Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Մայրը փչացնում է երեխաներին» վերնագրով հոդվածում ներկայացրել էինք Արամ Ավանյանի եւ նրա երեխաների հետ կատարվածը:
Հիշեցնենք, որ Արամի եւ նրա կնոջ` Ռուզաննայի ամուսնությունն օրինական կերպով չի կատարվել, ինչի պատճառով Արամն այժմ իր 3 երեխաների խնամակալության հարցը չի կարողանում լուծել: Ըստ Արամի` Ռուզաննայի թեթեւաբարո վարքագիծը վտանգում է երեխաների կյանքը: Ամիսներ առաջ Ռուզաննան անչափահաս երեխաներին հանձնել էր մանկատուն, մինչդեռ Արամը մինչ օրս պայքարում է երեխաների խնամքն իրեն վերապահելու համար: Երեկ մեզ կրկին զանգահարեց երեխաների հայրը եւ անհանգստացած տեղեկացրեց, որ Ռուզաննան օրեր առաջ մանկատնից վերցրել է մեծ որդուն` Նվերին: «Հասկանո՞ւմ եք, ես վախենում եմ երեխաներիս համար: Նվերին տարել ա, բայց ո՞ւրգ Ինքը մշտական տուն ու տեղ չունի, թեթեւաբարո կյանք ա վարում, ու որքանո՞վ ա ճիշտ նրան երեխա վստահելը»,- մեզ հետ զրույցում ասում էր Արամը` վստահեցնելով, որ Ռուզաննան մի քանի ամիս բնակվել է Մասիսում եւ անհայտ պատճառներով հայտնվել է ոստիկանությունում: Վերջինս պնդում է, որ 4 երեխաների մայրն այժմ հաշվառված է Մասիսի ոստիկանությունում, ավելին` հարկադիր ստուգման է ենթարկվել, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների` Ռուզաննան սեռական հիվանդության վարակակիր է: «Օրեր առաջ ինձ ասեցին, որ Մասիսում ինքը Ոստիկանություն ա ընկել, բայց թե ինչի՞` չգիտեմ: Մի քեռու աղջիկ ունի, որն իրա նման կյանք ա վարում, նրա հետ ամբողջ օրը քարշ ա գալիս: Անցյալ շաբաթ գնացել են մանկատուն ու քեռու աղջիկն էլ իր 3 երեխաներին ա հանձնել մանկատուն: Ախր Նվերին ինչի՞ ա տարել, ո՞ւր ա տարելգ»,- ասում է 3 երեխաների հայրը, ով կնոջից հեռացել է նրա՝ իրեն դավաճանելու եւ չորրորդ երեխային լույս աշխարհ բերելու պատճառով: Ի դեպ, այս պատմությանը քաջատեղյակ են ինչպես Շենգավիթի ոստիկանության, այնպես էլ թաղապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները: Նշենք նաեւ, որ Ռուզաննան բնակվում էր Աերացիա թաղամասի 7-րդ հանրակացարանում, սակայն պետությունը նրան Առնո Բաբաջանյան հասցեում հատկացրել է 3 սենյականոց բնակարան, որը, փաստորեն, մանկատանը գտնվող չորս երեխաների մայրը պատրաստվում է վաճառել: ՀՀ Ոստիկանության Շենգավիթի ստորաբաժանման Չարբախի հենակետի պետի տեղակալ պրն Սարիբեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց Ռուզաննայի, մեղմ ասած, վատ վարքագծի հանգամանքը. «Գիտե՞ք, թե քանի անգամ եմ կանչել ու երկար զրուցել, որ խելքի գա ու երեխաներին տիրություն անի: Մեր մանկական գծով տեսուչը լավ տիրապետում է նրանց ընտանիքի հետ կապված գործի նյութերին, բայց նա հիմա արձակուրդում է: Ես խոստանում եմ, որ աշխատանքի գալուն պես` նա ամբողջ տվյալները ձեզ կպատմի: Բայց հավատացե՛ք, որ ես պարբերաբար նրան կանչել եմ Ոստիկանություն ու երկար բացատրական աշխատանքներ եմ կատարել»: Ինչեւէ, Ռուզաննա Հարությունյանի 3 երեխաները` Նվերը, Կարենը եւ Ռաֆիկը, ներկայումս գտնվում են պետության խնամքի տակ, սակայն շատ դեպքերում պետությունն անզոր է մայրական իրավունքների դեմ գործողություններ կատարելու հարցում: Մարի Իզմիրլյանի անվան մանկատան (որտեղ գտնվում են Արամի եւ Ռուզաննայի երեխաները) տնօրեն Հասմիկ Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երեխաներին մորը վստահելը միանշանակ սխալ կլինի, քանի որ վերջինս անտարբեր եւ անհասկանալի վարքագծի տեր կին է: Տիկին Մկրտչյանն ասաց, որ երեխաները տառապում են, հաճախակի զանգահարում են մորը, իսկ վերջինս մշտապես ստում է, թե շուտով կայցելի նրանց, բայց խաբում է. «Ես նույնիսկ որոշել եմ արգելել զանգերը, որովհետեւ չի կարելի երեխաների հետ այդպես վարվել: Անընդհատ խոստանում է, թե կտեսակցի, բայց խաբում է, իսկ երեխաների համար սպասումը տառապանք է: Կարող եմ ձեզ վստահեցնել, որ հայրը շատ հոգատար է, սիրում է երեխաներին եւ պարտաճանաչ այցելում է ամեն շաբաթ: Շատ լավ կլիներ, որ երեխաների խնամակալությունը նրան հանձնվեր»: Մանկատան տնօրենի հավաստմամբ` Արամի եւ Ռուզաննայի երեխաների ապագան խիստ անորոշ է, որովհետեւ, թեեւ վերջիններս ունեն ծնողներ, այդուհանդերձ, ծնողական խնամքից զուրկ են: «Շատ լավ երեխաներ են, որոնց ապագայով պետք է զբաղվող լինի: Հասկանո՞ւմ եք, նրանց մեջ բարձր որակ ենք տեսնում, բայց, եթե մայրը որոշի ետ վերցնել` կսկսեն մուրացկանությամբ զբաղվել, փողոցներում հայտնվել: Այդ իմաստով ես հակված եմ խնամքը հորը վերապահել, որովհետեւ այդ մարդը բարեխիղճ ձեւով այցելում, երեխաներին հավաքում է շուրջը, զրուցում է: Եթե բժշկական կամ ուսման հետ կապված փաստաթղթեր են պետք, ապա նա շատ արագ կերպով կարգավորում, բերում է մանկատուն, իսկ մայրըգ մայրն ամիսներով չի գալիս երեխաներին տեսնելու, միայն խաբում է նրանց»,- ասում է Հ. Մկրտչյանը, ով նույնպես անհանգստացած է նոր բնակարանի վաճառքի խնդրով, քանի որ, ըստ էության, պետությունն այդ բնակարանը հատկացրել է երեխաներին: Մանկատան տնօրենը նույնիսկ դիմում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան, որպեսզի բնակարանի վաճառքի հարցում պետությունն արգելանք դնի: «Ախր նա բնակարանը վաճառելու իրավունք էլ չունի, որովհետեւ դա երեխաների համար է պետությունը տվել: Ես խնդրել եմ, որ ինչ-որ կերպ խոչընդոտեն բնակարանի վաճառքի գործընթացին, այլապես այս երեխաներն ընդհանրապես ամեն ինչից կզրկվեն: Որքան գիտեմ՝ այդ բնակարանն էլ նա շանտաժի ձեւով է ստացել: Ասել է` իբր ապրելու տեղ չունի, դրա համար էլ երեխաներին մանկատուն է տվել, գնում է երեխաներին մանկատնից վերցնի եւ նորմալ ապրի նոր տանը, բայց խաբել է, որովհետեւ հայրն ասում է, որ այդ տունը սարքել է, կներեք, «բարդակնոց»: Բացի դա, երեխաներին նա չի հանձնել մանկատուն, այլ Ոստիկանությունն է թաղապետարանի եւ քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել»,- վստահեցրեց մանկատան տնօրենը` խնդրելով թերթի միջոցով ինչ-որ կերպ նպաստել երեք երեխաներին մորից պաշտպանելու եւ հոր խնամքին հանձնելու հարցում: Ինչ վերաբերում է դատական ատյաններով այս հարցին լուծում տալուն, ապա մանկատան տնօրենը վստահեցնում է, որ դատարաններն իրենց չեն լսում, որովհետեւ` «Շատ դեպքերում մայրական իրավունքի փաստը օբյեկտիվ լուծում չի տալիս, որովհետեւ կարող եմ ասել՝ մենք շատ լավ հայրեր ունենք, բայց խնդրին լուծում է տրվում ի օգուտ մայրերի: Շատ երեխաներ ունեմ, որոնց մայրերը գաղութում են, իսկ հայրերը շատ հոգատար եւ լավ ծնող են»:
Քանի որ Ռուզաննա Հարությունյանի երեխաներն այժմ գտնվում են պետության խնամքի տակ, իսկ նա պատրաստվում է պետության հատկացրած բնակարանը վաճառել` մենք կփորձենք առաջիկա համարներից մեկում նաեւ ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի Երեխաների իրավունքների պաշտպանության վարչության պետի փաստարկները, ով տիրապետում է այս երեխաների հետ կապված բոլոր փաստերին: