնում հետեւյալ պատճառաբանությամբ. «Մինչ այսօր չենք ստացել գրություն այն մասին, թե ինչ փուլում է գտնվում բողոքի ուսումնասիրությունը: Ավելին` Մ. Գրիգորյանն իմ վստահորդին հայտնել է, որ Նորիկ Ներսիսյանը մշտապես հեռախոսային կապի մեջ է գտնվում որդու` Աշոտի հետ, ինչը ենթադրում է, որ Աշոտին հայտնաբերելը դժվար չէ: Իսկ ի՞նչ է, հետախուզում հայտարարված մարդու կողմից հնչեցվող հեռախոսահամարը վերահսկելը դժվա՞ր է Ոստիկանության համար: Ինչո՞ւ «02» հաղորդաշարով հայտարարություն չեն տալիս: Սա Ոստիկանության կողմից արդյո՞ք որոշակի վերաբերմունք եւ կողմնապահություն չէ»։ Հայրապետյանը հայտարարում է, որ իր հետ հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով պարբերաբար զանգեր են հնչում նաեւ իր հեռախոսահամարին: Ն. Ներսիսյանն, ըստ տուժողի իրավահաջորդ Ա. Հայրապետյանի` խորհուրդ է տվել զգուշանալ եւ ՀՀ դատական ատյաններին դիմելու քայլից ետ կանգնել:
Այդուհանդերձ, Շենգավիթի Ոստիկանությունում, ըստ Ա. Հայրապետյանի` Աշոտ Ներսիսյանի դեմ հարուցված է խարդախության հոդվածով քրեական գործ: Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Նորիկ Ներսիսյանը գործում ներգրավված է ոչ թե որպես Ա. Ներսիսյանի հանցակից, այլ` որպես վկա: Իսկ քննչական մարմինները, տեւական ժամանակ է, չեն կարողանում նախկինում երկու անգամ դատապարտված, հետախուզման մեջ գտնվող Ա. Ներսիսյանին հայտնաբերել: Մինչ այդ ՀՀ Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Ղարիբյանի շահերի ներկայացուցիչ Ա. Հայրապետյանը ընդդեմ Ա. Ներսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին հայց է ներկայացրել, որը բավարարվել է մասնակիորեն: «Աշոտ Ներսիսյանից հօգուտ Յու. Ղարիբյանի բռնագանձել 1.500.000 դրամ»,- նշված է դատարանի վճռում: Մինչդեռ, այս հանցագործության ամենաուշագրավ փաստի վրա, ինչպես Շենգավիթի ոստիկանությունում, այնպես էլ դատարանում ուշադրություն չեն դարձրել: Դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի բոլոր այն միջնորդությունները, որոնք վերաբերել են Յու. Ղարիբյանի որդիների անձնագրերին: Ա. Հայրապետյանն ասում է. «Ն. Ներսիսյանի կողմից վերադարձված անձնագրերն օգտագործված են եղել, եւ չի բացառվում, որ այդ անձնագրերով եւս հանցանք է կատարվել: Անձնագրերում անհասկանալի, կեղծ կնիքներ են դրվել, նկարների տեղաշարժման եւ անձնագրերի պաշտպանիչ շերտերը վնասված են եղել: Ի վերջո, այդ անձնագրերն օգտագործվել են այլ մարդու, հնարավոր է՝ նաեւ կեղծ տիրոջ կողմից, անզեն աչքով երեւում է, որ նկարները փոխելու հնարավորություն է եղել: Չի բացառվում, որ այդ անձնագրերով մարդկանց են տեղափոխել կամ դրանցով անօրինական գործարքներ են կնքել, իսկ Ոստիկանությունն այդ փաստի վրա չի ցանկանում ուշադրություն հրավիրել»: Ի դեպ, Ա. Հայրապետյանի հավաստմամբ` բացի Ղարիբյաններից, Աշոտ Ներսիսյանի «թրի տակով» էլի մարդիկ են անցել, որոնց մասով, սակայն, գործերը «սահուն» փակվել են, այնպես, ինչպես հարուցված այս քրեական գործի կապակցությամբ Աշոտի հայրը` Նորիկ Ներսիսյանը խոստացել է «գործը փակել» տալ: «Նա սպառնում է, թե` ինչքան ուզում եք, բողոքեք, գործը փակվելու ա»,- ասում է Ա. Հայրապետյանը: