Բիզնես, որը հենվում է լեգենդի վրա

07/11/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Հոկտեմբերի 15-18-ը ուկրաինական «Նեմիրոֆֆ» ընկերությունը, որը եվրոպական օղու շուկայում առաջատար դիրքերում է, ճանաչողական բնույթի տուր էր կազմակերպել ԱՊՀ երկրների լրագրողների համար:

Ծրագրում ոչ միայն օղու գործարանի ու թվերի հետ ծանոթացումն էր, այլեւ այցելություն Եվրոպայի ուղիղ կենտրոնում գտնվող Վիննիցայի շրջան, որտեղ է եւ Նեմիրով փոքրիկ քաղաքը: «Ոչ խաղաղ»` այսպես կարելի է թարգմանել այդ քաղաքի անվանումը, թեպետ եւ՛ քաղաքը, եւ՛ ամբողջ շրջանը զարմանալի խաղաղ ու գեղեցիկ մի վայր են: Այդտեղ մետալուրգիական ու քիմիական գործարաններ չկան: Դաշտերը, անտառներն ու գետերը պահպանել են այն նախաստեղծ գրավչությունը, որը բոլորին հուշում է` բնությունը ոչ թե նվաճել կամ մարդուն հնազանդեցնել է պետք, այլ` խնամքով օգտագործել: Պատմում էին, որ այդ հողերում թխվում է աշխարհի ամենահամեղ հացը, աճում են ամենահյութեղ սնկերը, իսկ դաշտերում հասունացող կարտոֆիլը ֆուտբոլի գնդակի չափի է հասնումգ Եվ պատահական չէ, որ էկո-տուրի կազմակերպիչներն անընդհատ ընդգծում էին ֆոլկլորի ու մեր օրերի կապը` ներկայացնելով իրենց հայրենիքը՝ որպես դրական աուրա ունեցող մի վայր:

«Նեմիրոֆֆի» կազմակերպած էկո-տուրը, բացի գովազդային նպատակներ հետապնդելուց, նաեւ ենթատեքստ ուներ, քանի որ ցանկացած հանդիպման ու միջոցառման հիմքում լեգենդ էր նկատվում: Լեգենդներն ընդհանրապես ամեն ինչի հիմքում են, եւ բիզնեսի ոլորտում հաջողակ ու կայուն դիրքեր զբաղեցնող «Նեմիրոֆֆը» դա լավ հասկանում է:

«Այսօր ցանկացած բիզնես ինքն իրեն առաջ տանելու համար բազմաթիվ լեգենդներ է ստեղծում, եւ դրանցից շատերը հնարվում են «PR» ծառայությունների կողմից: Մենք այդպես չենք վարվում ու ոչինչ չենք հնարում, մենք հիմնվում ենք մեր պատմության վրա: Էկո-մաքրությունը մեզ համար «PR» չէ, դա մեր գործիքն է, մեր ապրելակերպն է»,- ասաց «Նեմիրոֆֆ» հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Գլուսը:

Վիննիցայում պարարտ հողեր, շատ ցորեն ու մաքուր արտեզյան աղբյուրներ կան (հայաստանցի լինելով` չէիր կարող չնախանձել բերրի հողերի նման շռայլությանը), որոնք եւ կազմում են օղու արտադրության հիմքը: Հենց այստեղ է 19-րդ դարում հիմնվել առաջին «գուռալնյան»` գինի եւ սպիրտ արտադրող գործարանը (Շչերբատովա-Ստրոգանով կոմսական տոհմի շնորհիվ): Ի դեպ, «Նեմիրոֆֆը» վերականգնել է կոմսական դղյակն ու այգիները` ցանկանալով ընդգծել օղու արտադրության ավանդական շղթան: Իսկ Պոդոլյե շրջանում բարեկարգել է հանգստյան գոտին, որտեղ փայտե տաղավարներ ու կամուրջներ են տեղադրվել` առանց շքեղ երեւալու հավակնության: Այդ վայրում միայն բնությունն է շքեղ: Ա.Գլուսը վստահ է. «Մեզ շատ է խանգարում սովետական այն սկզբունքը, որը ստիպում է մարդկանց մտածել, թե եթե իմ հարեւանին դա պետք չէ, ինչո՞ւ ես պետք է դրանով հետաքրքրվեմ: Սոցիալական պատասխանատվությունը մեր «թրենդն» է, որը մենք առաջինը ստեղծեցինք Ուկրաինայում: Եվ դա հենց մեզ եւ մեր երեխաներին է պետք: Այս վայրերում այնպիսի ֆանտաստիկ էներգետիկա կա, որը եւ մեզ, եւ մեր օղին լիցքավորում է դրական էներգետիկայով»:

Համեղն ու մաքուրը «Նեմիրոֆֆը» ներկայացնում է այսպես ասած` մեկ փաթեթով եւ աշխարհին ներկայանում է որպես էկոլոգիապես մաքուր արտադրանք թողարկող ու սոցիալական պատասխանատվությունը առաջնային դարձրած ընկերություն` մեծ գումարներ ծախսելով գործարանում մաքրման համակարգեր ու ուտիլիզացման համակարգեր տեղադրելու համար:

 

«Նեմիրոֆֆ» գործարանի շրջակայքում ստերիլ մաքրություն է (շենքում արգելված է ծխելը եւ ուշադրություն է դարձվում կողմնակի բույրերը զատելուն): Ոչ միայն հումքը, այլեւ` փաթեթավորման նյութերը պատրաստելիս նախապատվությունը տրվում է թղթին, ծղոտին կամ փայտին: Իսկ արտադրության մեջ օգտագործվում են այնպիսի մանրէներ, որոնք կարողանում են վերամշակել ապակու թափոններն ու ստվարաթուղթը` դարձնելով դրանք ակտիվ տիղմ, որն էլ հետագայում օգտագործվում է գյուղատնտեսության մեջ: Էկո-մաքրությունը ընկերության համար գիտակցված մոտեցում է: «Մենք դասական օղի ենք արտադրում, իսկ դա նշանակում է, որ բաղադրիչների նվազագույն քանակ ենք օգտագործում` միայն սպիրտ եւ ջուր, իսկ համի որակը ստանում ենք տեխնոլոգիական ճանապարհով, ինչն, իհարկե, թանկ ճանապարհ է: Եթե սինթետիկ փափկեցուցիչներ օգտագործեինք, ապա ավելի էժան օղի կստացվեր»,- ասաց Ա. Գլուսը: