Նուբարաշենի աղբավայրին կից գտնվող խոզաբուծական ֆերմայի գոմերում ապրում է տասնհինգ ընտանիք: Խոզերի գոմում ճաղավանդակներով եւ բարակ պատերով բաժանված սահմանագիծը մարդկանց եւ անասունների կացարանի արգելապատնեշն է: Բայց կենցաղը նույնն է: Խոզերն ու մարդիկ քնում, արթնանում եւ ապրում են միեւնույն շինության մեջ: Խոզաբուծական ֆերմայի գոմերում ապրող տասնհինգ ընտանիքների անդամները հազվադեպ են «մարդամեջ» դուրս գալիս, քանի որ հասարակական տրանսպորտի միջոցները այս տարածքում երբեւէ չեն լինում: Շաբաթը մեկ անգամ ոտքով կիլոմետրեր են կտրում Նուբարաշենի կամ Էրեբունու խանութներից գնումներ կատարելու համար: Գոմերում ապրող քաղաքաբնակ այս մարդիկ պատկերացում չունեն, թե ո՞վ է իրենց տարածքի պատգամավորը, ո՞վ է համայնքի ղեկավարն, ու առհասարակ, ովքե՞ր են ներկայացնում Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Դրա համար էլ չեն բողոքում: Չգիտեն՝ ո՞ւմ բողոքեն ու ումի՞ց արդարություն պահանջեն: Մանկահասակ երեխաները երազանք չունեն, ու իմ հարցերին ի պատասխան, թե՝ ի՞նչ ես երազում` շփոթվելով կարկամում են:
40-ամյա Նելլի Արշակյանն ամուսնու եւ երեք երեխաների հետ ապրում է խոզերի գոմում, որի սենյակը նրանց կացարանից բաժանվում է մի «պայմանական» պատով: Պատը ոչ այնքան ամրապատ է, որքան հոգեբանական խաբկանք: «Գոնե մեզ հույս ենք տալիս, իբր խոզերի հետ չենք ապրում, բայց փաստն էն ա, որ ապրում ենք: Էս գոջիների ճղճղոցն էնքան ուժեղ ա, որ մենք պիտի գոռալով խոսանք, որ իրար լսենք»,- ասում է Նելլին, ում «տունը» նույնքան խոնավ ու թաց է, որքան ցեխոտ ու գաղջ սովորաբար լինում է անասնագոմերում: Նելլիի երեք երեխաների մոտ հաճախ դեպրեսիվ տրամադրություն է լինում, որովհետեւ երիտասարդները գոմում ապրելու մտքի հետ չեն կարողանում հաշտվել: Արդեն յոթ տարի է, ինչ Նելլին ամուսնու եւ երեք երիտասարդ երեխաների հետ գոմում է ապրում: Գեղարքունիքի մարզի Վարդենիսում ապրող այս ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որովհետեւ գյուղում «սովից մեռնում էին»: Նելլին ասում է` «Չէինք կարում ապրեինք: Ոչ գործ կար, ոչ էլ ապրելու միջոց: Եկանք էստեղ, որ խոզաբուծականում աշխատեինք, ու մնացինք գոմում: Հետո էլ ասում են՝ գյուղից մարդիկ քոչում են: Բա ի՞նչ անենք, որ ապրելու հնար չկա, որ գյուղում մարդիկ սովամահ են լինում: Ճիշտ ա, հիմա գոմում ենք ապրում, բայց գոնե գիտենք, որ խոզ պահելով՝ հացի փող ենք աշխատում»: Նելլիի որդին` Գեւորգը, զինվորական ծառայությունը ներկայումս անցկացնում է Ղարաբաղի Մարտունու շրջանում: Գեւորգը հաստատ ծառայության ընթացքում իրեն ավելի բախտավոր է զգում, քան Նելլիի մյուս երեխաները` գոմում ապրող Գոռն ու Գայանեն: Ութերորդ դասարանցի Գայանեն պարբերաբար կուչ է գալիս անկյունում ու թաքուն լաց է լինում, որովհետեւ դպրոցից գոմ վերադառնալու ճանապարհը իրեն տանջում է: Դասարանցիներից ամաչում է, որովհետեւ դասերից հետո բոլորը շտապում են իրենց տաքուկ տները, իսկ ինքըգ Նելլին ասում է` «Մեր կյանքը ահավոր ա: Խոզերի հետ, խոզերի կենցաղով: Ես խոզերին կերակրում եմ, իսկ ամուսինս մեքենա ա քշում, վարորդ ա: Խոզերին կամ կերն ա տեղափոխում: Երեխեքն էլ մեզ օգնում են: Նույնիսկ ամաչում եմ ասել, բայց երկու-երեք ամիսը մեկ ենք լողանում: Ոչ զուգարան, ոչ բաղնիք, ոչ էլ ջուր ունենք: Ահագին ներքեւ ենք իջնում, որ վեդրոներով ջուր կրենք: Մենակ էս խոզերի հոտի մեջ ապրելը հերիք ա, որ քեզ խոզ զգաս: Ասենք` խոզից ինչո՞վ ենք տարբերվում»:
7 տարի խոզի գոմում ապրող Նելլի Արշակյանը վստահեցնում է, որ երբեւէ որեւէ մեկին չեն դիմել կացարան տրամադրելու հարցով, որովհետեւ նախ՝ չգիտեն ո՞ւմ դիմել, բացի դա՝ հույս էլ չունեն, որ իրենց խնդրանքին կարձագանքեն: Նելլիի համար ղեկավարությունը մեկն է` խոզաբուծական ֆերմայի տնօրեն Վահան Կարապետյանը, ով բարեխիղճ մարդ է եւ գոմում ապրող այս մարդկանց, աշխատանքով ապահովելուց բացի, խոզերի գոմից չի վռնդում: Խոզաբուծական ֆերմայում հանգրվանած տասնհինգ ընտանիքները չգիտեն՝ ինչ բան է պետությունը, իշխանությունը, իրավունքն ու Սահմանադրությունը, որտեղ մարդու կյանքը գնահատվում է իբրեւ բարձրագույն արժեք: Այն պետությունը, որտեղ պարբերաբար «ասուլիսախեղդ» անելով՝ մարդու իրավունքի գերակայության «նվաճումներ» են հրապարակվում: