Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Սամիթը ժողովրդական բժշկության մեջ
Սամիթը մարդկությանը հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում, Հունաստանում եւ նույնիսկ Եգիպտոսում: Անցել են հազարամյակներ, բայց այսօր էլ այն օգտագործվում է բժշկության, խոհարարության, կոսմետոլոգիայի, արոմաթերապիայի մեջ: Սամիթի հայրենիքը համարվում են միջերկրածովյան երկրները: Հնում սամիթի տերեւներով լոգանք էին ընդունում, իսկ անուշաբույր յուղով օծում էին մարմինը: Սամիթը նաեւ հիանալի միջոց էր համարվում կերակրող մայրերի համար, քանի որ սամիթի թուրմը ավելացնում է կաթի քանակը: Այն նաեւ բարենպաստ ազդեցություն է ունենում նոր ծննդաբերած կնոջ արգանդի վրա: Իսկ «Անետին» ժամանակակից պրեպարատը, որ նշանակվում է քրոնիկական կորոնար անբավարարության դեպքում, ամբողջովին պատրաստված է սամիթի սերմերի հիմքի վրա: Բոլորիս լավ ծանոթ դեղամիջոց է «Սամիթի ջուրը», որը վաճառվում է ցանկացած դեղատանը: Այն օգտագործվում է ստամոքսի եւ աղիների փքվածության դեպքում` հատկապես օգնում է նորածին երեխաներին:
Սամիթը, կարելի է ասել, իսկական վիտամինների հավաքածու է: Այդ նուրբ թերթիկներն ամբողջությամբ պարունակում են վիտամին C, կարոտին, վիտամին B, նիկոտինաթթու եւ այլն: Այն նաեւ պարունակում է շատ օգտակար միկրոէլեմենտներ, օրինակ` կալցիումային աղեր, կալիում, երկաթ եւ ֆոսֆոր: Փորձը ցույց է տվել, որ սամիթը շատ օգտակար է հիպերտոնիկներին` արյան ճնշումն իջեցնելու համար նաեւ օգտակար է աղեստամոքսային տրակտի աշխատանքին, բարենպաստ ազդեցություն է ունենում սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Թարմ սամիթը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է գլխացավի դեպքում: Բացի վերը թվարկվածները, սամիթը տնային պայմաններում շատ լավ կոսմետիկ միջոց կարող է հանդիսանալ: Բանն այն է, որ սամիթի թերթիկները պարունակում են նաեւ մեծ քանակությամբ ֆիտոնցիդներ` բուսական հակաբիոտիկներ, որոնք դիմակների մեջ օգտագործելիս դրականորեն են ազդում բորբոքված ակնեների ու պզուկների վրա:
Իսկ մեր նամակագիրներից` Նարինե Եսայանի ուղարկած դեղատոմսը, որի բաղադրության մեջ եւս սամիթ կա, շատ լավ միջոց է` աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու համար: Այն օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատ, 1 բաժին կատվախոտի արմատ, 2 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս զանգվածը լցնել ապակե տարայի մեջ, որպեսզի բույսերն «ընկերանան»: Հետո այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ դնել կրակին, հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:
Սամիթի հիանալի հատկություններից մեկն էլ այն է, որ շատ լավ պայքարի միջոց է ծովային հիվանդության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սամիթի աղացած սերմերից թուրմ պատրաստել` 2 թեյի գդալ սերմին ավելացնելով 1 բաժակ եռջուր: Պետք է թուրմը թողնել 30 րոպե եւ ընդունել առավոտյան ու երեկոյան` կես բաժակից: Անհրաժեշտության դեպքում կարելի է այս թուրմն ընդունել օրվա մեջ 3 անգամ:
Սամիթի թուրմը նաեւ լավացնում է ախորժակը եւ երբեմն այն նույնիսկ ընդունում են որպես նյարդերը թուլացնող, հանգստացնող ու քնաբեր միջոց: Այս նպատակով թուրմ պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 2 թեյի գդալ սամիթի սերմ, ավելացնել 400մլ եռջուր: Թողնել 30 րոպե եւ ընդունել կես բաժակից օրվա մեջ 3-4 անգամ` ուտելուց առաջ:
Եթե ձեր ատամները եւ լնդերը զգայուն են բերանի խոռոչի ողողման լուծույթների հանդեպ, կարելի է օգտագործել այլընտրանքային եղանակներ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել խոտաբույսեր բերանի խոռոչի բակտերիաների դեմ պայքարելու համար: Օրինակ` բրիտանացի ատամնաբույժները խորհուրդ են տալիս ծամել սամիթի սերմ կամ դրանից թեյ պատրաստել: Քանի որ սամիթն ունի բնական գունանյութ` քլորոֆիլ, իսկ այն ունի հոտազերծող ու թարմացնող հատկություն: Նույն նպատակի համար կարող են ծառայել նաեւ համեմն ու մաղադանոսը: