Աղքատությունը շարունակվում է

28/10/2009

Չնայած 2008թ պաշտոնական ցուցանիշներով նվազել է թե՛ աղքատության մակարդակը, թե՛ աղքատության սրությունը, այդուհանդերձ, աղքատությունը դեռ շարունակում է խնդիր լինել Հայաստանի համար, քանի որ բնակչության 23.5%-ը (ավելի քան 760 հազար մշտական բնակիչ) աղքատ է, իսկ նրանցից մոտավորապես 100 հազարը՝ ծայրահեղ աղքատ: Հղում անելով Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» թեմայով զեկույցին, «Ա1+»-ը գրում է, որ աղքատությունը շարունակում է նկատելի բարձր մնալ Երեւանից դուրս այլ քաղաքային բնակավայրերում, իսկ Երեւանում այն ամենացածրն է: Հարցումն արվել է 7872 տնային տնտեսությունների շրջանում: Այն օգտագործվելու է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ ՀՀ կառավարության միջեւ կնքված 235.65 մլն դոլար արժողությամբ Համաձայնագրի ազդեցության գնահատման նպատակով:

Ըստ զեկույցի՝ 2004-2008թթ. ընթացքում Հայաստանում աղքատությունը նկատելի նվազել է, ավելի քան 350 հազար մարդ կարողացել է դուրս գալ աղքատությունից: Հարցումները ցույց են տվել, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում աղքատության մակարդակի կրճատումը պայմանավորող առավել կարեւոր գործոնը կայուն եւ առաջանցիկ տնտեսական աճն է` 56.6%: Կայուն տնտեսական զարգացումները զուգորդվելով բնակչության եկամուտների նվազող անհավասարության եւ մասնավոր տրանսֆերտների անդադար հոսքի հետ, նպաստել են բնակչության սպառման զգալի ավելացմանը: Ավելին, զեկույցը վկայում է, թե դիտարկվող ժամանակահատվածում, ըստ եկամուտների ցուցանիշի, անհավասարությունը մի փոքր նվազել է: Բայց հետաքրքիր է նաեւ այն, որ հարցվածներից միայն 2.3 տոկոսն է իրեն ծայրահեղ աղքատ համարում, իսկ 14,7 տոկոսը՝ աղքատ, այդ իսկ պատճառով աղքատության ընդհանուր մակարդակը 2008թ.-ին, ըստ ինքնագնահատման, կազմել է 17.0%: