Ի հեճուկս ՀՅԴ-ի

05/11/2009

«Հայերը 2009 թվականին ավելի շատ են այցելել Անթալիա` չնայած Հայ Հեղափոխական դաշնակցության ակցիաներին` ընդդեմ Անթալիայում հանգստանալու: Անթալիայում աճել է նաեւ ռուս զբոսաշրջիկների թիվը` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,- նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական Antlyahaber կայքէջը: Չնայած համաշխարհային ճգնաժամին` Անթալիա այցելող ռուսների քանակը այս տարվա 10 ամսվա տվյալներով անցել է 2 միլիոնը: Ռուս հանգստացողները դա հիմնականում հիմնավորում են ցածր գներով եւ սպասարկման բարձր մակարդակով: Անթալիայում Ռուսաստանի հյուպատոս Հասանովը նշել է, որ Անթալիայում ապրում է մոտ 10 հազար ՌԴ քաղաքացի: Անթալիայի Տուրիզմի եւ մշակույթի վարչության տվյալներով` այս տարի Անթալիա այցելողների թիվը նվազել է 3.6 տոկոսով` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եւ կազմել է 8 միլիոն 282 հազար զբոսաշրջիկ: Ավանդաբար Անթալիա այցելողների քանակով առաջին տեղում էին գերմանացիները, սակայն այս տարի ռուսները դարձան առաջինը` գերմանացիներին թողնելով երկրորդ տեղում: Հայտնի պատճառներով հատկապես նվազել է Իսրայելից Անթալիա եկող զբոսաշրջիկների քանակը: Այս տարի Անթալիա մեկնողների կազմում աճ են գրանցել հետեւյալ երկրների քաղաքացիները՝ անգլիացիները, ավստրիացիները, ֆրանսիացիները, սլովակները, իրանցիները եւ հայաստանցիները։