Ինտերնետային աշխարհում մղվող հայ-ադրբեջանական պատերազմը կանգ չի առնում: Վիրտուալ լրատվական դաշտում Ադրբեջանն անկասկած ավելի մեծ ուժով է գրոհում, քան Հայաստանը: Երեկ, օրինակ, «հարձակման» է ենթարկվել www.mankutianmolorak.com հայկական կայքէջը, որը պղծվել է ադրբեջանական գրություններով, սպառնալիքներով ու «զարդարվել» է ադրբեջանական դրոշով: «Մանկության մոլորակը» շատ մեծ ու գեղեցիկ նախագծի մի հատվածն է միայն, որի բոլոր ծրագրերը հասցեագրված են հայախոս մանուկներին ու ներառում են տարբեր բարեգործական ծրագրեր, «Խոսող գրքեր» աուդիո-արտադրանքն ու մանուկների նկարներից ու բանաստեղծություններից կազմված պատկերասրահները: Բոլոր ակցիաները ուղղված են սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների կյանքն ավելի լիարժեք ու գունավոր դարձնելուն: Այդ նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը` տեղեկանալով ադրբեջանցիների «հարձակման» մասին, շատ հուզված ու մոլորված էր. «Չգիտեմ, ի՞նչ ասել, ինչպե՞ս վերականգնել կայքը»: