Ինչո՞ւ զարմանալ
Հայաստանում տնտեսական վիճակագրությունը վերածվել է տոնի։ Ցանկացած
հրապարակում աճի նոր ռեկորդ է սահմանում։ Ճիշտ եւ ճիշտ խորհրդային
վիճակագրության նման։ Մեր Ազգային ծառայությունը վերջին տարիներն ամփոփում
է 11-12 տոկոսանոց աճով։ Ամենամյա այդ ամփոփագրերին արդեն վարժվել էինք։
Նույնիսկ սկսել էինք լուրջ չընդունել։ Սակայն վերջին հրապարակումն
անսպասելի էր։ Ոչ այն պատճառով, որ 2005-ի առաջին կիսամյակն էր ամփոփված։
Անակնկալ էր Համախառն ներքին արդյունքի ցուցանիշը՝ 2005թ. մայիսը հունիսի
նկատմամբ արձանագրել է 46% աճ։ Բայց, չգիտես ինչպես, նախորդ տարվա համեմատ
աճը նույն 11%-ն է մնացել։ Տպավորություն է ստեղծվում, որ վիճակագիրները
պարզապես չեն ուզում կորցնել ձեռքի չափը։ Առանձին ճյուղերում ինչ էլ
արձանագրեն, միեւնույն է, ընդհանուր 11%-ն անփոփոխ է մնում։ Մյուս կողմից՝
վիճ. տվյալները որքան էլ անարժանահավատ լինեն, միեւնույն է, մեծ թվերի
տրամաբանությամբ դրանք բավականաչափ օբյեկտիվ պատկեր են արտացոլում։
Օրինակ՝ երկրի ՀՆԱ-ի ընդամենը 44%-ն է ապահովում արդյունաբերությունը։ Սա
կարող է չափազանցված ցուցանիշ ընկալվել։ Սակայն երբ ծանոթանում ես
արդյունաբերություն համարվող երեւույթի կառուցվածքին, այն այնքան էլ
անարժանահավատ չի թվում։ Մեր արդյունաբերության 17%-ը կազմում է
էներգետիկան, 19%-ը՝ հանքագործական արդյունաբերությունը, 64%-ը՝ մշակող
արդյունաբերությունը։ Մշակող արդյունաբերություն արտահայտությունը զիլ է
հնչում։ Այն իր մեջ ահագին ոլորտներ է ներառում, քիմիական
արդյունաբերությունից՝ մինչեւ ծխախոտի արտադրություն։ Վիճակագրական
տվյալների ուսումնասիրությունն առավել ցայտուն կդարձնի հասարակական այն
ընկալումը, որ երկրի արտադրական համակարգում ճգնաժամը հաղթահարված չէ։
Քիմիական արդյունաբերությունը, ոսկերչական ապրանքների արտադրությունը
ապահովում են ՀՆԱ-ի 2-ական տոկոս։ Դրանք առանձին վերցված, իրենց ծավալով,
մոտ 12 անգամ զիջում են սննդամթերքի արտադրությանը։ Այսինքն՝ երկրի
տնտեսության 50%-ից ավելին շարունակում է իր ծագումով գյուղատնտեսական
մնալ։ 2005-ի առաջին կիսամյակն ամփոփելիս՝ նշվում է, որ գյուղատնտեսության
բաժինը ՀՆԱ-ում 16% է։ Սա՝ այն դեպքում, երբ առաջին կիսամյակում արդյունքի
տեսանկյունից գյուղատնտեսության համար ակտիվ կարելի է համարել միայն
հունիսը։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է մյուս ամիսներին
վիճակագրությունն այս ոլորտում աճ արձանագրել։ Փոխարենը դժվար չէ
պատկերացնել, թե ինչ ճոխ թվերով է ՀՆԱ-ի մեջ ներկայանալու
գյուղատնտեսությունը բերքահավաքային օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։
Հայաստանի տնտեսության գյուղատնտեսական թեքումը վերջին տարիներին կայուն
միտում է։ Անկախ այն փաստից, թե ինչ չափով է այն արդյունավետ, միեւնույն
է, ձեւավորում է երկրի տնտեսության հիմնական ուղղվածությունը։
Սննդարդյունաբերության մի ոլորտ՝ պահածոների արտադրությունը նկարագրելիս
վիճակագիրներն ամաչել են թվեր օգտագործել։ Նախորդ տարվա համեմատությամբ
այս ճյուղի աճը բառերով է նկարագրված՝ չորս անգամ։
Ինչո՞ւ հավատալ, կամ հակառակը
Այն, որ վիճակագրությունն օբյեկտիվ գործընթացներ արձանագրում է, հնարավոր
է տեսնել էներգետիկայի օրինակով։ 2005-ի հունիսին մայիսի համեմատ
էլէներգիայի արտադրանքը կրճատվել է 16%-ով։ Սա բնական է։ Հայաստանի
բնակչությունն աղքատ է եւ առավելագույնս խնայող։ Ջեռուցման սեզոնից հետո
էներգիայի օգտագործումը կտրուկ նվազում է։ Աղքատության պատճառով
բնակչությունը կոնդիցիոներներ համարյա չի օգտագործում։ Մյուս կողմից աղքատ
է նաեւ երկիրը։ Հետեւաբար՝ բնակավայրերում գիշերները հազվադեպ փողոցներ են
լուսավորվում։ Ռուս էներգետիկներից մեկը հաշվարկել էր, որ ամռան ամիսներին
ամբողջ Հայաստանը ծախսում է նույնքան էլեկտրաէներգիա, որքան ռուսաստանյան
200 հազարանոց ցանկացած քաղաք։ Այս հաշվարկը հրապարակվել է 2 տարի առաջ։
Մինչեւ հիմա էլ պատկերը չի փոխվել։ Հետեւաբար՝ որքան էլ Վիճվարչությունը
պնդի, որ բնակչության եկամուտներն աճել են 9%-ով, էներգետիկայի տվյալները
իրական պատկերն են ի ցույց դնում։
Հարաբերականորեն ընդունելի են նաեւ շինարարության վիճակագրական տվյալները։
Պաշտոնապես հայտարարվում է, որ նոր կառույցների 30%-ն արտադրական
նշանակության օբյեկտներ են։ Ավելի ազնիվ կլիներ իրականացված շինմոնտաժային
աշխատանքների ծավալը բաժանել ոչ թե բնակելի եւ արտադրական տարածքների,
այլ՝ բնակելիի եւ ոչ բնակելիի։ Որովհետեւ արտադրական է համարվում ցանկացած
ոչ բնակելի տարածք։ Մինչդեռ իրականում ոչ թե արտադրական շինություններ են,
այլ սպասարկման ոլորտի օբյեկտներ։ Ի վերջո, լուրջ ծավալի շինարարություն
կատարվում է միայն Երեւանի կենտրոնում եւ մայրաքաղաքից դուրս եկող
մայրուղիների վրա։ Վերջինս խաղատները բնակավայրերի կենտրոնից հանելու
պատմական որոշման իրագործման արդյունք է։
Վիճվարչության հրապարակումները նայելիս համոզվում ես, որ սա լուրջ եւ
համակարգված կառույց է։ Այստեղ հիշում են կառավարության բոլոր որոշումները
եւ փորձում թվերով ապացուցել, որ դրանք իրագործվում են։ Օրինակ՝ հենց
որոշվեց, որ հարկավոր է կրճատել արդյունաբերական ձկնորսության ծավալները
Սեւանում, այդ ոլորտում 28%-անոց անկում հրապարակվեց։ Բայց
էներգետիկա-բնակչության եկամուտներ համադրության օրինակի նման այլ
ոլորտներ էլ կան, ուր թվերը չեն համապատասխանում իրար։ Օրինակ՝
Հայաստանում ֆերմենտացված ծխախոտի արտադրությունը կրճատվել է մոտ 26%-ով։
Փոխարենը՝ սիգարետի արտադրությունն աճել է մոտ 20%-ով։ Թե ինչով են լցրել
այդ սիգարետները, վիճակագիրները չեն արձանագրում։ Հավանաբար «1-02»
հաղորդաշարը շուտով «Կանեփ-2005» հատուկ թողարկում կունենա։
Նման մանր վրիպումներ էլի կարելի է գտնել։ Եթե չշլանանք հավկիթի
արտադրության տոկոսային աճի ցուցանիշներով, այլ պարզապես հաշվենք, թե
որքան ձու է արտադրվում մեկ շնչի հաշվով, կպարզենք, որ միջին հայաստանցին
տարեկան մոտ 60 հավկիթ է ուտում։ Այնպես որ, մեր վիճակագրությունը մնում է
զուտ «հավատում եմ, չեմ հավատում» մանկական խաղի մակարդակում։ Ուզում եք՝
հավատացեք, ուզում եք՝ ոչ։ Լավ կլինի՝ չհավատաք։ Ի վերջո, ռուսական
թատրոնը կայացավ Ստանիսլավսկու «Չեմ հավատում» կարգախոսի ներքո։