Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը Հայաստանում արդեն բիզնես ծրագրեր է իրականացնում: Հիշեցնենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իշխանությունները ցանկանում են սփյուռքի երեք ավանդական կուսակցություններին Հայաստանում միավորել համագործակցության մեկ ընդհանուր դաշտում` «կառուցողական եւ կառավարելի ընդդիմություն» ունենալու նպատակով: «Դաշնակցությունը» դուրս եկավ կոալիցիայից: ՀՌԱԿ-ին զուգահեռ վարչապետ Տիգրան Սարգսյանը ստեղծեց ինչ-որ Արմենական Ռամկավար կուսակցություն: Ամեն դեպքում՝ այս երկու ավանդական կուսակցությունները առանձնապես մեծ խնդիրներ չեն առաջացրել իշխանությունների համար: Խնդիր կա, սակայն, ՍԴՀԿ հայաստանյան կառույցի հետ, որն անդամակցում է Հայ Ազգային կոնգրեսին: Եվ այդ կառույցը Կոնգրեսից պոկելու համար իշխանություններն արդեն համաձայնության են եկել ատենապետ Ս.Աճեմյանի հետ: Ու դրա դիմաց, մեր տեղեկություններով, իշխանությունները Հանքավանում Աճեմյանին տվել են մի խոշոր շինություն: ՍԴՀԿ ատենապետը, ով ԱՄՆ-ում բիզնեսներ ունի, Հայաստանում ցանկանում է զբաղվել տուրիզմով: Հիշեցնենք, որ Հայաստանում բիզնեսներ ու խոշոր սեփականություններ ունեն սփյուռքի բոլոր երեք ավանդական կուսակցությունների գրեթե բոլոր ղեկավարները: Եվ ՍԴՀԿ-ն նույնպես ցանկանում է մայր հայրենիքից իր բաժինն ունենալ: Եվ պատահական չէ, որ մոտ մեկ ամիս առաջ Երեւանում ու Ծաղկաձորում տեղի ունեցած ՍԴՀԿ համագումարից հետո Ս.Աճեմյանը Երեւանում գրեթե չէր լինում: Նա հիմնականում Հանքավանում էր: Մեր տեղեկություններով՝ ՍԴՀԿ ատենապետն այնտեղ զբաղված էր իր իշխանությունների տրամադրած շինությունը հյուրանոցային համալիր դարձնելու աշխատանքների կազմակերպմամբ: Հայաստանում Ս.Աճեմյանի բիզնես հետաքրքրությունների մասին փորձեցինք տեղեկություններ ստանալ իր կուսակցությունից: ՍԴՀԿ մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանը, սակայն, հրաժարվեց մեկնաբանել այդ լուրերը: