Գիշերային Երեւանի դժգույն դեմքը

09/11/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տնտեսական ճգնաժամը չի շրջանցել նաեւ Երեւանի փողոցներում «աշխատող» մարմնավաճառներին, ովքեր վերջին շրջանում ստիպված են իրենց մարմինը հաճախորդներին առաջարկել բավական ցածր «սակագներով»:

Գաղտնիք չէ, որ Երեւանի փողոցներից շատերը (այդ թվում` Երեւանի կենտրոնական մի քանի փողոցներ) գիշերային ժամերին դառնում են կանանց, ինչպես նաեւ երկսեռ տղամարդկանց ծառայություններ առաջարկող առեւտրի կետեր (համասեռամոլներին առանձին հրապարակմամբ կանդրադառնանք մեր թերթի առաջիկա համարներից մեկում): Թե ինչ է կատարվում գիշերային ժամերին մեր քաղաքում` կներկայացնենք գիշերային հերթափոխով աշխատող տաքսու վարորդների մեկնաբանություններով, քանի որ վերջիններս ակամայից մասնակից են դառնում այդ երեւույթին: Մասնագիտությամբ շինարար Գեւորգ Ներսիսյանը (վարորդների անունները, հասկանալի պատճառներով, փոփոխված են) վստահեցնում է, որ մեր հանրապետությունում վերջին շրջանում մարմնավաճառների թիվը գերազանցել է «նամուսով» կանանց թվին. «Որովհետեւ կանայք արդեն էդ գործով զբաղվում են բացեիբաց: Եթե առաջ նման գործով զբաղվողների վրա մարդիկ քար էին նետում, ապա հիմա սովորական ա դարձել: Առաջ թաքուն էր, իսկ հիմա` չեն ամաչում իրանց արածի համար: Ես մի կլիենտ ունեմ, 28 տարեկան աղջիկ ա, որը եկել ա Իջեւանից ու «պուտանկա» ա աշխատում: Իմ հետ կիսվում ա, գյուղացի, միամիտ աղջիկ ա: Երկու տարի առաջ եկել ա ստեղ աշխատելու, որովհետեւ ասում ա` ծնողները ծեր թոշակառուներ են, սովամահ են լինում: Անունն էլ Գեղեցիկ ա: Ասում ա` ձյաձ ջան, եկա սկզբում ռեստորանում աման էի լվանում ու օրվա համար 2000 դրամ էի ստանում: Ոչ կարողանում էի տանս 30.000 դրամ վարձը տայի, ոչ ապրեի, ոչ էլ ծնողներիս փող ուղարկեի: Ընթացքում գիտեի, որ ռեստորանի աղջիկներից մի քանիսը կլիենտների հետ գնում են: Հարցուփորձ արեցի, իմացա, որ ահագին փող են աշխատում: Մոտեցա ռեստորանի տիրոջն ու խնդրեցի, որ ինձ էլ գործ տա: Մի խոսքով` էս մեր Գեղեցիկին էդ կլիենտների հետ գնացող աղջիկները ոնց որ պետքն ա սովորացրել են, թե ոնց ա պետք հագնվել, քսվել ու ճիշտ պահել: Առաջ ասում էր, որ ամեն կլիենտից 25.000 ա վերցնում, որից 10.000-ը մուծվում էր ռեստորանի տիրոջը, բայց հիմա ռեստորանի կլիենտուրան շատ չի օգտվում իրանց ծառայություններից, որովհետեւ ճգնաժամ ա, փող չունեն: Հիմա ես էդ աղջկան գիշերները հաճախ փողոցներում եմ տեսնում, մեկ-մեկ էլ պատվեր ա տալիս, որ փողոցից տուն հասցնենք»,- պատմում է վարորդ Գեւորգը` վստահեցնելով, որ մայրաքաղաքում գործող մարմնավաճառներից շատերին տաքսու վարորդները ճանաչում են, քանի որ նրանք իրենց մշտական պատվիրատուներից են: Տաքսու վարորդը վստահեցնում է, որ տաքսի ծառայության «շեֆերն» իրենց պարտադրում են պատվեր չունենալու դեպքում մեքենան կայանել մարմնավաճառներին կից տարածքում, քանի որ` «պուտանկեքի» հաճախորդները երբեք նրանց ձեռքից բռնած չեն գնում այդ գործն անելու. «Բնական ա, որ մեքենա չունեցող հաճախորդին թաքստոց ա պետք, իսկ կայանած տաքսուց օգտվելը ձեռնտու ա: Օրինակ` մի օր գնացեք դրանց որջերը ու տեսեք, թե ի՞նչ ա կատարվում: Ո՞նց ա մարդը ուզում էժան կարտոշկա առնի, այ տենց էլ աղջկա գին են գցում: Կանգնում` սակարկում են: Մի անգամ աչքիս առաջ երկու պուտանկա իրար գետնին էին գցել, որովհետեւ մեկը գինը գցելով՝ մյուսի կլիենտին փախցրել էր: Էն կատաղած շներն ավելի նուրբ են իրար գզում, քան դրանք: Էդ օրվանից հետո ես նույն աղջկան տեսնում եմ դիմացի ատամը ջարդած: Հիմա պուտանկեքի գործը կանգնած ա, կլիենտները փող չունեն: Օրինակ` անցած երեքշաբթի էր` մեկը կա, մականունը «տանկ» ա, տարել եմ «Հայրենիքի» կողքի պուտանկեքի փողոց ու լուսաբացին նորից ես եմ հետ տարել տուն: Ամբողջ գիշեր կանգնել էր` տանող չէր եղել: Ասում էր` 15.000-ից գինը իջեցրել ա մինչեւ անգամ 5000 դրամի: Գրոշներն իրար վրա դրեց, հազիվ տաքսու փողը տվեց»: Այդուհանդերձ, վարորդ Գեւորգը վստահեցնում է, որ մայրաքաղաքի փողոցներում գիշերային ուշ ժամերին երթեւեկելը ռիսկային է, քանի որ տաքսի պատվիրողները հիմնականում «նարկոմաններ, մարմնավաճառներ, անբարո կյանքով ապրող կանայք եւ տղամարդիկ ու հանցագործներն են»: Իսկ հեռուստաեթերից «իմ Երեւանը» անընդհատ հնչեցնող մեր երեւանցի մտավորականներին մեր զրուցակից վարորդը կոչ է անում Երեւան քաղաքով հպարտանալ գիշերային ժամերին` «Թող գիշերը փողոցներում շրջեն ու հասկանան, որ Երեւանը մարմնավաճառների որջ ա, ու հպարտանալու համար շատ ճանապարհ պիտի անցնենք, որ քաղաքի նախկին համն ու հոտը հետ բերենք»:

Թմրամոլները` եթերո՞ւմ

Վարորդ Սիմոնը բավական հետաքրքիր տեղեկություններ է մեզ փոխանցում թմրամոլների մասին: Նրա համոզմամբ` թմրադեղ օգտագործելը մեզանում դարձել է ալկոհոլ օգտագործելուն հավասար երեւույթ: Վերջինս վստահեցնում է, որ մասնավորապես գիշերային ժամերին սպասարկում է մեծ թվով «պլան» ծխած պատվիրատուների. «Աղջիկ ջան, եթե ուզում ես անկեղծ լինեմ, ապա ես արդեն ոչ մի բանից չեմ զարմանում, որովհետեւ Հայաստանում բարոյական մարդ չի մնացել: Նայում ես` ջահել աղջիկները, տղաները կայֆի տակ, իրենց նենց են պահում, կարծես թքած ունեն իրենք իրենց վրա: Ինչի՞ եք խոսում մենակ փողոցներում կանգնած մարմնավաճառների մասին. խոսեք էն մարդկանց մասին, որոնք հասարակությանը դաստիարակում, ուղղորդում են: Ես ինքս թոռնիկներ ունեմ, որոնք շուտով պիտի բանակ գնան, սարսափում եմ էն մտքից, որ էս միջավայրում են մեծանում, ու չես կարա իրանց պաշտպանես: Մեծ թոռս շատ ա սիրում երգիծական հաղորդումներ նայել, բայց ես ուղղակի գժվում եմ էն մտքից, որ էդ մարդիկ իրա համար չափանիշ են, որովհետեւ կան ճանաչված դեմքեր, որոնք պլանքյաշներ են, բայց հո չե՞ս կարա էդ մասին երեխեքին ասել: Եթե պիտի գրեք, ուրեմն` գրեք. կա հեռուստատեսություն, որի հաղորդավարների մեծ մասը պլան օգտագործողներ են, ու էդ հեռուստատեսության տերերը շատ լավ գիտեն էդ մասին, որովհետեւ էդ մարդիկ ծխած եթեր են դուրս գալիս»: 62-ամյա այս տղամարդը հասարակությանը կոչ է անում հեռուստատեսային դեմքերին կուռք չսարքել, որովհետեւ ճանաչելով նրանց անձնական նախասիրություններն ու հակումները` կարելի է համոզվել, որ վերջիններս նույնիսկ վտանգավոր են հասարակության համար: Վարորդ Սիմոնը նույնիսկ պատրաստ է հեռուստաընկերության եւ մարդկանց անուններ տալ, սակայն գիտակցելով, որ այսօր «շոու-բիզնեսի» ներկայացուցիչներն իրենց լծակներով «ուժեղ են»` ասում է` «Եթե անուն տամ, նախ ձեր պոչին կնստեն, որ ինձ գտնելու փորձեր անեն, հետո էլ` ես պրոբլեմներ կունենամ: Արդյունքում կտուժենք թե՛ ես, թե՛ դուք: Դրա համար էլ ավելի լավ ա, որ ձեր թերթով կոչ անեք, որ էս ջահելները զգույշ լինեն, իսկ հեռուստատեսության վերահսկողները վերանայեն, թե ովքեր են էսօրվա հաղորդավարներն ու շոումենները: Ուշադիր լինելու դեպքում հնարավոր չի չնկատել պլանքյաշներին: Թե չէ` փողոցների մարմնավաճառներից գոնե կարողանում ենք մեր երեխեքին ապահովագրենք, իսկ եթերի մարդիկ գալիս են մեր տներ ու մեզ բաներ են թելադրում,- զայրացած ասում է վարորդ Սիմոնն ու վստահեցնում է, որ թմրամոլներից շատերն այսօր մեր հասարակության կողմից սիրված դեմքեր են,- մարմնավաճառին ընտրում ես, կամ չես ընտրում, իսկ հեռուստատեսային դեմքն իր ներկայությունն ամեն օր իրեն պարտադրում ա քեզ հեռուստաէկրաններից»:

Բաց սահմաններ ու կին-տղամարդ հարաբերություններ

Վարորդ Գուրգենն էլ հեգնելով հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն՝ ասում է, որ այդպիսով հայ կանանցից շատերի հնարավորությունները մեծանում են: «Եթե առաջ ահագին դժվարությունների միջով էին անցնում, որ գնան Թուրքիա ու ծախվեն թուրք տղամարդկանց, ապա վաղն էդ ճանապարհը բացվելու ա: Թուրքերն իրանց ոտով կգան մեր կնանիքին առնելու: Էդ ո՞վ չգիտի, որ փող աշխատելու անվան տակ հայ կանայք գնում, թուրքերին են ծախվում, իսկ հիմա արդեն ճանապարհը կբացվի, ու հնարավորությունները կմեծանան: Ինչպես կասեր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեր տնտեսական հնարավորությունների շրջանակը բաց սահմանների դեպքում մեծանում ա: Էսօր սահմանին մոտ կանգնած գյուղացիք անհանգստանում են, որ իրենց բերքի գները կէժանանան, բայց չեն բարձրաձայնում էն մասին, որ հես ա հայ կնանիք սկսելու են լավ առեւտուր անել թուրքերի հետ: Համ էլ մի մոռացե՛ք, որ էսօր հայ տղամարդը կաշկանդված, խեղճացած ա, ու կնանիքին զսպելը շատ դժվար ա: Իսկ թուրքերը փող ունեն, շատ փողգ»,- ասում է Գուրգենն ու վստահեցնում, որ եթե անբարո կանանց համար այսօր կռվախնձորի «առարկա» է ազգությամբ պարսիկ, փողատեր «հաճախորդ» ունենալը, ապա վաղն այդ դեֆիցիտը լրացնելու են թուրքերը: «Իրականում էս ամենը շատ ցավոտ ա, որովհետեւ ազգը կործանվում ա, մարդկանց արժեքային համակարգը զրոյական ա դարձել: Պարսկական բեռներ տեղափոխող մի ընկերություն կա, որտեղ պարսիկ վարորդներն ամեն գիշեր հայ կանանց վարձելու հնարավորություն ունեն: Ամեն անգամ մեր կանանց հայհոյելով` հասցնում եմ դրանց մոտ: Հավատացե՛ք, որ նույնիսկ ամաչում եմ մանրամասներ պատմել,- ասում է վարորդ Գուրգենը ու արդարացիորեն մեղադրում ոչ միայն մարմնավաճառությամբ զբաղվող կանանց,- Ամբողջ ազգն ա մտածելակերպը փոխել: Ազատություն էին ուզում, բայց անառակ դարձան: Մեր ջահելներին թվում ա, թե լկտիությունն ու անբարոյականությունն ազատություն ա, բայց ազատությունը` գայթակղություններին ու դժվարություններին դեմ գնալու ուժն ա»:

«Քաղաքը սեփականաշնորհված ա»

Վարորդ Կարենին զայրացնում են մեր հարցերը. «Մարմնավաճառներն էլ, գալուբոյներն էլ միշտ եղել են, բայց ուշադրության կենտրոնից դուրս են եղել: Դուք եք նրանց դարձնում քննարկման առարկա, որը շատ սխալ ա: Ես թերթ չեմ կարդում, բայց բոլոր ալիքներով էլ ցույց են տալիս, ու էդ կերպարները մեզ համար դարձել են սիրելի: Փաստն էն ա, որ ինչքան շատ են էդ մասին խոսում` էնքան դրանք իրանց տեղն ամրապնդում են ու հայտնվում ուշադրության կենտրոնում: Ես չեմ հասկանում, թե իմաստը ո՞րն ա, որ մարմնավաճառներին ու գալուբոյներին էդքան տեղ եք տալիս, ա՛յ դրա համար էլ դրանք դարձել են սովորական երեւույթներ: Չգիտե՞ք, որ մի բանի մասին ինչքան խոսում են` էնքան էդ երեւույթը թույլատրելի ու սովորական ա դառնում: Եթե առաջ բոլորը դատապարտում էին էդ արատավոր երեւույթները` հիմա արդեն էնքան ենք տեսնում ու խոսում, որ ուշադրություն էլ չենք դարձնում: Գիտե՞ք, զարմանում եմ էս ժուռնալիստների վրա: Դուք ավելի լավ ա` գնացեք գրեք, թե, օրինակ` ինչի՞ համար են հիմա էլ օրենք հանում, որ մեքենաները մգեցված ապակիներ չունենան: Դա ո՞ւմ բիզնեսն ա: Կարելի՞ ա սովորական մեքենա քշողի համար ամեն օր մի ծախս ու պրոբլեմ սարքել: Պարկեշտ մարդկանց իրավունքների մասին գրեք, ոչ թե` մարմնավաճառների: Գրե՛ք, որ տաքսու վարորդն ամեն մի փողոցում կանգնելու ընթացքում հաճախորդ վերցնելիս պարտավոր ա ստայանկի համար 100-200 դրամ էլ մայթին կանգնելու համար վճարել: Քաղաքը սեփականաշնորհված ա, մայթերը վճարովի: Հասկանո՞ւմ եք, մեր քաղաքում մեքենա կանգնացնելու համար մենք պիտի վճարենք մայթի էն զըռ գույներով կուրտկա հագած տղուն»,- ասում է Կարենն ու խնդրում այլեւս չշարունակել զրույցը: