«Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը վկայեցին, որ Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում կարեւորագույն դերակատարություն ունի», – նախօրեին Ստամբուլում հայտարարել է Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը, ով մասնակցում էր թուրքական գործարար շրջանակների կազմակերպած Բոսֆորյան համաժողովին:
«Չնայած Անկարայի գործադրած բոլոր ջանքերին` ցավով պետք է արձանագրեմ, որ Եվրամիությունն ըստ արժանվույն չի գնահատում Թուրքիայի դերը»,- ասել է նա: Համաժողովի մյուս բարձրաստիճան հյուրը` ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նույնպես իր ելույթում բարձր է գնահատել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, կանխատեսելով, որ պաշտոնական Անկարայի վերջին գործողությունները կարող են փոխել տարածաշրջանում առկա ողջ պատկերը: «Միացյալ Նահանգները պատմական առաքելություն ունի` օժանդակել Թուրքիային, որպեսզի այն կարողանա իր ազդեցությունը տարածել ռեգիոնալ բոլոր ուղղություններով,- հայտարարել է Քլինթոնը` ավելացնելով,- 21-րդ դարի մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար Թուրքիան պետք է որդեգրի փոխշահավետ լուծումների մարտավարությունը»: Համաժողովի մասնակիցները խոսել են նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին: Գերհարդ Շրյոդերն այդ առթիվ հայտարարել է. «Պետք է հավատարիմ մնալ նախկինում տրված խոստումներին: Եթե մենք ասել ենք, որ ցանկանում ենք մի օր Թուրքիան տեսնել որպես Եվրամիության լիիրավ անդամ, ապա որեւէ մեկը չի կարող անտեսել այդ պարտավորությունը»: