Օրենք՝ «Փող լվանալու մասին»

28/10/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Ազգային ժողովի քառօրյա նիստերի քննարկման օրակարգում է գտնվում ՀՀ կառավարության ներկայացրած մի հետաքրքիր օրինագիծ՝ նույնքան հետաքրքիր վերնագրով` «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին»:

Այս օրինագիծը շատ նպատակային է ու հակիրճ: Բաղկացած է ընդամենը 4 հոդվածից ու մեկուկես էջից: Հիմնական նպատակը ձեւակերպված է առաջին հոդվածում` «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ՀՀ-ում իրականացվող երեք տարվա ընթացքում 1 մլրդ դրամից ավելի հանրային (այդ թվում՝ մարզակառույցների) եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերը համաֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից»:

Այսպիսով, կառավարությունը որոշել է ֆինանսավորել շինարարության ոլորտը: Օրենքով: Ընդ որում, ինքն էլ պետք է որոշի, թե հատկապես ո՞ր կազմակերպություններին պետք է հատկացվեն այդ նպատակով պետական բյուջեից առանձնացված գումարները: Հայտնի է, թե մինչեւ հիմա հանրային ու բնակարանային ինչ շինարարություն է իրականացվել մեր երկրում, եւ ովքեր են իրականացրել այդ կառուցապատումը: Հայտնի է նաեւ, որ շինարարությունը մինչեւ հիմա մեծ մասամբ դուրս է եղել հարկային դաշտից եւ կառուցապատողներին ապահովել է հսկայական շահույթներ: Բայց տնտեսական ճգնաժամի արդյունքում վերջին տարվա ընթացքում անկում ապրեց նաեւ այս ոլորտը: Սակայն տարեսկզբից սկսած մեր կառավարությունը բազմաթիվ միջոցներով` հսկայական պետական երաշխիքներով, վարկային գումարներով աջակցություն ցուցաբերեց այս ոլորտին` գերշահույթներ ստացող կառուցապատողներին: Այս ամենը քիչ է, հիմա էլ պետք է պետբյուջեից գումարներ հատկացվեն: «Կառուցապատման ծրագրերի ընտրության, այդ ծրագրերի սկսման ու ավարտման, ինչպես նաեւ՝ համաֆինանսավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»,- նշված է օրինագծի առաջին հոդվածի վերջում:

«Մենք գիտենք, որ ՀՀ-ում նման ծրագրերի իրականացման թիկունքում կանգնած են բարձրաստիճան չինովնիկներ, որոնք փողեր են լվանում: Հիմա կառավարությունն առաջարկում է, որ ԱԺ-ի ձեռքով հնարավորություն ստանա իրենց ծանոթ-բարեկամների համար մրցույթներում հաղթանակ ապահովել եւ այդ գումարները մսխել»,- կառավարության ներկայացրած օրինագիծը այսպես է մեկնաբանում պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

Այս օրինագծով կառավարությունն ուզում է այսուհետ ոչ միայն ֆինանսավորել մասնավոր շինարարությանը` որպես ոլորտի, այլ նաեւ որոշել, թե որ կազմակերպությանը եւ ինչ չափով պետք է գումար հատկացնի: Օրինագծում նշված չէ նաեւ, թե այդ կազմակերպություններին համաֆինանսավորման կարգով պետբյուջեից հատկացված գումարներն արդյո՞ք պետք է վերադարձվեն, կամ` ե՞րբ պետք է վերադարձվեն: Կան նաեւ այլ վիճահարույց հարցեր: Նշված չէ, ասենք, նաեւ, թե ինչ չափանիշներով պետք է ընտրվեն այդ կազմակերպությունները, մրցույթ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Պարզապես նշված է, որ պետք է համաֆինանսավորվի, ու վերջ: Մնացած հարցերը կառավարությունում կորոշեն «տնավարի»: «Այստեղ վերեւից ներքեւ գործում է կոռուպցիայի համակարգ, եւ մարդիկ մուծվում են: Դրա համար այդ ծրագրերի ընտրության կամ համաֆինանսավորման հետ կապված բոլոր սկզբունքները, մեխանիզմները պետք է կարգավորվեն օրենքով: Եվ ոչ թե կառավարությունը կարգ սահմանի եւ դրանով որոշի գումարներ հատկացնել, եւ ոչ թե իրենց կողմից ստեղծված կազմակերպությունները շահեն այդ տենդերները: Խոսքը գնում է հսկայական միջոցների մասին: Մենք ասում ենք, որ այս բոլոր հարցերը կարգավորվեն օրենքով, որպեսզի սուբյեկտիվ պահերը նվազագույնի հասցվեն: Այն, ինչ Հյուսիսային պողոտայում իրականացվեց, մենք գիտենք, թե ինչպես արվեց: Մարդկանց իրենց տներից հանել են, այդ տարածքները զավթել, բազմաբնակարան շենքեր են կառուցել, փող են աշխատել, դրա անունն էլ դրել են՝ պետական գերակա շահ: Դրա համար էլ ես մտահոգություն ունեմ, որ եթե այս ծրագրերն իրականացվեն կառավարության որոշումներով, լուրջ խնդիրներ կարող են առաջանալ»,- ասում է Վ.Դալլաքյանը:

Հետաքրքիր է նաեւ այս օրինագծի հիմնավորումը: Նախ նշված է, որ նախագիծը նպատակ ունի կառուցապատողների համար գրավիչ ու բարենպաստ պայմաններ ապահովել: «Օրենքի նախագիծն ուղղված է հանրային ու բնակարանային կառուցապատման ծրագրեր իրականացնող կառուցապատողների համար գրավիչ ու բարենպաստ պայմաններ ստեղծելուն»,- նշված է օրինագծի հիմնավորման մեջ: «Ես կարծում եմ, որ գրավիչ պայմանը մենակ սեքսում կարող է լինել,- ասում է Վ.Դալլաքյանը` ավելացնելով,- Անհասկանալի է, երբ արդեն կառուցված բնակարանները չեն վաճառվում, այս ի՞նչ մոտեցում է, որ շարունակվում է: Եթե այդ շինարարությունը բնակչության անապահով խավերի, զոհված ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամների, երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակ ունենա, մենք կհասկանանք, որ պետությունը համապատասխան մոտեցումներ ցուցաբերի: Բայց այս ամեն ինչից երեւում է, որ պարզապես մարդիկ ուզում են փող աշխատել պետության միջոցով»: «Այս ծրագրերի ավելացման արդյունքում ՀՀ-ում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր, կաշխուժանա շինանյութերի շուկան` կընդլայնվի շինանյութերի արտադրությունը, եւ կմեծանա շինանյութերի ներմուծումը»,- նշված է հիմնավորման շարունակության մեջ:

Առաջին հայացքից թվում է, թե տնտեսության աշխուժացմանը նպաստող հիմնավորում եւ օրինագիծ է, բայց երբ նորից հիշում ենք, թե ողջ շինարարական ոլորտը՝ սկսած ներմուծումից, արտադրությունից՝ մինչեւ կառուցապատում, ում ձեռքերում է գտնվում, հասկանում ենք, թե փոշիացման կամ թալանի ինչ ճակատագիր է սպառնում պետբյուջեի փողերին: Այս ծրագիրը բավականին նման է գազի սուբսիդավորման գործընթացին, երբ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի վաճառքից 148 մլն դոլար հատկացվեց այդ նպատակով: Այդ գումարը հիմնականում սպառեցին արտադրողները, այդ թվում՝ շինանյութ արտադրողները: Նույնը սպառնում է նաեւ այս ծրագրին: Կառավարությունում որոշել են այլեւս առանց ձեւականությունների պետբյուջեից փող «դուրս գրել» նաեւ շինարարության խողովակով: Չէ՞ որ շինարարությունը փող լվանալու ամենահարմար ճանապարհն է: Օրինագիծը հավանաբար ընդունել կտան, իրենց որեւէ զոքանչի անունով ընկերություններ կգրանցեն, եւ բյուջեից գումարները կհոսեն այդ ընկերություններ: Այսքանից հետո դեռ գտնվում են մարդիկ, ովքեր ասում են, թե կառավարությունը չի պայքարում կոռուպցիայի դեմ: