Մրցութային հանձնաժողովը բերեց փակ, կնքված ծրարը, ստուգեց կնիքի
առկայությունը, բացեց ծրարը եւ նոր պարզեց՝ թե ով է միակ հայտ
ներկայացնողը, թեեւ դահլիճում պոտենցիալ գնորդներից միայն Բ.Սարգսյանն էր
նստած։ Ամեն ինչ բեմադրված էր, իսկ գլխավոր բեմադրիչը լավ ներկայացում
սարքելու ջանք անգամ չէր թափել, ինչո՞ւ տանջվել, եթե հանդիսատեսը չի
ընդվզի՝ վատ խաղ տեսնելով։ Ստուգվեց պարտադիր փաստաթղթերի քանակը, տրվեցին
անհրաժեշտ մեկնաբանություններն ու տրիվիալ հարցերը, որոնց ներկայանալի եւ
իր գինը լավ իմացող Բ.Սարգսյանը պատասխանում էր առանց խանդավառության,
սակայն չափազանց ինքնավստահ։ «Փաստաթղթերը պատրաստել են Գաֆէսճեան
ընտանիքի հիմնադրամի իրավաբանները։ Կառավարության որոշման բոլոր
դրույթներն, ըստ էության, այս փաթեթում ապահովված են»,- ասաց նա։
Հանձնաժողովը թերեւս մտահոգված էր գլխավոր խնդիրը պարզաբանելով, ուզում էր
հասկանալ՝ ո՞վ է գնում «Հայֆիլմը»՝ Գաֆէսճեան հիմնադրա՞մը, թե՞ «Արմենիա
ստուդիոզը»։ Եվ ճշտելով, որ հիմնադրամը հանդիսանում է «Արմենիա TV»-ի
բաժնետերը, որն իր հերթին «Արմենիա ստուդիոզի» բաժնետերն է, ներկայացված
հայտում այլեւս անհասկանալի կետեր չգտավ։
New «Արմենիաֆիլմ»
Նոր «Հայֆիլմը» նոր բաժնետերեր է ունենալու։ Ըստ Բ.Սարգսյանի՝ այն շատ
կարճ ժամանակահատվածում դառնալու է տարածաշրջանի եզակի կինոընկերություն։
«Երկու տարի հետո դուք «Հայֆիլմը» չեք ճանաչի»,- ասաց նա: Կապիտալ
շինարարության եւ վերանորոգման ընդարձակ ծրագրերն «Արմենիա ստուդիոզը»
սկսելու է մրցույթը շահելուց անմիջապես հետո եւ ավարտելու է երկու տարի
անց։ «Նորովի կառուցված, նորագույն օդային եւ ջեռուցման համակարգերով
հագեցած կառույց կտեսնեք՝ ասֆալտապատած ճանապարհներով։ Արդեն հրավիրվել են
մի խումբ մասնագետներ, ովքեր անհրաժեշտ չափումներն են անելու եւ
կահավորելու են կինոստուդիան հոլիվուդյան գերարդիական ստուդիաների
օրինակով։ Ֆիլմերը կնկարահանվեն երկու եղանակով՝ ավանդական
կինոժապավեններով եւ թվային տեխնիկայով»,- խոստացավ նա։ Կունենա
ժամանակակից «Կոդակ» լաբորատորի, ժապավենը թվայնացնող եւ վերականգնող «Դա
Վինչի» ֆիրմայի տեխնիկա, բազմաթիվ կինոխցիկներ եւ մոնտաժային
սարքավորումներ։ Տեխնիկական վերազինումը երկու տարուց շուտ է ավարտվելու,
իսկ ֆիլմերի թվայնացումը սկսվելու է անհապաղ: Բ. Սարգսյանը ցանկացավ, որ
հանձնաժողովը ոչ թե ներդումների կոնկրետ թվեր եւ ձեւեր պահանջի, այլ
ուշադրությունը սեւեռի սպասվելիք աշխատանքների փաստի վրա։ Եվ նաեւ գնահատի
համարձակ համատեղ նախագծեր ստեղծելու ցանկությունը։ Վերջերս Հոլիվուդում
հայտնի ռեժիսոր Ռոբերտ Օլթմենի ֆիլմը, որն այս տարվա «Օսկարի» հավակնորդ
է, նկարահանվել է Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ, եւ
Բ.Սարգսյանի ներկայացրած ծրագրում ցանկություն կա, որ մեկ այլ նմանատիպ
խոշոր ֆիլմ Հայաստանում նկարահանվի։ Տասը տարվա ընթացքում «Արմենիա
ստուդիոզն» ի դեմս Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամի, պարտավորվում է ներդնել
30 մլրդ դրամ եւ պետպատվերի շրջանակներում ֆիլմեր է նկարահանելու: «Անելու
ենք, եթե նույնիսկ դա ֆինանսապես մեզ ձեռնտու չլինի»,- ասաց Բ. Սարգսյանը:
Պետպատվերների ցուցակը տրամադրել է Մշակույթի նախարարությունը:
Ավա՞րտ, թե՞ սկիզբ
Մրցույթը մի քանի տարիների ընթացքում կուլիսների ետեւում պատրաստած
բեմադրության ցուցադրումն էր: Թատրոնի կանոնները հերոսների բախում են
ենթադրում։ Կամ շահերի։ Դեռեւս անցյալ տարի էր նախատեսվում «Հայֆիլմը»
հանձնել Գաֆէսճեան հիմնադրամին՝ 600.000 դոլար պարտքի դիմաց։ Սակայն
սեփականաշնորհումն այն ժամանակ չկայացավ, խաղաքարտերը շատ էին բաց։
Որոշվեց ամեն ինչ անել քայլ առ քայլ եւ օրենքի համաձայն։ Անցկացվեց գույքի
օտարման գործընթացը, բաց մրցույթ հայտարարվեց, խաղահրապարակ մտավ մեկ այլ
հավակնորդ՝ Խաչիկ Խաչիկյանը, ով կինեմատոգրաֆիստների շրջանում գրեթե
հրաշագործ էր համարվում։ Պայքարի պատրանք նշմարվեց։ Բացի այդ երկու
թեկնածուներից, ետին պլանում կար նաեւ Արա Աբրահամյանը, թեեւ նա ավելի վատ
խաղաքարտեր ուներ: Մենք ապրում ենք վիրտուալ աշխարհում, մինչեւ վերջ չենք
կարող հասկանալ, թե ով ում ետեւում է կանգնած, ում ետեւում է թաքնվում եւ
ինչ է իրականում ուզում։ Խաչիկյանը հայտնվեց, իր վրա ուշադրություն
հրավիրեց եւ արագ անհետացավ բեմից։ Նույնիսկ «Հայֆիլմի» դեռ գործող տնօրեն
Գեւորգ Գեւորգյանը չգիտի կամ ձեւացնում է թե չգիտի՝ ինչո՞ւ Խաչիկյանը հայտ
չներկայացրեց։ Իսկ կինոյի ճակատագրով հետաքրքրվող մարդիկ՝ քննարկելով
Խաչիկյանի թեկնածությունը, հասցրին մոռանալ, որ Հայաստանի
Հանրապետությունը մինչ օրս Գաֆէսճեան ընտանիքի հիմնադրամին չի փոխհատուցել
600.000 դոլար պարտքը (կա 2002 թվականի հիմնադրամի եւ Երեւանի
քաղաքապետարանի միջեւ կնքված նպատակային փոխառության պայմանագիրը, որը մեկ
տարով հետաձգվեց, բայց այդպես էլ չկատարվեց), իսկ «Հայֆիլմի»
սեփականաշնորհման մեկնարկային գինն էլ հենց 600.000 դոլար է նախատեսվել։
Բ. Սարգսյանը նշեց, որ իրենք պատրաստ են մեկնարկային գումարից՝ 266 մլն
դրամից ավելի վճարել՝ 350 մլն դրամ, այսինքն՝ մոտ 700.000 դոլար։
Մրցութային հանձնաժողովը իր վճիռը դեռ չի կայացրել։ «Չենք ուզում ոտքի վրա
որոշում կայացնել, պետք է մանրամասն ուսումնասիրել փաստաթղթերը, գուցե մեզ
հավելյալ փաստաթղթեր էլ պետք կգան»,- ասաց հանձնաժողովի նախագահ Աշոտ
Մարկոսյանը։ Վարագույրը փակվելուց առաջ լավ ռեժիսորը հասցնում է
պարզաբանել բոլոր հերոսների հարաբերությունները եւ տպավորիչ դադար է
կազմակերպում։ Դադարը տեւելու է երկու օր եւ այսօր ժամը 14.00-ին
վարագույրը փակվելու է։ Հանձնաժողովը հայտը մերժելու ոչ մի իրավաբանական
հիմնավորում չունի: Չունի նաեւ նման նպատակ: Այսպիսով, Գաֆէսճեան ընտանիքի
հիմնադրամին պատկանելու է երկու կինոընկերություն՝ «Արմենիա ստուդիոզը» եւ
ենթադրվող անվանումով՝ «Արմենիաֆիլմը»: Եվ ֆիլմեր ու մուլտֆիլմեր
նկարահանել ցանկացողները պետք է այսուհետ Գաֆէսճեան եւ Սարգսյան
ընտանիքների աչքը մտնեն, բարեկամական հարաբերություններ հաստատեն, եթե
ցանկանում են շարունակել ֆիլմեր նկարահանել: Ընդ որում, 50 տարի
«Հայֆիլմը» վարձակալելուց հետո այդ ընտանիքներին տրվելու է այն գնելու
առաջնահերթություն: