«Հայ Ազգային կոնգրեսն այսօր միակ քաղաքական ուժն է երկրում, որն ունակ է տասնյակ-հազարավոր մարդկանց դուրս բերել փողոցներ, սակայն դա ինքնանպատակ չէ»,- ռուսական «ՁՐցՊ» թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Միջազգային հանրության կողմից աջակցության ամենակիզակետային պահին մեր ֆալստարտը թույլ կտար ներկայացնել մեզ որպես ծայրահեղական գաղափարի տեր ազգայնականների, որոնք խանգարում են խաղաղարար ծրագրերի իրականացմանը: Քանի որ աշխարհի ժողովրդավարական երկրները տվյալ պահին հակված են փակել աչքերը Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատության զանգվածային խախտումների վրա, միայն թե չխոչընդոտեն տարածաշրջանում խաղաղ գործընթացին, ապա գործող ռեժիմի համար հեշտ կլիներ մեկուսացնել եւ թուլացնել մեր շարժումը»,- խոսելով ՀԱԿ-ի որդեգրած ներկայիս դիրքորոշման մասին՝ ասել է Զուրաբյանը: Նրա խոսքով`ավելի քան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն կայունացնել իրավիճակը երկրում: «Տնտեսական անկումը Հայաստանում այսօր աշխարհում ամենառեկորդայիններից է: Կաշառակերությունը քայքայում է պետությունը, հասարակությունը, տնտեսությունը: Հասկանալի է դառնում, որ շատ շուտով հայ հասարակությունը կթեւակոխի ճակատագրական արտաքին եւ ներքաղաքական գործընթացների հորձանուտ, որտեղ ՀԱԿ-ին նախատեսված է վճռորոշ դեր»,- եզրափակել է ՀԱԿ-ի ներկայացուցիչը: