Գրավում են ու «բարենպաստում»

28/10/2009

Մոտ մեկ ամիս առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմքի միանգամայն մտահոգ ու նույնքան վրդովված արտահայտությամբ խոսում էր շինարարության ոլորտում «ատկատների» առկայության մասին: Այդ արատավոր երեւույթի վերաբերյալ վարչապետը խոսում էր այնպիսի վճռականությամբ, որ թվում էր` դրանից հետո ում բացահայտեն «ատկատ» անելիս, վտարելու են հայկական աշխարհից: Սակայն մեր կառավարությունը, պարզվում է, ավելի մարդասիրական է: Եվ ԱԺ-ին է ներկայացրել մի օրինագիծ, որով «ատկատի» ինստիտուտը առնվազն շինարարության ոլորտում միանգամից արմատախիլ կարվի: «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» անունով օրինագծով… «ատկատի» մեխանիզմը ըստ էության օրինականացվում է` այդպիսով դադարելով գոյություն ունենալ որպես անօրինական երեւույթ: Ընդամենը մեկուկես էջի վրա շարադրված այս օրինագծով առաջարկվում է կառավարությանը հնարավորություն տալ ընտրել կառուցապատողների ու պետական բյուջեից ֆինանսավորել նրանց: Ընդ որում, օրինագծում ընտրության որեւէ մեխանիզմ, ասենք, գոնե տենդերի անցկացում ամրագրված չէ: Կառավարությունը ընտրում է եւ վերջ: «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող երեք տարվա ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հանրային (այդ թվում՝ մարզակառույցների) եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը համաֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից»,- նշված է այս հիասքանչ օրինագծում: Ամեն ինչ շատ պարզ է: Որեւէ կառուցապատող ընկերություն վերջին երեք տարիներին 1 մլրդ եւ ավելի ներդրումային ծրագրեր իրականացնելու «տեղեկանք» է ներկայացնում եւ կառավարությունը, «հանրային ու բնակարանային կառուցապատման ծրագրեր իրականացնող կառուցապատողների համար գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելու» (այսպիսին է օրինագծի հիմնավորումներից մեկը) ազնիվ մղումով իսկույն ֆինանսավորում է այդ ընկերությանը: Իսկ ովքե՞ր են Հայաստանում ու հատկապես Երեւանում «հանրային» կամ էլիտար շինարարություն իրականացնում: Նախկին ու ներկա պետական բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորներն ու նախարարները: Այնպես որ, այս օրինագիծը շատ արդյունավետ կարող է լինել նաեւ պրակտիկ իրագործման տեսանկյունից: Վարչապետը հերթական «նպաստառուին» կարող է ընտրել հենց կառավարության նիստերի կամ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: