Հայ-թուրքական հարցերը` Էջմիածնում

02/11/2009

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ ներկա է գտնվել Հայ Առաքելական եկեղեցու թեմական ներկայացուցչական ժողովին:

Ըստ նախագահի մամուլի ծառայության, Ս. Սարգսյանը ողջունելով ժողովի մասնակիցներին՝ «բացառիկ կարեւոր է համարել յուրաքանչյուր հայ քաղաքական գործչի, առավե՛լ եւս` Հանրապետության նախագահի համար Հայ Եկեղեցու գործունեությունը Սփյուռքում»: «Դա հայությանը միավորող ամենահուսալի շաղախն է: Միասնական արմատների, միասնական նպատակների, ընդհանուր մարտահրավերների եւ մանավանդ ընդհանուր ապագայի մասին եկեղեցու պատգամն ու հորդորը նոր ոգի են հաղորդում արտերկրի մեր քույրերին ու եղբայրներին եւ կարող են թեւավորել նույնիսկ հուսահատվածներին: Ողջ հայության միասնական կեցվածքը ոչ միայն հոգեւոր, այլեւ քաղաքական մեծ կապիտալ է: Անթույլատրելի է այդ կապիտալը մսխել ոչ սկզբունքային հարցերի շուրջ ծագած վեճերում»,- ասել է նա: Ըստ նախագահականի հաղորդագրության, ժողովի մասնակիցները Ս.Սարգսյանին են ուղղել հայ-թուրքական երկխոսության, ստորագրված արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հարցեր: «Ս. Սարգսյանը պարզաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն որեւէ կերպ չի նշանակում հրաժարում Ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերից: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հարաբերությունների համակարգի պատասխանատու դերակատար, մշտապես հավատարիմ է եղել իր ստանձնած հանձնառությունների կատարմանը եւ պատրաստ է առաջ շարժվել ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն համաձայն` առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ»,- նշված է հաղորդագրությունում: Ս. Սարգսյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հնարավոր սցենարների առնչությամբ Հայաստանն ունի իր ռազմավարական ու մարտավարական պատկերացումները, եւ համապատասխան զարգացումներից ելնելով, կձեռնարկվեն համարժեք քայլեր: Անդրադառնալով հնչեցված մտահոգությանը, թե թուրքական կողմը փորձում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, Ս.Սարգսյանը մեկ անգամ եւս կրկնել է, որ այդ երկու գործընթացները որեւէ ձեւով միմյանց հետ չեն կապվում: «Ս. Սարգսյանի խոսքով` Հայաստանը գնում է այդ խնդիրներն առանձին-առանձին կարգավորելու ճանապարհով եւ հաստատակամ է իր այն տեսակետում, որ պետք է լինեն այնպիսի լուծումներ, որոնք տարածաշրջանում կապահովեն տեւական կայուն խաղաղություն ու զարգացում»,- ասված է հաղորդագրությունում: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին էլ Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին: