Նախօրեին Բրյուսելում ավարտված Եվրամիության հերթական գագաթաժողովի արդյունքում ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնել են Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի առաջ քաշած նախապայմաններին: Արդյունքում Չեխիան կվավերացնի Լիսաբոնի պայմանագիրը այն վերապահումներով, որոնք կիրառել են Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը: Չեխիան ԵՄ անդամ վերջին պետությունն էր, որը հրաժարվում էր վավերացնել Լիսաբոնի պայմանագիրը: Չեխիայի համաձայնությունը ստանալուց հետո ճանապարհ է հարթվում նաեւ ԵՄ նախագահի պաշտոնի ստեղծման համար, ինչը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրով: ԵՄ առաջնորդները համաձայնել են Չեխիայի համար բացառել Հիմնարար իրավունքների եվրոպական խարտիայի մի շարք դրույթներ, քանի որ միայն այդ դեպքում Չեխիան կհամաձայնվի ստորագրել պայմանագիրը։ Այս մասին հայտարարությունն արվել է եվրոպական երկրների ղեկավարների հոկտեմբերի 29-ին կայացած Բրյուսելյան հանդիպումից հետո: Իսկ Չեխիայի նախագահ Վ. Կլաուսը հայտարարել է, որ պայմանագիրը կարող է վավերացվել նոյեմբերի 3-ին` երկրի Սահմանադրական դատարանի կողմից ուսումնասիրվելուց հետո: Ըստ այդմ, Կլաուսի պահանջով պետք է Չեխիային երաշխիքներ տրվեն, որպեսզի Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Չեխիային անցած Սուդեթյան մարզից հեռացած գերմանացիները եւ նրանց սերունդները իրենցից վերցված հողի եւ ունեցվածքի համար փոխհատուցում չպահանջեն: Նախնական տեղեկություններով, ԵՄ ապագա նախագահի եւ բարձրաստիճան ներկայացուցչի թեկնածության քննարկման, ինչպես նաեւ՝ Եվրահանձնաժողովի նոր կազմի ձեւավորման համար նոյեմբերի 11-12-ը Բրյուսելում կարող է տեղի ունենալ ԵՄ արտահերթ գագաթաժողով: