Երեկ Քաղբանտարկյալի միջազգային օրվա կապակցությամբ՝ Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստները ՀԱԿ ղեկավարների եւ նախկին քաղբանտարկյալների հետ միասին բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջեւ: Հիշեցնենք, որ Հայաստանում դեռեւս 17 քաղբանտարկյալ կա: Ակցիայի մասնակիցները բարձրախոսներով վանկարկել են՝ «Պահանջում ենք ազատություն», «Պայքար, պայքար մինչեւ վերջ» եւ այլ կարգախոսներ, ու թմբուկներ են զարկել: Այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են ակտիվիստների ձեռքից խլել բարձրախոսը` պահանջելով նաեւ դադարեցնել վանկարկումները, երիտասարդները դադարեցրել են բարձրախոսով խոսելը եւ թմբուկ խփելը, որպեսզի ակցիան մինչեւ վերջ շարունակվի: «Ինձ թվում է՝ մենք այս օրը պետք է հիշենք՝ որպես Խորհրդային Միությունից մնացած մղձավանջ, եւ հպարտանանք, որ մեր անկախ պետականության կերտումից հետո մենք չունենք որեւէ նման խնդիր, սակայն ամոթով եմ նշում այս օրը, որովհետեւ իմ ընկերները դեռ բանտերում են: Մենք պետք է պայքարենք այնքան ժամանակ, քանի դեռ մեկ հոգի կա կալանավորված իր քաղաքական հայացքների համար: Դա մեր բոլորի ամոթն է»,- հայտարարել է ակցիայի մասնակից, ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար, նախկին քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանը: Իսկ ՀՀ Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգող Վարդան Հարությունյանն ասել է, որ հոկտեմբերի 30-ը Ռուսաստանում ամեն տարի էլ պաշտոնապես նշում են, թեեւ իրենց մոտ ամենավերին օղակներում չեկիստներ են, բայց հարկ են համարում հաշվի նստել սովետական տարիների այլախոհական շարժման հետ՝ որպես պատմություն, որպես փաստ: