Փորձեք հասկանալ

07/11/2009

«Մենք բանակցություններ ենք վարում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք վարվում են Մադրիդյան առաջարկների հիման վրա: Մինչ այսօր երկու սկզբունքի վրա են կոնցենտրացվել բանակցությունները, եւ մենք շարունակում ենք քննարկումները»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եռանախագահները այս անգամ տարածաշրջան գալով` իրենք արդեն հայտարարել էին դրա մասին, որ խոսելու են նաեւ ԵԱՀԿ-ի նախարարների կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ. գիտեք, որ դեկտեմբերի սկզբին Աթենքում կայանալու է ԵԱՀԿ-ի 56 անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը»,- խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի մասին՝ ասել է նա: Հարցին` արդյոք Ղարաբաղյան հիմնախնդիրը մո՞տ է հանգուցալուծմանը, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է. «Երբ մենք ասում ենք` բանակցություններ ենք վարում Ղարաբաղի հարցի հանգուցալուծման, դա չի նշանակում, որ մեկ ամիս հետո մենք դա հնարավորություն կունենանք հանգուցալուծել: Բազմիցս ասվել է, որ պետք է իրատեսական լինել: Երբ մենք գանք համաձայնության այդ երկու սկզբունքների շուրջ` մենք կշարունակենք մեր բանակցությունները այլ սկզբունքների շուրջ. տասից ավելի սկզբունք կա այդ փաստաթղթում: Եվ երբ մենք համաձայնենք, այդ սկզբունքների վերաբերյալ ինչ-որ համաձայնության գանք, այն ժամանակ մենք կսկսենք բանակցությունները պայմանագրի նախագծի, որը կվերաբերի Ղարաբաղի հարցի հանգուցալուծմանը: Դա բավական երկարատեւ եւ բարդ գործընթաց է, խոսքը չի գնում, որ վաղը կամ մյուս օրը, կամ մեկ ամիս, երեք ամիս հետո հարցը լուծված է լինելու: Գլխավորը նա է, որ կա որոշ դրական զարգացում, որովհետեւ գիտեք, որ արդեն յոթերորդ հանդիպումն էր կազմակերպվել նախագահական մակարդակով, եւ այս բանակցությունները շարունակվում են»:

Ի դեպ, երեկ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը պատասխանել է նախօրեին Է. Նալբանդյանի արած այն հայտարարությանը, թե «այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂ կարգավիճակի հարցը»: «Մենք օգտագործում ենք «ազգերի ինքնորոշում» հասկացությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, իսկ հնարավոր ինքնորոշման մեխանիզմները կարող են լինել բանակցային գործընթացի առարկա: Նալբանդյանը հրաշալի գիտի, թե ինչ հարցերի շրջանակ է քննարկվում բանակցային գործընթացում»,- ասել է Պոլուխովը` նշելով, որ այդպիսի հայտարարություններն արվում են ներքին լսարանի համար: