Նախազգուշացրել է

28/10/2009

«Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, որն արտացոլվել է հայ-թուրքական սահմանը փակ պահելու մեջ, ոչինչ չի ապացուցում, ընդամենը խորհրդանշական ժեստ է»,- ասել է թուրք վերլուծաբան Բուրչու Գյուլթեքին Փունսմանը: «Վերջին 17 տարիներին Թուրքիայի բոյկոտը ոչ մի լուծում չի բերել: Դժվար է վիճել, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելը ոչ մի դրական ներգործություն չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,- նշել է նա:

Փունսմանի կարծիքով՝ «ստատուս-քվոն օգտակար չի եղել Թուրքիային սեփական քաղաքականության նպատակներին հասնելու առումով: Ստատուս-քվոն հազիվ թե շահավետ է եղել նաեւ Ադրբեջանի համար»: «Հնարավոր է, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները նորովի բնորոշելու կարիք կա: Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգ եւ երկու պետություն են, սակայն երկուսը մեկ պետություն չեն: Ընտանիքի անդամները շատանում են»,- ասել է նա:

Ընդգծելով, որ հայ-թուրքական երկխոսությունը խթանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո ԼՂ հակամարտության բանակցությունները, Բուրչու Գյուլթեքին Փունսմանը նշել է, որ «իհարկե, հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անուղղակի կապ կա: Սակայն Ղարաբաղի հիմնախնդիրը նախապայման է եղել 17 տարի շարունակ, եւ ի՞նչ, ոչ մի լուծում ձեռք չի բերվել»: Նա նաեւ նախազգուշացրել է, որ եթե Թուրքիայի եւ Հայաստանի խորհրդարանները չվավերացնեն Արձանագրությունները, Ղարաբաղի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կդադարեցվեն, եւ Մինսկի խմբի շահագրգռվածությունը տվյալ հարցի շուրջ կմարի, եւ կնվազեն մոտալուտ ապագայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: