Մարիամ Գիշյանի ընտանիքը 1993 թվականից բնակվել է Լալայանց փողոցում:
2003թ. Մարիամի բնակարանն էլ է զոհ գնացել Հյուսիսային պողոտայի
կառուցապատմանը: 5 երեխաների հետ փողոցում հայտնված կինն արդեն 2 տարի
ապաստանում է տարբեր բարեկամների բնակարաններում: Որպես փոխհատուցում
ժամանակին այս ընտանիքին առաջարկվել է 20.000 դոլար, որն այդպես էլ նրանց
չի հաջողվել ստանալ: Մարիամը միայնակ մայր է, երեխաները առողջական լուրջ
խնդիրներ ունեն: Ավագ որդին 20 տարեկան է, փոքրը` 13: Այս ամենով հանդերձ,
այնուամենայնիվ, ավագ որդուն` Հովհաննես Քանքանյանին զորակոչել են: 2004-ի
դեկտեմբերին Հովհաննեսը զորացրվել է, եւ քանի որ ընտանիքը ոչ փաստացի
բնակության վայր ունի, ոչ գրանցում, տղան չի կարողացել անգամ անձնագիր
ստանալ: «Մի քանի օր առաջ գնացի Կենտրոնի զինկոմիսարիատ, ներկայացրեցի
իրավիճակը, խոստացան տղայիս գրանցել զինկոմիսարիատի վրա, որպեսզի կարողանա
անձնագիր ստանալ»,- պատմում էր երեկ խմբագրություն այցելած Մարիամը:
Անձնագիր չունենալու պատճառով 20-ամյա Հովհաննեսը մի քանի անգամ կորցրել է
աշխատանք ունենալու հնարավորությունը: Իսկ ընտանիքի դրամական եկամուտը
Մարիամի 4000 դրամ հիվանդության թոշակն է: Մարիամին, սակայն, երեկ
խմբագրություն էր բերել այլ մտահոգություն: Մի քանի օր առաջ նրա երկրորդ
որդին` 18-ամյա Գրիգոր Քանքանյանը տանից դուրս է եկել եւ այլեւս չի
վերադարձել: «Մինչեւ հիմա այդպիսի ոչ մի դեպք չէր եղել, որ նա առանց
զգուշացնելու ուշանար կամ ընդհանրապես չգար»,- պատմում է մայրը, եւ,
ինչպես հավաստիացնում է, տղային փնտրել է ամենուրեք, ընդհուպ՝ մինչեւ
դիահերձարան: Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին հաջողվել է
պարզել, որ տղան Նուբարաշենի բանտում է: Մայրը չի կարողանում հասկանալ`
տղան ինչպե՞ս է հայտնվել այնտեղ: Ի դեպ, Գրիգորը էպիլեպտիկ է, սակայն
Զինվորական բժշկական հանձնաժողովը, ինչպես մայրն էր հավաստիացնում, հաշվի
չի առել այդ փաստը: «Ոչ էլ փորձեցին ճշտել` ճի՞շտ ենք ասում, թե՞ ոչ»,-
ասում է Մարիամը: Ավելին` 43 կգ կշռող Գրիգորի փաստաթղթերում քաշն
արձանագրել են 47 կգ: «Տղայիս Կենտրոնի զինկոմիսարիատն է բռնել տվել, իբր
խուսափում է ծառայությունից, սակայն մենք երբեք ծանուցագիր չենք ստացել
նրանց կողմից, ախր ո՞նց պիտի ստանայինք, եթե բնակության կոնկրետ վայր ու
գրանցում չունենք»,- ասում է Մարիամը: Երկու օր առաջ Կենտրոն
զինկոմիսարիատում Մարիամին պատասխանել են. «Մեր բժշկական հանձնաժողովը ձեր
տղային առողջ է գտել, հիմա դատարանը ինչպես որոշի, այնպես էլ կլինի, եթե
որոշի, որ պետք է ծառայի, ուրեմն` կծառայի»: Մարիամը ստույգ չէր հիշում՝
ում հետ է խոսել, ասում էր` զինկոմի տեղակալի: «Բայց ո՞նց կարելի է
երեխային փողոցից բռնել տանել ու հարազատներին չզգուշացնել,- ոչ մի կերպ
չի հասկանում Մարիամը,- լավ, ես հասկանում եմ, որ Հայրենիքին զինվորներ են
պետք, բայց նախ եւ առաջ Հայրենիք է պետք ունենալ, էդ Հայրենիքում քո
տարրական իրավունքները պաշտպանված պետք է լինեն, որ երեխադ էլ գնա ծառայի,
իսկ սրանք փողոցից բռնել-տարել են, երկու տարի հետո նորից փողոց են
շպրտելու, եւ դեռ խոսում են Հայրենիքի անունից: Ենթադրենք նաեւ, որ իմ
տղան առողջ է ու պիտի ծառայի, լավ, բա մի նամակ չպե՞տք է գրի իր մորը,
ո՞ւր պիտի ուղարկի, ծրարի վրա գրի` «Երեւան, մայրիկի՞ս»: Մարիամի
հավաստմամբ տղայի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել:
Երեկ երբ փորձեցինք Կենտրոնի զինկոմիսարիատից Գրիգոր Քանքանյանին
վերաբերող այլ մանրամասներ ճշտել, զինկոմի տեղակալ Բեգլարյանը տեղեկացրեց
ընդամենը, որ Գրիգորը խուսափում էր զինծառայությունից: Իսկ թե ինչու է
Գրիգոր Քանքանյանը հայտնվել Նուբարաշենի բանտում եւ ինչ է սպասվում նրան,
պրն Բեգլարյանը մի քիչ մտածելուց հետո պատասխանեց` «Ես միայն կարող եմ
ասել, որ զինկոմիսարիատը այստեղ ոչ մի կապ չունի», եւ խորհուրդ տվեց դիմել
Կենտրոնի քաղմաս: Այնտեղ այդ մասին ոչ ոք տեղյակ չէր, առաջարկեցին մոր հետ
այցելել քաղմաս եւ հայտարարություն տալ տղայի անհետացման մասին, իսկ ողջ
այս պատմությունը լսելուց հետո խորհուրդ տվեցին պարզապես դիմել
զինկոմիսարիատ, կամ` դատարան, կամ` դատախազություն, բայց ոչ իրենց…
Մարիամ Գիշյանին երեկ ուղեկցում էր Հյուսիսային պողոտայի բնակիչների
պաշտպանության կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանը, ով այս օրերին աջակցել
է ծանր սթրեսային վիճակում գտնվող կնոջը: