Կապված չեն, բայց…

02/11/2009

«Համոզված եմ` Հայաստանի իշխանությունները գիտակցում են, որ Ղարաբաղի հարցով «ստատուս-քվոն» չի կարող հավերժ շարունակվել: Պարզապես, հարկավոր է ճիշտ պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը զբաղվի նաեւ ղարաբաղյան հարցով»,- երեկ ռուսական «Վրեմյա նովոստեյ» հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Խոսելով ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավոր փոխզիջումների մասին, նա նշել է, որ ամեն ինչ հստակ գրված է Մադրիդյան սկզբունքներում: «Հիմնական բարդությունները մանրուքների հետ են կապված: Մասնավորապես, ԼՂ կարգավիճակի հարցը թողնվում է անորոշ ապագային»,- հայտարարել է նա: «Քանի դեռ ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված, որքա՞ն լուրջ կարող է լինել Ադրբեջանի վիրավորվածությունը թուրքական կառավարությունից Հայաստանի եւ Թուրքիայի` մերձեցման գործընթացի հետ կապված»,- հարցրել է ռուս լրագրողը: Ի պատասխան՝ Պիտեր Սեմնեբին ասել է. «Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ է ստեղծում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական դինամիկա է ստեղծում: Մի իրավիճակում, երբ հայկական ղեկավարությունը միաժամանակ բազմաթիվ խնդիրների հետ է բախվում, այս կարգավորումը հնարավորություն կտա նրանց կենտրոնանալ մեծ եւ բարդ խնդիրների վրա»: Իհարկե, Սեմնեբին այդքանից հետո ասել է, թե հայ-թուրքական հարաբերությունները եւ ղարաբաղյան հակամարտությունը տարբեր խնդիրներ են: «Չի կարելի շաղկապել մի հարցը մյուսի հետ, այլապես կողմերը կհայտնվեն մի այնպիսի իրավիճակում, որտեղ կրկին կարգելափակվեն հարաբերությունները կարգավորելու հնարավորությունները: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ վերոնշյալ հարցերից մեկի զարգացումն անդրադառնում է ընդհանուր մթնոլորտի վրա: Հարկավոր է այնպես անել, որ երկու խնդիրները միմյանց վրա միայն դրական ազդեցություն ունենան»,- ասել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը: Վերջինս պատասխանելով ռուս լրագրողի հարցին, խոսել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության մասին: «Ռուսաստանն արդեն վաղուց է սկսել քայլեր ձեռնարկել, որոնք ցույց են տալիս, որ նա իրավիճակի փոփոխություններ է ակնկալում Կովկասում»,- ասել է Սեմնեբին` ավելացնելով, որ Հայաստանում կատարվող ռուսական ներդրումները, երկաթգծի շինարարությունը իրենց կարդարացնեն միայն այն դեպքում, եթե բացվի հայ-թուրքական սահմանը: «Ռուսաստանը մեծ շահեր ունի Հայաստանում, այդ թվում՝ նաեւ ահռելի տնտեսական շահեր: Եթե Ռուսաստանը միջոցներ է ներդրել Հայաստանում, գնել է էներգետիկ ենթակառուցվածքը եւ այլն, ապա նա շահագրգռված է Հայաստանի տնտեսության զարգացմամբ: Իսկ կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմաններ է հարկավոր ստեղծել, որի համար ամենակարեւոր գործոնը Թուրքիայի հետ սահմանի բացումն է: Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը եւ դրան զարգացման ընթացք տալը նույնպես բխում է Ռուսաստանի շահերից,- հայտարարել է Սեմնեբին` ավելացնելով,- Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններն, ինչպիսին հիմա են, չեն կարող ընդմիշտ շարունակվել, եւ բոլորը պետք է հարմարվեն կարգավորման հեռանկարին, սահմանի բացմանը եւ այլն… Պատերազմը Վրաստանում բոլորին ցույց տվեց, որ մեծ ռիսկեր կան տարածաշրջանային հակամարտությունների շարունակության հետ կապված։ Դա որոշակի ակտիվություն մտցրեց նաեւ հայ-թուրքական հարաբերություններում»: