Սննդամթերք արտադրել կարող են բոլո՞րը

27/08/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հացի արտադրությունն այսօր այնքանով է շահավետ, որ մի դեպքում արտադրողն
ալյուրը ձեռք է բերում անհամեմատ ցածր գնով, մյուս դեպքում էլ սպառողին
խաբում է հացի պակաս քաշ մատուցելով: Ուսումնասիրելով սննդամթերքների
խանութները՝ պարզ դարձավ, որ շատ խանութներում վաճառողները հացի քաշի
մասին տեղեկատվությանը չեն տիրապետում, իսկ մակնիշումն ընդհանրապես
բացակայում է: Մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարեւանությամբ գտնվող
«Լիություն» խանութում վաճառվող հացերի վրա առհասարակ մակնիշում չկար:
Մինչդեռ հիշեցնենք, որ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության
Որակի տեսչության պետի տեղակալ Գ. Գեւորգյանը մեր նախորդ հարցազրույցներից
մեկում համոզում էր, որ իրենց ջանքերով վաճառվող հացերի 80-90%-ը
մակնիշվում է: «Լիություն» խանութում վաճառվող 100 դրամանոց «Բուխանկան»
կշռելով մեկ այլ խանութում՝ պարզեցինք, որ այն 400 գրամ է, 90 դրամանոց
փոքր «Մատնաքաշը»՝ 290 գրամ, 120 դրամանոց փոքր «Հրազդանը»՝ 300 գրամ եւ
այլն: Խանութի վաճառողն ասաց, որ իրենց սպասարկում է խանութին կից հացի
փուռը: Խանութներում հացի մակնիշման բացակայությունը սպառողին
ապակողմնորոշելու նպատակ ունի: Եթե մակնիշում չկա, գնորդը չի կարող
ապացուցել, որ իրեն խաբում են: Մեր օրերում հացի արտադրություն
նախաձեռնելն ամենահեշտ եւ եկամտաբեր գործունեություններից մեկն է: Դրա
համար անհատը դիմում է Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն եւ երեք
օրվա ընթացքում ստանում լիցենզիա: Սննդամթերքի լիցենզիան գնում է պարզ
ընթացակարգով, իսկ դա նշանակում է, որ ցանկացած անձ, ցանկացած
պայմաններում լիցենզիա ստանալուց հետո կարող է հացի արտադրություն
իրականացնել: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը միայն 2004
թվականին սննդամթերքի արտադրության 3892 լիցենզիա է տրամադրել:
Սննդամթերքի արտադրության գործունեության տեսակն՝ ըստ լիցենզավորման մասին
օրենքի, բաժանված է մի քանի խմբերի՝ թորած ալկոհոլային խմիչքների եւ
խմորման նյութերի՝ էթիլային սպիրտի արտադրություն, լիկյորների, գինու
(խնձորի եւ հատապտղային այլ գինիների) արտադրություն, խմորման նյութերից
այլ չթորած խմիչքների արտադրություն, գարեջրի արտադրություն եւ այլ
սննդամթերքի արտադրություն: Հացամթերքի արտադրությունը ներառված է այլ
սննդամթերքի արտադրության գործունեության տեսակի մեջ: Համաձայն
լիցենզավորման մասին օրենքի՝ գոյություն ունի լիցենզավորման երկու տեսակի
ընթացակարգ՝ բարդ եւ պարզ: Սննդամթերքի արտադրությունը ներառված է պարզ
լիցենզավորման ընթացակարգում, եւ լիցենզիա ստանալու համար արտադրողից
պահանջվում է կանոնադրություն, պետական գրանցման վկայական, համապատասխան
հայտ եւ 25.000 դրամ պետական տուրք: Ֆինանսների եւ էկոնոմիկայի
նախարարության Ֆինանսական շուկայի զարգացման եւ արժութային կարգավորման
վարչության պետ Կարեն Թամազյանն ասում է. «Երեք օրվա ընթացքում բոլոր
փաստաթղթերը ներկայացնելու դեպքում արտադրողը ստանում է լիցենզիա:
Լիցենզիան զուտ իրավունք է, որ մարդը կարողանա զբաղվել տվյալ
գործունեությամբ: Լիցենզիա ստանալուց հետո արտադրողը պարտավոր է
գործունեություն սկսելուց առաջ ներկայանալ Հակահամաճարակային պետական
տեսչության, Որակի տեսչության, Հարկային տեսչության տարածքային մարմիններ:
Արտադրությունը սկսելուց հետո, եթե վերահսկող մարմինները տնտեսվարող
սուբյեկտի մոտ խախտում են արձանագրում, ապա մենք իրավունք ունենք
լիցենզիան կասեցնել»: Հարկ է նշել, որ կառավարությունը որոշում է
ընդունել, ըստ որի՝ սննդամթերքի արտադրության գործունեություն սկսելու
համար արտադրողները լիցենզավորելու պարտավորությունից ազատվում են:
Այսինքն՝ լիցենզավորումը որպես վարչական խոչընդոտ, այլեւս վերացվում է,
որպեսզի սննդամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների
գործունեությունն ազատականացված լինի: Կառավարության սույն որոշումն
այնքանով է հետաքրքիր, որ ալյուրի մատչելի գների հետ մեկտեղ, Հայաստանի
Հանրապետության ամեն հինգերորդ քաղաքացին հացի արտադրություն է սկսելու,
ընդ որում, անկախ նրանից՝ արդյո՞ք հացաթխման համապատասխան պայմաններ ունի,
թե՞ ոչ: Իսկ գնորդին առաջարկվելու է ավելի անորակ ու հակահիգիենիկ, անքաշ
հաց: