«Ժառանգություն» կուսակցությունից մեկուկես ամիս առաջ հեռացված Վարդան Խաչատրյանին երկու օր առաջ հեռացրեցին նաեւ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցությունից, որին նա անդամագրվել էր մեկ շաբաթ առաջ:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» վարչությունը սեպտեմբերի 9-ի գիշերային նիստում «անբավարար» էր գնահատել Վ.Խաչատրյանի գործունեությունը կուսակցության քաղաքական քարտուղարի պաշտոնում: Մեղադրել էր կուսակցությունը պառակտելու փորձերի, ներկուսակցական կարգապահությունը միտումնավոր ու մշտապես խախտելու մեջ: Հոկտեմբերի 31-ին էլ ՍԴՀԿ-ն վարչության արտահերթ նիստում ձայների մեծամասնությամբ որոշել է դադարեցնել ընդամենը 1 շաբաթ առաջ ՍԴՀԿ ընդունված Վ. Խաչատրյանի անդամակցությունը: Այդ կուսակցության կանոնադրության համաձայն՝ «հայկական ազգային կուսակցություններից որեւէ մեկին նախկինում անդամակցած մարդիկ կարող են ՍԴՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել այդ կուսակցությունից դուրս գալուց առնվազն 1 տարի անց»: Կուսակցության հայաստանյան կառույցի այս հայտարարությանը երեկ հակադարձել էր նույն կառույցի մամուլի խոսնակ Նարեկ Գալստյանը: Վերջինիս խոսքերով՝ «նման հարցն իրավասու է որոշել միայն ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը»: «Վ.Խաչատրյանին հեռացնելու խնդիրը տեղափոխվել է կենտրոնական վարչության օրակարգ: Այս պահին նա հանդիսանում է ՍԴՀԿ անդամ: Ամենայն հավանականությամբ, կենտրոնական վարչությունը (ԿՎ), որը ղեկավարում է աշխարհի 22 երկրների տեղական համայնքների Հնչակյան կուսակցությունը, այդ վճիռը կբեկանի, եւ Վ.Խաչատրյանը կմնա կուսակցության անդամ»,- երեկ կեսօրին հայտարարել էր Ն.Գալստյանը: Սրան անմիջապես հետեւեց ՍԴՀԿ ԿՎ երեք անդամների` Ալբերտ Գաբրիելյանի, Ալեքսանդր Ալեքյանի եւ Էդիկ Պետրոսյանի համատեղ հայտարարությունը: «Մենք հայտարարում ենք, որ ՍԴՀԿ մամուլի խոսնակ Ն.Գալստյանը սույն թվականի նոյեմբերի 2-ին ոտնահարելով ՍԴՀԿ կանոնադրությունը՝ ապատեղեկատվություն է տարածել: Մենք որպես ՍԴՀԿ վարչության անդամներ՝ հայտարարում ենք, որ Վ. Խաչատրյանը 2009թ. հոկտեմբերի 31-ից այլեւս ՍԴՀԿ անդամ չէ, եւ ոչ ոք իրավասու չէ բեկանել ԿՎ-ի որոշումը: Վ.Խաչատրյանի դիմումին ՍԴՀԿ-ն կանդրադառնա 1 տարի անց»,- նշված էր նրանց հայտարարությունում: «Ես Հնչակյան կուսակցության անդամ եմ եւ կատարում եմ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմնի հրահանգները: Եթե Հնչակյան կուսակցության ղեկավար մարմիններն ինձ հրահանգեն դառնալ բալետմայստեր, ապա ես կդառնամ բալետմայստեր»,- իր հայտարարությունն այսպես էր մեկնաբանել Ն.Գալստյանը:
Երեկ զրուցեցինք նաեւ ՍԴՀԿ հայաստանյան կառույցի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ: «Դո՛ւք լուրջ վերաբերվեք միայն բոլոր այն հայտարարություններին, որոնք հնչեցվում են Հայաստանի վարիչ մարմնի կողմից: Ես խնդրում եմ՝ Նարեկի անունն այլեւս չհոլովեք, ինքը վարչության անունից հանդես գալու իրավունք չունի»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Լ.Սարգսյանը:
Այսպիսով, ՍԴՀԿ-ում գոյություն ունեցող հակասությունները, որոնց մասին մամուլը գրում էր վերջին շրջանում, դուրս են գալիս ջրի երես: Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ էին հրապարակումներ եղել այն մասին, թե այդ կուսակցությունում ուզում են հայաստանյան կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացնել Լ.Սարգսյանին: «Չեմ կարծում, որ կարելի է նման ձեւակերպումներ տալ, ընդամենը ներկուսակցական պրոցես է: Մենք կգանք փոխհամաձայնության, ես կարծում եմ, որ առողջ կառույց ենք, եւ ոչ մի խնդիր չի լինի»,- առայժմ այդ տեսակետի հետ չհամաձայնեց Լ.Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ ընդամենը կանոնադրական սխալն է ուղղվել: Իսկ ՍԴՀԿ ԿՎ մեկ այլ անդամ՝ Վահան Շիրխանյանը, մեզ հետ զրույցում ասաց, թե կուսակցության կանոնադրությունը անդամակցելու համար նաեւ անհատական մոտեցման հնարավորություն է ստեղծում: Նրա խոսքերով, Վ.Խաչատրյանը անդամակցել է նման մոտեցում կիրառելու արդյունքում: Նրա անդամակցության համար երաշխավորել են ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը եւ ԿՎ մեկ այլ անդամ: Այսինքն՝ «Ժառանգության» նախկին անդամին ՍԴՀԿ է բերել կուսակցության ԿՎ ատենապետն անձամբ: «Եվ երդման արարողությունից հետո Վ.Խաչատրյանը դարձել է ՍԴՀԿ անդամ: Այնպես որ, այստեղ կանոնադրական խախտում չկա»,- պնդում է Շիրխանյանը:
Պատմությունը կրկնվում է
Հիշեցնենք, որ ընդամենը 1,5 ամիս առաջ գրեթե նույն վիճակում էր «Ժառանգություն» կուսակցությունը: Այստեղից էլ գիշերային նիստի ժամանակ որոշվեց կուսակցությունից հեռացնել 6 անդամների, որոնցից երեքը` Վ.Խաչատրյանը, Զոյա Թադեւոսյանը եւ Մովսես Արիստակեսյանը, վարչության անդամներ էին: Ինչպես «Ժառանգության» հետ կապված պատմության ժամանակ, այնպես էլ այսօր` ՍԴՀԿ-ի դեպքում, որպես պառակտման պատճառ՝ շրջանառվում է կուսակցության անդամների մի մասի համագործակցությունը ՀԱԿ-ի հետ: Թեեւ ՍԴՀԿ-ն նաեւ պաշտոնապես ՀԱԿ-ի անդամ է եւ պետք է որ նման խոսակցություններ չլինեին: Սակայն, ինչպես «Ժառանգությունից» հեռացվածները, այնպես էլ Լ.Սարգսյանը մեղադրվում է Կոնգրեսի հետ համագործակցության մեջ, այն դեպքում, երբ, կրկնում ենք, ՍԴՀԿ-ն ՀԱԿ-ի անդամ է: Կարծիք կա, որ այս երկու կուսակցություններում տեղի ունեցող գործընթացներն ուղղորդվում են իշխանությունների կողմից: Արդեն հրապարակումներ եղել են, որ Վ.Խաչատրյանը ՍԴՀԿ է «գործուղվել», որպեսզի պառակտի հայաստանյան կառույցը եւ իր շուրջը հավաքած մարդկանցով կարողանա Լ.Սարգսյանին հեռացնել ատենապետի պաշտոնից: Բացի այդ, շրջանառվում է նաեւ տեսակետ, թե իշխանությունները ցանկանում են ավանդական երեք` ՍԴՀԿ, ՀՅԴ եւ ՀՌԱԿ կուսակցությունների միջոցով ստեղծել ընդդիմադիր միավորում, որը այլընտրանք կլինի ՀԱԿ-ին: Այս պրոյեկտից դուրս չէ նաեւ «Ժառանգությունը», որի շարքերի «մաքրումն» արդեն ավարտվել է, եւ պրոցեսը տեղափոխվել է ՍԴՀԿ: ՀՌԱԿ-ը ընդդիմադիր ուժ չէ, սակայն վերջինիս հետ կապված իշխանություններն այլ մտադրություններ ունեին: Մի քանի տարի առաջ էլ այս կուսակցությունը միացավ Սամվել Բաբայանի «Դաշինքին» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունից Ալբերտ Բազեյանի հետ դուրս եկած մի քանի անդամների: Միությունը, սակայն, չկայացավ: Առայժմ չի պառակտվել «Դաշնակցությունը», թեեւ այս կուսակցությունից էլ պարբերաբար մարդիկ են հեռանում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ավանդական կուսակցությունների հետ միավորում ստեղծելուն կողմ է եղել ՍԴՀԿ ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Այդ համագործակցությունը, սակայն, չի կայացել, որովհետեւ դրան դեմ է Լ.Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ՍԴՀԿ-ում տիրող իրավիճակին, ապա Վ.Շիրխանյանը խորհուրդ է տալիս սպասել ԿՎ-ի որոշմանը: Ի դեպ, հետաքրքիր է նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Վ. Շիրխանյանի ՍԴՀԿ-ին անդամակցելու հանգամանքը: Նա ՍԴՀԿ անդամ է դարձել 2008թ. մարտի 2-ին` մարտի 1-ի արյունոտ դեպքերի անմիջապես հաջորդ օրը: Նա նախ եղել է կուսակցության շարքային անդամ եւ հայաստանյան կառույցում ԿՎ-ի ներկայացուցիչը: Իսկ ընդամենը 1 ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցած ՍԴՀԿ համագումարի ժամանակ ընտրվել է ԿՎ անդամ: Խոսակցություններ կան, որ Շիրխանյանն ինքն է ուզում դառնալ հայաստանյան կառույցի ատենապետ, եւ այս համատեքստում արդեն հասկանալի է դառնում, թե Վ.Խաչատրյանի անդամակցության առնչությամբ ինչու է նրա տեսակետը հակասում գործող ատենապետ Լ.Սարգսյանի խոսքերին: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք եւս. թե Վ. Խաչատրյանի, թե Վ.Շիրխանյանի անունները կապվում են Սոցիալիստական ուժերի միավորման համակարգող Աշոտ Մանուչարյանի հետ: Վերջինս մտերիմ հարաբերություններ ունի եւ Վ. Խաչատրյանի, եւ Վ. Շիրխանյանի հետ: Այսինքն` ՍԴՀԿ-ում ներկայումս կատարվող գործընթացները շատերը պայմանավորում են նաեւ «ստվերային գործերի» սիրահարի համարում ունեցող Ա. Մանուչարյանի հետ: Եվ եթե Վ.Խաչատրյանն ի վերջո մնա ՍԴՀԿ-ում, ապա կարելի է արձանագրել, որ ՍԴՀԿ-ն պառակտելու օպերացիայի առնվազն մի փուլը հաջողությամբ է պսակվել: Ավելացնենք նաեւ, որ մեկ-երկու ամիս հետո, ամենայն հավանականությամբ` հունվարի սկզբին, տեղի ունենա ՍԴՀԿ հայաստանյան կառույցի համագումարը, որի ժամանակ կընտրվի նոր վարչություն: Իսկ նոր վարչությունն էլ կընտրի նոր ատենապետ: Լ.Սարգսյանը կառույցում ունի՞ այնքան կողմնակիցներ, որ վերընտրվի ատենապետ, առայժմ անհայտ է: Իսկ մինչ այդ կորոշվի Վ.Խաչատրյանի` ՍԴՀԿ-ում մնալու հարցը: Վերջինիս հեռախոսն, ի դեպ, երեկ շարունակ անհասանելի էր: Ուստի կատարվածի վերաբերյալ նրա արձագանքը պարզ կդառնա, ամենայն հավանականությամբ, այսօր: