Դժվար չէր ենթադրել, որ իշխանություններն ամեն կերպ փորձելու էին խոչընդոտել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայանալիք ընտրություններում «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին: Մինչեւ երեկ ավելի լավատեսները կարծում էին, որ իշխանությունը կկիրառեր իրեն ավելի բնորոշ ու հոգեհարազատ մեթոդները` լցոնումներ, սափրագլուխներ, ահաբեկումներ եւ այլն: Սակայն երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել է Ն. Փաշինյանին վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել: Ն. Փաշինյանի լիազոր-ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված նամակով Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը տվել է հետեւյալ պարզաբանումը. «Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 26.02.2008 թվականից մինչեւ 07.07.2009 թվականը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»: Ոստիկանության սույն ստորաբաժանման տեղեկանքը ոչ միայն իրավաբանական, տրամաբանական, ժամանակագրական, աշխարհագրական անհեթեթությունների գլուխգործոց է, այլեւ, ըստ էության, հաղորդում է` ՀՀ Ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս տեղեկանքից նախ ստացվում է, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրվող, մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ «զանգվածային անկարգություններ կազմակերպած», մարդկանց «հոգեխանգարմունքի մեջ գցած» Ն. Փաշինյանը փետրվարի 26-ից Հայաստանում չի եղել: Նա Հայաստանում չի եղել նաեւ 2009 թվականի հուլիսի 7-ին, երբ ինքնակամ ներկայացել է ՀՀ Գլխավոր դատախազություն (ինչպես մարտի 1-ի, այնպես էլ հուլիսի մեկի իրադարձությունները տեսանկարահանված եւ պաշտոնապես արձանագրված փաստեր են): Եվ վերջապես ստացվում է, որ Հայաստանի Հանրապետության վարչական տարածքում չի գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայության մեկուսարանը, որտեղ` կրկին ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պահվել է Նիկոլ Փաշինյանը ինչպես հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո: Իրականում այս անհեթեթությունը ընդամենը իշխանությունների վախի վկայությունն է: Այսինքն` իշխանությունները հաշվարկել են, որ նույնիսկ «ավանդական ընտրակեղծիքներով» չեն կարողանալու կանխել Նիկոլի հաղթանակը եւ որոշել են «հարցը փակել» նման ձեւով: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները երեկ հայտնել են, որ այս որոշումը բողոքարկելու են դատական կարգով` դատարանից պահանջելով պարտավորեցնել Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությանը՝ տրամադրել տեղեկանք Նիկոլ Փաշինյանի բնակության վայրի վերաբերյալ: