«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում` 4 օրերի ընթացքում հնչեցին 76-ամյա աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու 20-ից ավելի ստեղծագործություններ, բոլորն էլ` Հայաստանում առաջին անգամ: Պենդերեցկուն «Հովեր» կամերային երգչախմբի 6 մեներգիչների կատարումն այնքան էր դուր եկել, որ երեկ հրավիրված ասուլիսում նա հատուկ առանձնացրեց այն. «Շուրջ 40 տարիների ընթացքում ոչ ոք չէր կարողացել կատարել այդ գործը, որ այստեղ կատարեցին «Հովերի» մենակատարները»: Ամփոփիչ համերգին կոմպոզիտորն անձամբ գլխավորեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: «Ավանդույթի պակաս կա, իհարկե, հեշտ չէ 3 օրում սովորել այն, ինչ երբեք չես նվագում: Իմ երաժշտությունը դժվար է, բայց նվագախումբն արեց առավելագույնը իր ուժերի ներածի չափով, ես գոհ եմ: Հանդիսատեսն էլ իսկապես բաց է, հեշտությամբ ու ջերմ է ընդունում իմ գործերը»,- երեկ նշել է նա: Մեծ երաժշտին ոգեւորել է հատկապես երիտասարդ հանդիսատեսը, որոնց թիվը նրան հիշեցրել է 50-ականների եվրոպական հանդիսատեսին: Պենդերեցկին խոստովանել է, որ այսօր Արեւմուտքում իր գործերը լսելու է գալիս հիմնականում արդեն ալեհեր հանդիսատեսը: Ի դեպ, Պենդերեցկու եւ իր տիկնոջ համար Հայաստանն արդեն հարազատ վայր է դարձել, 2-րդ անգամ էին այցելում։ «Մենք նմանատիպ պատմություն ունենք»,- ասել է Պենդերեցկին` խոսելով Հայաստանի ու Լեհաստանի նմանությունների մասին: Նրա տիկնոջը հիացրել է Նորավանքը, ինչպես նաեւ՝ հայերի ու լեհերի եւս մեկ ընդհանրությունը` զգացմունքայնությունը:
Պենդերեցկուն, սակայն, դուր չի եկել մայրաքաղաք Երեւանը, նա այն համարում է «քաոսային»։ «Ձեզ մոտ ճարտարապետության քաոս է, ու նաեւ կանաչն է քիչ»,- նշել է բնության նկատմամբ մեծ սեր ունեցող կոմպոզիտորը, ով Կրակովից ոչ հեռու 300 հա տարածքում հիմնել է սեփական այգին եւ մոտ 35 տարիների ընթացքում հասցրել է հավաքել 1700 ծառատեսակ: Ք. Պենդերեցկու տատը Սպահանից գաղթած հայ է եղել, բայց իր հայկական արմատներին Պենդերեցկին դեռ չի հասցրել անդրադառնալ երաժշտության մեջ: Առաջիկայում նախատեսում է հայկական տեքստով հոգեւոր երաժշտություն գրել երգչախմբի համար:
Երեկ աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր, ծագումով հայ Քշիշտոֆ Պենդերեցկուն հյուրընկալել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, հոկտեմբերի 28-ին Ս. Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ք. Պենդերեցկուն Պատվո շքանշանով պարգեւատրելու մասին: