Անջատեք հեռուստացույցը եւ ապրեք երկար

02/11/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Միջազգային լրատվամիջոցները շարունակում են տագնապն ավելի խորացնել. նորանոր թվեր են հաղորդում, թե աշխարհում քանի-քանիսն է զոհ գնացել A/H1N1 վիրուսին: Վերջին տեղեկությունն Ուկրաինայից էր, ըստ այդմ` այդ երկրում գրանցված 190 հազար վիրուսակրից 53-ը մահացել են: Սակայն այս տեղեկությունը հնանում է տառացիորեն մեկ ժամ անց. 53 զոհը դառնում է 60: Սակայն մի քանի րոպե անց լրատվական գործակալություններն արդեն տարածում են նոր տեղեկատվություն` Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հաղորդում է, թե երկրում տարվա այս շրջանի համար սովորական գրիպի էպիդեմիա է, որ լինում է բոլոր տարիներին: Եվ, ամենակարեւորը, գրիպի էպիդեմիան չի կարող անդրադառնալ նախագահական ընտրությունների վրա:

Մեր հարեւան երկրներից էլ են հակասական տվյալներ հասնում վիրուսակիրների եւ զոհերի մասին: Լրատվամիջոցները, հղում անելով այդ երկրների առողջապահության նախարարություններին, փաստում են` Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում եւ Իրանում վիրուսակիրներ եւ բազում զոհեր կան: Հայաստանում, ըստ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի, խոզի գրիպի վիրուսակիրներ չկան: Եթե այս տեղեկատվությունը ճիշտ է, իսկ հավանականությունը, որ այն ճիշտ է, մեծ է, ուրեմն մարդկանց չհամբուրվելու խորհուրդ տալը համարձակ, բայց չհիմնավորված խորհուրդ է: Թեեւ պարոն Ասոյանը նկատել է, որ հայ երիտասարդները համբուրվում են գրեթե բոլոր դասամիջոցներին, սակայն երիտասարդ տղաներին միմյանց հետ դասամիջոցներին համբուրվելուց եթե ինչ-որ բան սպառնում էլ է, ապա ամենեւին ոչ A/H1N1 վիրուսը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հնչեցնում է տագնապի զանգերը, թե աշխարհում Խոզի գրիպի գլոբալ համաճարակ` պանդեմիա է սկսվել, սակայն Հայաստանում խաղաղություն է: Մինչ Շվեյցարիան, որտեղ արտադրվում է գրիպի դեմ հայտնի «Տամիֆլյու» դեղամիջոցը, չի հասցնում աշխարհի երկրներ ուղարկել իր արտադրանքը, Հայաստանում այս դեղամիջոցի սպառման ծավալները գրեթե աննշան են: Մեր տեղեկություններով` այս տարի հանրապետություն է ներկրվել ընդամենը 25 հազար դոլարին համարժեք դրամի «Տամիֆլյու»: Հասկանալու համար, որ սա փոքր թիվ է, նշենք, որ մեկ տուփ «Տամիֆլյուն» դեղատներում վաճառվում է 12 հազար դրամով:

Թե ինչու հայերս չենք վախենում Խոզի գրիպից, շվեյցարական «Ռոշ» ընկերության («Տամիֆլյուն» այս ընկերության արտադրանքն է) հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Բագրատ Լալայանն ունի իր պատասխանը: Ըստ նրա` մենք չունենք հիվանդության դեմ պայքարելու համապատասխան կուլտուրա եւ, դիցուք, գրիպով հիվանդանալով` հայտնի այդ դեղամիջոցի օգնությանը դիմելու փոխարեն` նախընտրում ենք մեր տատիկների մեթոդները` մորու մուրաբա, լիմոն եւ «ֆլյու» վերջավորությամբ այլ դեղամիջոցներ: Մյուս գործոնը, որ «Տամիֆլյուի» պահանջարկն ամենեւին մեծ չէ, այն է, որ Հայաստանում, փաստորեն, Խոզի գրիպով վարակված եւ ոչ մի վիրուսակիր հայտնաբերված չէ:

Ժամանակին, երբ ողջ աշխարհում, այդ թվում՝ եւ Հայաստանում, մոլեգնում էր Թռչնի գրիպով վարակվելու վախը, բոլոր իրենց հարգող բանկերը, Հայաստանում աշխատող միջազգային ընկերությունների տնօրեններն իրենց սեյֆերում պահում էին «Տամիֆլյուի» անհրաժեշտ պաշարներ: Կա՞ նման միտում այսօր: Բագրատ Լալայանն ասաց, որ նման տենդենց այսօր առայժմ չկա, եւ հետո Առողջապահության նախարարությունն ունի դեղի անհրաժեշտ պաշարներ, եւ անհրաժեշտության դեպքում այն կբաշխվի` ըստ անհրաժեշտության:

Այն հանդարտությունը, որով հայերս ընդունում ենք հերթական պանդեմիայի մասին լուրերը, այլ պատասխան եւս ունի: Թերեւս բոլորն են հիշում, թե ինչպես տակավին երեք-չորս տարի առաջ, արդեն Թռչնի՛ գրիպով վարակվելու վախից՝ գրեթե բոլորս դադարել էինք թռչնի միս եւ հավի ձու օգտագործել: Ամեն օր ագրեսիվ տեղեկատվություն էր հորդում էկրաններից` այսքան մարդ է մահացել Թռչնի գրիպից, միլիոնավոր, կարծում եմ, անմեղ հավեր ու աքլորներ էին այրվում տեսախցիկների առաջ: Դա մեծ հարված էր թռչնարդյունաբերությանը: Հայաստանի եւ էլի շատ երկրների առողջապահության նախարարությունները մեծ գումարներ ստացան` պայքարելու Թռչնի գրիպի դեմ: Տպագրվեցին տասնյակ-հազարավոր բուկլետներ, նկարահանվեցին ֆիլմեր, ընթերցվեցին դասախոսություններ: Եվ դարձյալ, բարեբախտաբար, Հայաստանում ոչ ոք չվարակվեց գրիպի այդ տեսակով: Իսկ ի՞նչ եղավ այդ Թռչնի գրիպը: Եթե այդքան վիրուսակիրներ կային, ինչպե՞ս այն կանխվեց այնպես, որ, օրինակ, Հայաստան չմտավ: Ինչպե՞ս վերացավ Թռչնի գրիպի վիրուսը, իսկ եթե չվերացավ, ինչո՞ւ նրա մասին ոչ մի հիշատակություն չկա: Հարցերի ձեւակերպումը գուցեեւ դիլետանտական է, սակայն պատասխանները որեւէ մեկը չի հնչեցնում:

Առհասարակ, ագրեսիվ եւ մարդկանց սարսափի մեջ պահող տեղեկատվությունը, ինչպիսին է, օրինակ, Խոզի գրիպի մասին րոպե առ րոպե թարմացվող տեղեկատվությունը, մարդկանց գիտակցության եւ հոգեբանության վրա ազդում է: Մարդիկ դառնում են ավելի կառավարելի, սկսում են կարեւորություն տալ այնպիսի բաների, որոնք այնքան էլ արժանի չեն ուշադրության, եւ հակառակը: Հոդվածի սկզբում բերեցինք Ուկրաինայի օրինակը: Հենց երկրի բարձրագո՛ւյն ղեկավարությունն է իրարամերժ տեղեկատվություն տարածում. երկրի նախագահ Յուշչենկոն Ուկրաինային րոպե առաջ օգնելու խնդրանքով դիմում է աշխարհին, վարչապետ Յուլյա Տիմոշենկոն հանդարտեցնում է ժողովրդին եւ պնդում, որ անհանգստանալու կարիք չկա: Իսկ հարեւան երկրները, մանավորապես` Ռուսաստանն, արձանագրում է, թե քանի-քանիսն են հրաժարվել Ուկրաինա այցելելու մտադրությունից` Խոզի գրիպի վիրուսով վարակվելու վախից:

Մասնագետներն իրենք էլ են վկայում, որ սովորական գրիպից աշխարհում անհամեմատ շատ մարդ է մահանում, քան նման «կենդանական» ծագման գրիպի վիրուսներից: Սակայն այդ թեմայով հաղորդումներ չեն լինում: Ամեն օր հետեւողականորեն չի հայտարարվում, թե այս կամ այն երկրում քանի մարդ քաղցկեղից մահացավ, քանիսը` երիկամային անբավարարությունից կամ որեւէ այլ հիվանդությունից:

Զանգվածների վրա ազդելու հնարավորություններն ու մեթոդներն այնքան են նրբացել, որ հաճախ իրական մտահոգությունն ու կեղծ տագնապը տարբերակել անհնար է: Խոզի գրիպն ա՛յդ շարքից է, թե՞ վտանգն իրական է, պարզ կդառնա հանրապետության գլխավոր վարակաբանի հաջորդ ասուլիսից: Իսկ մինչ այդ հեռուստացույց դիտելը կարելի է փոխարինել ավելի արժեքավոր զբաղմունքով` հեռուստացույց չդիտելով: