Հիվանդություններն աշնանն են հաշվում

11/11/2009

Ամռանը, որքան էլ եղանակը մռայլ լինի, միեւնույն է, մեզ չի տխրեցնում, իսկ ահա աշնանը նույնիսկ ամենաարեւավառ օրերին սպասում ես ձմռան գալուն: Այդ ժամանակ հոգիդ ակամայից տխրում է: Իսկ եթե հանկարծ աշունը հոգու մեջ մտնի, ապա մարմնի հետ ինչ ասես չի անի: Աշնանային թախծոտությունն ու մաղձոտ տրամադրությունը կարող են պատճառ դառնալ գաստրիտի, խոցային հիվանդության, սեռական վարակիչ հիվանդությունների, հոդացավերի սրացման: Աշունը հաճախ ազդում է նույնիսկ մարդու արտաքին տեսքի վրա: Իհարկե, այս դեպքում պետք չէ մեղադրել եղանակին: Պետք է ասել, որ այդ ամենը մեր գլխից է գալիս: Չնայած աշնանը սրացվող հիվանդությունները շատ տարբեր են, այնուամենայնիվ, նրանք ունեն մեկ ընդհանրություն` նյարդային համակարգի ու դիմադրողականության թուլություն:

Չգիտես ինչու, բոլոր տեսակի դեպրեսիաները, նեւրոզներն ու փսիխոզները սովոր են մեր կյանքում հայտնվել հենց աշնանը: Տարվա այս եղանակին բնության մեջ տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, իսկ մարդը բնության մեկ մասնիկն է կազմում:

Ըստ վիճակագրության, գրեթե յուրաքանչյուրս արդեն 30 տարեկանում ունենում ենք 2-3 հիվանդություն, որի մասին չենք էլ գիտակցում: Այդ մասին մենք իմանում ենք սեզոնային փոփոխությունների ժամանակ տեղի ունեցող սրացումների պատճառով: Օրինակ` մասնագետները հավատացած են, որ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների հիմնական պատճառը նյարդահոգեբանական գործոնն է: Հայտնի են դեպքեր, երբ սթրեսի ազդեցությամբ ստամոքսահյութը քայքայել է ստամոքսի լորձաթաղանթն ընդամենը մի քանի ժամում: Իսկ աղեստամոքսային տրակտի վատ աշխատանքի պատճառով կառաջանան այլ խանգարումներ եւս, օրինակ` մաշկի հետ կապված` չէ՞որ մարդու օրգանիզմը շղթայական ռեակցիայի նման է:

Աշնանը սրացող հիվանդություններից մեկն էլ օստեոխոնդրոզն է: Այս հիվանդությամբ հակված է հիվանդանալու 30 տարեկան ցանկացած կին: Եղանակի կտրուկ փոփոխությունը, օդի մեջ բարձր խոնավությունը, կենսակերպի ավելի անշարժությունը, քան ամռանն է` բարենպաստ պայմաններ են ստեղծում հիվանդության սրացման համար:

Կանանց մոտ հաճախ սկսում է նկատվել անքնություն, որն օրգանիզմի համար իսկական սթրես է:

Սրանում են այն հիվանդությունները, որոնց առաջացման պատճառները սեռավարակներն են: Քանի որ օրերը ցրտել են, մարդիկ ավելի հաճախ են մրսում: Ամենատարածված տհաճ հիվանդություններն են հերպեսը, ցիստիտը եւ այլն: