Դրամահավաք Շուշիի համար

26/10/2009

Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ամենամյա «Հեռուստամարաթոն 2009» ազգային տուրքի շրջանակում Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում տեղի է ունեցել բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ, որին մասնակցել են ռուսաստանաբնակ շուրջ 80 հայազգի գործարարներ: Ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, դրամահավաք-ճաշկերույթին մասնակցել են նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը եւ Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Հանգանակված գումարներն ուղղվելու են Շուշիի զարգացման ծրագրերին: Դիմելով միջոցառման մասնակիցներին` Սերժ Սարգսյանն իր ելույթում ասել է. «Աշխարհում երեւի քիչ կան այնպիսի բարդ ճակատագիր ունեցող քաղաքներ, ինչպիսին Շուշին է: Մեր տարածաշրջանում չի եղել մի պատերազմ, որի ընթացքում մեծապես չտուժեր մեր գեղեցիկ բերդաքաղաքը: Բավական է հիշել, որ վերջին երկու հարյուր տարում Շուշին առնվազն տասնհինգ անգամ ձեռքից ձեռք է անցել: Դրանով այն տասնապատիկ ավելի թանկ է մեզ համար»,- ասել է Սերժ Սարգսյանը` կոչ անելով շռայլորեն մասնակցել հանգանակությանը: «Մենք ինչ էլ որ տանք, ավելին չենք տալու, քան այն արյունը, որ տվեցին Շուշին մեզ վերադարձրած ազատամարտիկները: Արժանի լինենք նրանց սուրբ գործին,- ասել է Ս. Սարգսյանը` ավելացնելով,- Մենք շատ ենք եւ մենք ուժեղ ենք բոլոր այն հայորդիներով, բոլոր նրանցով, ովքեր այս պահին բառիս բուն իմաստով ժայռերի մեջ են եւ Արփա-Սեւան թունելն են նորոգում` օր առաջ Սեւանին ջուր հասցնելու համար, ովքեր հեռավոր Արգենտինայում հայ երեխաներին սովորեցնում են հայկական պար պարել, որովհետեւ հավատում են Կոմիտաս վարդապետի այն խոսքերին, թե «ազգային դաստիարակության ամենահզոր միջոցը հայկական պարն է», ովքեր այս պահին Արցախում զենքը ձեռքներին հսկում են մեր ժողովրդի խաղաղությունն ու արարումը, ովքեր Ցեղասպանության ցավի աղաղակը չեն կարողանում այլ կերպ հնչեցնել, քան օտար լեզվով եւ ռոք երաժշտության միջոցով, որովհետեւ անհնար է ավելի բարձր ճչալ, ովքեր Թուրքիայում հայերեն ու թուրքերեն թերթ են հրատարակում իրենց հոգու խոսքն ասելու համար, որ երբեմն հավասարազոր է դառնում նահատակության, ովքեր չեն հոգնում եւ չեն հուսահատվում շատ երկրների հասարակությունների բոլոր շերտերին եւ հատկապես պաշտոնյաներին պարզաբանելուց, որ մենք ծարավի ենք արդարության, ովքեր Լիբանանում ռազմական գործողություններից հետո հայկական դպրոցներ են նորոգում»: Դրամահավաք-ճաշկերույթի ընթացքում նվիրաբերված գումարների չափը եւ նվիրատուների անունները «Հայաստան» համահայկական հիմնադրամը կհրապարակի հեռուստամարաթոնի օրը` նոյեմբերի 26-ին: