Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կեդրոնական Վարչությունը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, եւ որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով: «ՍԴՀԿ-ն 123-ամյա կուսակցություն է, որ իր ամբողջ պատմության ընթացքում գործել է եւ այսօր էլ կշարունակի գործել ինքնուրույն: Որպես այդպիսին, մենք հանդիպումներ եւ խորհրդակցություններ կունենանք ոչ միայն մեզ դաշնակից կուսակցությունների, կազմակերպությունների եւ անհատների, այլ նաեւ նրանց հետ, ում հետ մենք ունենք հստակ տարակարծություններ՝ առանց զիջելու մեր սկզբունքներին: Վերջերս կայացած ՍԴՀԿ-ի 19-րդ Համագումարը հաստատեց Կուսակցության հայաստանակենտրոն հանգամանքը ու հստակեցրեց, որ ՍԴՀԿ-ն պիտի շարունակի գործել ընդդիմադիր դաշտում, իր համախոհների հետ միասին, մինչեւ այն պահը, երբ երկրում ազատ չեն արձակվել բոլոր քաղբանտարկյալները եւ չեն հաստատվել օրինականությունը, ժողովրդավարությունն ու սահմանադրական կարգը: Հետեւաբար, Հայաստանի եւ Սփյուռքի մեր ժողովրդին հայտարարում ենք, որ ՍԴՀԿ-ի քաղաքական ուղղությունը պայմանավորված չէ անհատներով, եւ մենք կշարունակենք հավատարիմ մնալ Համագումարի որոշումներին»,- նշված է այդ հայտարարության մեջ: Իսկ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը 7or.am-ի թղթակցին ասել է, որ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը այլեւս ՍԴՀԿ անդամ չէ: Նա պարզաբանել է, որ Վ. Խաչատրյանին կուսակցության կազմում ընդգրկելու որոշումը ՍԴՀԿ կանոնադրության խախտում է, իսկ ՍԴՀԿ-ից նրան հեռացնելով՝ ուղղվել է այդ սխալը: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ վարչությունը հոկտեմբերի 31-ին նիստ էր գումարել եւ դադարեցրել պատգամավորի անդամակցությունը: Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ էլ Վարդան Խաչատրյանին հեռացրել էին «Ժառանգություն» կուսակցությունից: Երկու օր անց ՍԴՀԿ մամուլի քարտուղար Նարեկ Գալստյանը հայտարարել էր, թե ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը կբեկանի այդ որոշումը, իսկ Վարդան Խաչատրյանը ՍԴՀԿ անդամ է: «Նարեկ Գալստյանը սեփական նախաձեռնություն է դրսեւորել, որը մենք պարտավոր էինք կանխել: Չեմ կարծում, թե նա որեւէ մեկի հրահանգն է կատարել: Ինքն ամեն դեպքում մեր խոսնակն է, եւ պարտավոր էր հարգել վարչության որոշումը»,- մամուլի քարտուղարի վարմունքը այս կերպ է մեկնաբանել Լյուդմիլա Սարգսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վ. Խաչատրյանին ՍԴՀԿ ընդունելու, իսկ 7 օր անց կուսակցական անդամությունից նրան զրկելու հետ կապված` ՍԴՀԿ-ում տարակարծություններ եղան: Մասնավորապես ՍԴՀԿ մամլո խոսնակ Նարեկ Գալստյանը հայտարարել էր, որ Վ. Խաչատրյանը շարունակում է մնալ ՍԴՀԿ անդամ, քանի որ կուսակցության կենտրոնական վարչությունն է իրավասու` որոշելու կուսակցական անդամությունից զրկելու հարցը: Անդրադառնալով այս խնդրին, Լ. Սարգսյանն ասել է, որ Ն. Գալստյանը մոլորության մեջ է գցել հանրությանը: «Կուսակցության մամլո խոսնակը բացթողում է կատարել, որի համար մենք նրա հետ զրույց ենք ունեցել եւ բացատրել, որ նա առանց մեզ հետ համաձայնեցնելու որեւիցե մի լուր հայտնելու իրավունք չունի: Նա ներկայացնում է հայաստանյան կառույցը, մե՛ր մամլո խոսնակն է, եւ ինքը, ընդամենը, մոլորության մեջ է գցել»,- ասել է Լ. Սարգսյանը` հավելելով, որ արտառոց ոչինչ ՍԴՀԿ-ում տեղի չի ունենում: