Կղզու հափշտակված մասում

05/11/2009 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Խաչը եւ կիսալուսինը՝ Կիպրոսի երկնակամարում

Կիպրոսի պատմությունը դարեր շարունակ փոխնիփոխ ընթացել է այս երկու սիմվոլիկաների արանքում: Մյուս ժամանակներում` էլ ով ասես որ չի տիրապետել եւ շահագործել այս փոքր երկիրը. փյունիկեցիները, ասորիք, պարսիկները, եգիպտացիները, հույները, բյուզանդացիները, արաբները, ֆրանկ-Լուսինյանները, վենետիկցիները, անգլիացիները: Այս խառնաշփոթության մեջ Կիպրոսը նախընտրել է հելլենիզմը եւ Հունական Ուղղափառ եկեղեցին եւ հունարեն լեզուն, որոնց հավատարիմ է առ այսօր: Վենետիկի եւ Լոնդոնի տիրապետության շրջանի արանքում Կիպրոսը երեք հարյուր տարի հեծել է օսմանյան լծի տակ, որի ժամանակ էլ կազմավորվել են երկու համայնքները` կիպրահունական եւ կիպրաթուրքական (միայն 18 %): Կիպրոսը անկախացել է Մեծ Բրիտանիայից 1960-ին: Այժմ հետ գնանք Միջնադար:

…Անգլիական Պլանտագենտների դինաստիայից սերող Ռիչարդ Առյուծասիրտը, կորովի ռազմիկ լինելուց բացի, կարծես նաեւ լավ ստրատեգ էր: Հաշվի առնելով Կիպրոսի աշխարհագրական կարեւոր դիրքը` նա 1191թ., երրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ բյուզանդացիներից նվաճեց կղզին եւ այն դարձրեց կարեւոր հենակետ Միջերկրականի Արեւելյան ավազանում` իր էքսպանսիոնիստական` նվաճողական, ծրագրերի իրագործման համար: Սակայն գոյություն ունի մեկ այլ` ավելի վուլգար, պարզունակ վարկած եւս, որը հրաշալի սյուժե կարող է հանդիսանալ հափշտակիչ վեստեռնի համար: Ուրեմն, Ռիչարդը մտավ Կիպրոս՝ «դաս» տալու համար կղզու կառավարիչ Իսահակ Կոմնինին, որը գրավել էր Կիպրոսի ափերի մոտ նավաբեկության ենթարկված անգլիական նավը եւ առեւանգել նրա վրա գտնվող օրիորդ Բերենգարիա Նավարսկայային` Ռիչարդի քրոջը, միեւնույն ժամանակ՝ հարսնացուին (երեւում է՝ ասպետների օրոք ինցեստը` արյունապղծությունը, դատափետելի չի եղել): Եվ Առյուծասիրտը լրիվ տվեց այդ «դասը»: Նա Լիմասոլի արվարձան Ամատուսում գլխովին ջախջախեց թշնամուն, հողին հավասարեցրեց Լիմասոլը, հետո էլ ամուսնացավ Նավարսկայայի հետ Կոլոս կոչվող ամրոցում, որն այսօր լիմասոլցիների սիրած զբոսավայրերից մեկն է: Ռիչարդի կիպրական արշավանքների մեջ կան մեզ` հայերիս համար հետաքրքրություն ներկայացնող պահեր: Այն ժամանակ, երբ նրա դեմ կիպրացիների հետ ուս ուսի անձնուրացաբար կռվում էին հայերը, Ռիչարդի ամենաարի օգնականը հայ էր` Կիլիկիայի իշխան Լեւոնը, որը Կոլոս ամրոցում քավոր կանգնեց իր շեֆին, իսկ հետագայում դարձավ Կիլիկիայի Լեւոն Բ թագավորը, այդ պետության ամենաուժեղ թագավորներից մեկը: Դժվար է հասկանալ տիրակալների կամակորության դրդապատճառները: Ռիչարդ Առյուծասիրտը որոշեց կղզին ծախել տամպլիերների ասպետական օրդենին` միաբանությանը: Առուծախը չկայացավ, քանի որ միաբանությունը վախենում էր երկիրը կառավարելու դժվարություններից, եւ այն բաժին ընկավ ծագումով ֆրանսիացի, Երուսաղեմի գահընկեց թագավոր Գի կամ Գվիդոն դը Լուսինյանին, որը կղզու համար վճարեց խորհրդանշական մի գումար` 100 հազար դինար: Հետո Լուսինյանները` թողնելով սուրբ քաղաքը, գաղթեցին կղզի եւ հիմնեցին առանձին հարստություն՝ «Կիպրոսի Լուսինյան թագավորությունը», որը սկսվում է 1192թ. եւ հասնում` մինչեւ 1489թ.: (Լուսինյանները եղել են նաեւ Կիլիկիայի հայոց թագավորներ): Հույները Լուսինյանների տիրապետության տարիներն անվանում են «ֆրանկոկրատիայի» շրջան, իսկ կիպրական եւ եվրոպական գրականության մեջ Լուսինյանները գրվում են Լուզինյաններ, եւ նրանց հայկական ծագումը լռության է մատնվում: Լուսինյանների օրոք հայերի վիճակը Կիպրոսում նկատելիորեն բարելավվեց: Նրանք ունեին վանքեր, եկեղեցիներ եւ երեք առաջնորդական թեմ` երեքն էլ եպիսկոպոսանիստ: Հայերը զբաղվում էին առեւտրով, ծովագնացությամբ, իրավագիտությամբ, բժշկությամբ: Զարգացնում էին կապերը Կիլիկյան թագավորության հետ: Այս ամենում որոշակի դեր խաղաց այն հանգամանքը, որ Կիլիկիայի թագավոր Լեւոն Բ առաջինը կնոջ մահից հետո ամուսնացավ Կիպրոսի Ամորի Լուսինյան թագավորի աղջկա` Սիպիլի հետ: Կիպրոսի պատմության դասագրքերում գովաբանվում է «բարեկամ երկրի թագավոր, կիպրացիների փեսայի» հետեւյալ քաջագործությունը: Ամուսնությունից հետո «փեսա» Լեւոնը այցելության է գալիս թագավոր «աներոջը»: Կղզու մատույցներում ծովահենները հարձակվում են նրա նավի վրա: Լեւոնին հաջողվում է փախչել, դուրս գալ ափ, աներոջից վերցնել ռազմական նավեր, հասնել ծովահենների հետեւից ու խորտակել նրանց նավերը:

…Սակայն կիպրական «ֆրանկոկրատիայի» ամենամեծ արժանիքը նրա թողած ճարտարապետական կոթողներն են: Միջնադարյան մշակույթի այդ գլուխգործոցները` սքանչելի գոթական տաճարները, պալատները եւ ամրոցները, որոնք ստեղծվել են երկրի հյուսիսային մասում, «ստորության օրենքի» ուժով, դժբախտաբար, ընկել են թուրքերի ձեռքը: Կիպրոսում 74-ին սկսած մշակութային եղեռնի հետեւանքով այդ հուշարձանները ավարառվել կամ կործանվել են: Կիպրական աղբյուրների համաձայն՝ օկուպացված տարածքներում «իսկական թուրքական մթնոլորտ» ստեղծելու նպատակով ոչնչացվել են 500-ից ավելի եկեղեցիներ, որոնցից ամենանշանավորներն են Լուսինյանների օրոք կառուցված Բելապե, Պալացցո Պրովեդիտոր տաճարները, Ս. Ֆրանցիս, Ս. Պողոս-Պետրոս, բյուզանդական Ս. Հակոբ եւ շատ ուրիշ եկեղեցիներ: Այստեղ, բացի միջազգային իրավունքի համապատասխան բոլոր օրենքները խախտելուց, թուրքերը արհամարհել են աշխարհագրական անունների ստանդարտացման ՄԱԿ-ի բանաձեւը` փոխելով քաղաքների, բնակավայրերի եւ ճարտարապետական հուշարձանների անունները:

Մեր` ակամա զբոսաշրջիկների փոքրիկ խումբն ընտրում է կոթողներից ամենանշանավորը` Ֆամագուստայի Ս.Նիկողոս մայր տաճարը կամ այն, ինչը մնացել է արվեստի այդ միջնադարյան գլուխգործոցից ու թուրքական թեթեւ ձեռքով դարձել մզկիթ: Հավանաբար «թուրքական մթնոլորտ» ապահովելու նպատակով է տաճարի հարեւանությամբ կանգնեցվել է 19-րդ դարի բանաստեղծ Նամիկ Քեմալի կիսանդրին, որին այլախոհության եւ ազատամտության համար Սուլթան Համիդն արտաքսել է Կիպրոս: Եվ ահա դուք դեմ եք առնում հայացքը հեռուները հառած «ազատամիտ» պոետի կիսանդրուն, որի պատվանդանին հավերժացված են նրա ստեղծագործությունների հուզաթաթավ տողերը` սիրո, ազնվության, բարեկամության եւ էլի ուրիշ լավ բաների մասին, որոնք այնքան համահունչ են գոթական տաճարի՝ մզկիթ դառնալու փաստի հետ…

Տաճարի կառուցումը, որը սկսել են Լուսինյանները 13-րդ դարի վերջին, տեւել է 100 տարի: Պատմաբանները մինչեւ օրս գուշակում են, թե ինչու Լուսինյանները որոշեցին նման հոյակապ եւ հսկայական տաճարը կառուցել տնից այդքան հեռու: Ըստ երեւույթին, նրանք հետապնդում էին քաղաքական նպատակներ: Բանն այն է, որ Կիպրոսի տիրակալները Նիկոսիայում թագադրվելուց հետո հաճույքով գալիս էին այստեղ, որպեսզի իրենց հռչակեն «Երուսաղեմի թագավորներ»: Տաճարը ֆրանսիական գոթիկայի սքանչելի նմուշ է, նրբացանց, անձեռակերտ մի կոթող, որի արեւմտյան ֆասադի երկու խոշոր աշտարակները ժամանակին համեմատում էին Ռեյմսի (Ֆրանսիա) հայտնի տաճարի ֆասադի հետ: Թուրքերը քանդեցին աշտարակները եւ կառուցեցին մինարեթ: Այդուհանդերձ, ձախ ֆասադը շարունակում է իրենից ներկայացնել մի վեհաշուք շինություն` երեք սյունազարդ դռներով եւ կենտրոնական պատուհանով, որը բաժանված է վեց մասի: Երկու կողմում կառուցված են որմնաշար բարձր պատուհաններ, որոնց վրա նստած են ավերված աշտարակների պատուհանները: Սյունազարդ մուտքերի որմնախորշերում, հավանաբար, եղել են արձաններ: Դրանք չկան: Միջնադարյան այս վեհաշուք տաճարի նկատմամբ կատարվածը թուրքական իշխանությունները բացատրում են իսլամի օրենքներով, որոնց համաձայն՝ մզկիթում մարդու պատկերումը քանդակի, փորագրության, վիտրաժի կամ այլ ձեւերով ու միջոցներով` անթույլատրելի է:

Այստեղ է Օթելլոն խեղդել Դեզդեմոնային

Ըստ ամերիկյան մեծանուն գրող Այզեկ Ազիմովի, Շեքսպիրն Օթելլոյի կերպարը փոխ է առել իտալացի գրող Ջովաննի Ջիրալդիի նովելներից մեկի հերոսից, որը վենետիկցի մավր էր, քաջարի հրամանատար, շատ գեղեցիկ տղամարդ: Իսկ որ անգլիացի հանճարեղ գրողը ողբերգության դեպքերի մի մասի համար ընտրել է Կիպրոսը` միանգամայն տրամաբանական է եւ՛ ժամանակագրական, եւ՛ աշխարհագրական առումով: Կղզու ողջ միջնադարյան պատմությունը անբաժան է եղել Վենետիկից, իսկ նրա հերոսը` Օթելլոն, այդ հանրապետության հավատարիմ զինվորն էր: 1489 թ. խաչակիրները գրավեցին Կիպրոսը, հետո այն ընկավ Վենետիկի տիրապետության տակ: Այս վերջինիս եւ Օսմանյան Կայսրության միջեւ սկսվեց երկուսուկեսդարյա արյունալի պատերազմների շրջան` Արեւելյան Միջերկրականի կղզիների եւ առափնյա տարածքների համար: Եղել են հինգ մեծ պատերազմներ, որոնցից չորրորդը (1570-1573 թթ.) ընկած է Շեքսպիրի պիեսի հիմքում: Սակայն կիպրական աղբյուրներն այլ տեսակետի են: Նրանք գտնում են, որ Օթելլոյի նախատիպ է հանդիսացել ոչ թե Ջիրալդիի հերոսը, այլ կղզու փոխարքա Քրիստոֆեր Մորոն, իսկ որոշ պատմաբաններ պնդում են, որ մավրը կիպրացի էր: (Կիպրացիներն էլ մեզ` հայերիս նման բոլորին անխտիր սարքում են իրենց արյունակիցը: Հավանաբար սա փոքրաթիվ ազգերին բնորոշ էթնիկական հատկանիշ է: Ես չեմ լսել, որ ամերիկացին կամ ռուսը իր ազգին դասի հայտնի այս կամ այն նշանավոր դեմքի): Բացի այդ, կիպրացիները կասկածի տակ են դնում պիեսի սյուժեի իսկությունը, նաեւ այն պատճառով, որ Շեքսպիրը երբեք չի եղել Կիպրոսում եւ չէր կարող իմանալ ո՛չ միջավայրը, ո՛չ էլ իրադրությունը: Վարկածը, ըստ իս, թույլ է: Եթե շարժվելու լինենք այս տրամաբանությամբ, ապա Ժյուլ Վեռնը ոչ մի օր տանը չպետք է նստեր, որպեսզի կարողանար իր վեպերում այդպիսի վարպետությամբ նկարագրել ամենատարբեր երկրների ժողովուրդների կյանքը, կենցաղն ու սովորույթները, մինչդեռ նա կյանքում քիթն անգամ Ֆրանսիայից չի հանել: Ինչեւէ, Շեքսպիրը դրամայի վայր է ընտրում Ֆամագուստայի առափնյա մատույցները պաշտպանող պարսպաշարի հիմնական ամրոցը՝ «Օթելլոյի աշտարակը», որը կառուցվել է 14-րդ դարում, Լուսինյանների թագավորություն օրոք: Այդ հետո էր, որ վենետիկցիները կատարելագործեցին ամրոցի եւ մյուս կառույցների պաշտպանական համակարգը: Այստեղ ամեն ինչ պատմություն է շնչում: 1481թ. Ֆամագուստա է այցելում Լեոնարդո դա Վինչին եւ կազմում է հակահրետանային դիմադրության եւ հակահարվածների գծագրեր ու կոնկրետ խորհուրդներ տալիս վենետիկցիներին՝ քաղաքի պաշտպանության գործը կատարելագործելու համար: Հաշվի առնելով նոր հայտնագործված վառոդի պոտենցիալ հնարավորությունները, վենետիկցիները «Օթելլոյի աշտարակից» եւ մյուս ամրոցներից թնդանոթների համար բացում են հրակետեր, կլորացնում են աշտարակների դրսի պատերը` պատասխան գնդերի հարվածները մեղմելու համար, կառուցում են ջրախրամատներ: 1570 թ. սկսվում է Ֆամագուստայի նշանավոր պաշարումը եւ առումը, ինչը համարվում է Միջնադարի ամենախոշոր ռազմական գործողություններից մեկը: 8000 հույներ եւ վենետիկցիներ 10 ամիս հերոսաբար կասեցնում են թուրքական 200.000-անոց զորքերի գրոհները: Պաշտպանվողների մեջ կային շատ հայեր:

…Պատմությունը երբեմն դաժան խաղեր է խաղում իր դերակատարների հետ: Հետո նա չի սիրում կրկնություններ: Բայց քանի որ մերը ուրիշ է, այստեղ էլ պատմությունը մեզ համար բացառություն է կազմել: Ես նկատի ունեմ այն, որ եւ՛ պաշարողների, եւ՛ պաշարվածների մեջ կային հայեր: Հայի բախտ: (Իտալական ժամանակագրություններից մեկում ասվում է, որ օսմանյան բանակում այդ ժամանակ ծառայում էին 40.000 հայեր, ինչը որ Հ. Աճառյանը գտնում է «շատ չափազանցված»): Անգլիացի հետազոտող Մարկ Դյուբինը` նկարագրելով թուրքական բանակի տակտիկան Ֆամագուստայի պաշարման ժամանակ, գրում է. «Հայ սակրավորները պարիսպների դրսի կողմից փորեցին այնպիսի խորության խրամատներ, որտեղից երեւում էին միայն թուրք զինվորների չալմաների ծայրերը: Թուրքերի ներկայության գլխավոր վկան հինգ կիլոմետր լայնություն ունեցող վրանների անտառն էր: Օսմանյան 150 հրետանային միավորների դիմաց հակառակորդն ուներ ընդամենը 90 կարճափող թնդանոթ: Սակրավորները ֆորտիֆիկացիաների` ամրաշինությունների տակ բացեցին ճանապարհների ցանց, որը կրճատեց թուրքերի եւ վենետիկցիների առճակատման տարածությունը»: Եվ այսպես, հայը թափում է հայի արյունը, այն էլ՝ ոչ թե քաղաքացիական պատերազմում, ինչը միգուցե տեղավորվեր բանականության շրջանակներում, այլ մարտի դաշտում, տարբեր պետությունների բանակների շարքերում: Նույնարյուն հայ զինվորների միմյանց դեմ կռվելը, դժբախտաբար, նորություն չէ մեր ժողովրդի պատմության համար: Դրանից շատ առաջ` V դարում, Ավարայրի ճակատամարտում, Տղմուտի ափին, Վարդան Մամիկոնյանի 66 հազարանոց բանակի դիմաց կանգնած էր 80-90 հազարանոց պարսկական զորքը, որի կեսը հայեր էին: Ճիշտ է ասված, որ պետությունները արյան ազգությունը չեն ճանաչում, երբ այդ արյունը իրենց համար է թափվում…

Ֆամագուստան ընկավ` օսմանյան զորքերի մեծ կորուստների գնով. թուրքերի զոհերի թիվը կազմեց 50 հազար, վենետիկցի եւ այլ քրիստոնյաներինը` 6 հազար: Երբ գերիներին բերեցին թուրքական զորքերի հրամանատար Լալա Մուստաֆա Քեմիլ փաշայի մոտ, նա հրամայեց բոլորին մորթազերծ անել, սարքել խրտվիլակներ եւ պտտեցնել քաղաքի փողոցներում: Բաշիբոզուկության ցինիզմի մակարդակը չափելու համար ասենք, որ մզկիթի վերածված Ս. Նիկողոսի մայր տաճարը կրում է Քեմիլ փաշայի անունը: Ենիչերին «անմահացել է» միջնադարյան գոթիկայի լավագույն կոթողներից մեկի ճակատին: Դե ինչ, հարկ է օբյեկտիվ լինել, թուրքերը, ի տարբերություն ուրիշների, գիտեն արժանվույնս գնահատել ազգին մատուցած իրենց հերոսների ծառայությունները:

… Մոտենում ենք «Օթելլոյի աշտարակին»: Մեր երեքից բացի, մուտքի մոտ խմբվել են անգլիացի զբոսաշրջիկներ: Եռանդով լուսանկարում են մուտքի ճակատին բազմած Սրբ. Մարկոսի առյուծը` Վենետիկի զինանշանը: Ներսում խորհրդավոր խավար է, ամառվա համար անսովոր զով: Գոթական ոճի սյուները պահում են բարձր կամարաձեւ առաստաղը: Ընդարձակ սրահը հուշում է, որ այստեղ տեղի են ունեցել բազմամարդ ընդունելություններ եւ խնջույքներ: Քարե աստիճանները տանում են վեր, ուր ննջարաններն են: Մտնում ենք դրանցից ամենամեծը` աշտարակի տիրոջ ննջարանը: Կիսամութի մեջ ուրվագծվում են լայն մահճակալը եւ անպաճույճ կահավորանքը: Անգամ, եթե այս ամենը թատերականացված շոու է, միֆ, լարվում ես, մի տեսակ հուզվում: Իսկ եթե, իրոք, դժբախտ մավրը, նախանձի եւ քինախնդրության այդ` մանկան պես միամիտ զոհը, այստեղ է սպանել սիրասուն կնոջը, հետո վերջ տվել իր կյանքի՞ն: Ակամայից հիշեցի Օթելլոյի անկրկնելի կատարող Վահրամ Փափազյանի խաղը ողբերգության վերջին արարվածում, երբ նա մոմը ձեռքին մտնում է ննջարան ու լուռ, երկար, շատ երկար նայում քնած կնոջը: Նրա պաուզան, որը էլեկտրականացած դահլիճում մի ամբողջ հավիտենականություն էր թվում եւ ավելի պերճախոս էր, քան մի մեծ մենախոսություն, իմ կարծիքով, դերասանական տեխնիկայի գլուխգործոց է: Հետո կամարների տակ ասես հնչեց Օթելլոյի ահարկու հարցը. «Աղոթք արե՞լ ես այս գիշեր, Դեզդեմոնա»…

Շարունակելի