Նախօրեին ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները տարածել էին մի տեղեկատվություն, որի համաձայն, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Թինա Քեյդենաուն իբր ադրբեջանցիներին զգուշացրել է, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայկական հեռուստաընկերությունները, կամ այլ կերպ ասած` պաշտոնական քարոզչությունը այս տեղեկատվությունը մատուցեցին այնպիսի ոգեւորությամբ, այնպիսի մեկնաբանություններով ու գնահատականներով, կարծես միջազգային հանրությունը ԱՄՆ-ի գլխավորությամբ արդեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բնականաբար, Հայաստանի համար ավելի ցանկալի իրադարձություն դժվար է պատկերացնել եւ մեր քարոզչամեքենայի ցնծությունը հասկանալի ու ողջունելի կլիներ, եթե տեղի ունեցածը աղերսներ ունենար իրականության կամ առնվազն քաղաքական գործընթացների տրամաբանության հետ: Անգամ քաղաքականությունից շատ հեռու շարքային հեռուստադիտողի համար (նույնիսկ միայն հայկական լրատվական թողարկումները դիտող) հասկանալի էր, որ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը իրականում չէր կարող նման հայտարարություն արած լինել: Որքան էլ գուցե դա ցանկալի է մեզ համար: Եվ, բնականաբար, երեկ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում ամերիկյան ներկայացուցչությունների միջոցով հերքեց այդ տեղեկատվությունը: Խնդիրը տվյալ դեպքում այն չէ, թե որքան արդարացի կլիներ, եթե իսկապես տիկին Թինան նման հայտարարություն արած լիներ, կամ որքան անարդարացի է, որ չի արել: Կամ որքան ավելի անարդարացի է, որ ԱՄՆ-ը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը պայմանավորում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններով (եթե իսկապես նման հայտարարություն հնչած լիներ): Խնդիրն այն է, թե որքան հեշտությամբ է հայկական կողմը տուրք տալիս նման էժանագին հնարքներին (որի հեղինակները կարող են լինել ինչպես ադրբեջանցիները, այնպես էլ ռուսները կամ նույն ամերիկացիները): Եվ ամենացավալին այն է, որ իրականում սա քարոզչական կամ տեղեկատվական «մտավարժանք» չէ: Այս տրամաբանությամբ եւ այսպիսի մակերեսային մտածողությամբ են առաջնորդվում Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողները: