Խմբագրություն էր դիմել Ներքին Չարբախի 8-րդ փողոցի թիվ 25 տան բնակիչ Արամ Գեւորգյանը` խնդրելով աջակցել իր ոտնահարված իրավունքները վերականգնելու հարցում:
Ա. Գեւորգյանը 1963 թ.-ից ծնողների հետ բնակվել է նշյալ հասցեում գտնվող տանը, որը գրանցված է եղել նրա հոր` Հրանտ Գեւորգյանի անունով: «Մենք 6 երեխա ենք եղել, որոնցից ամեն մեկն էլ տնավորվել, գնացել են, եւ ծնողներիս հետ ես եմ իմ ընտանիքով մնացել: Հորս եւ մորս մահից հետո ժառանգություն ստանալու խնդիր առաջացավ, եւ ես սկսեցի այդ հարցով զբաղվել»,- պատմում է Ա. Գեւորգյանն, ով 2008թ. դիմել է Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան` տունը ժառանգություն ստանալու հայցադիմումով: Դատարանն ապացուցված է համարել այն փաստը, որ չնայած Հ. Գեւորգյանի մահից հետո անշարժ գույքի նկատմամբ ըստ կտակի եւ ըստ օրենքի ժառանգություն չի ձեւակերպվել, այնուամենայնիվ, Հ. Գեւորգյանի անվամբ ժառանգական գույքը փաստացի տիրապետել եւ կառավարել են նրա կինն ու որդին` Մարո Մուրադյանն ու Արամ Գեւորգյանը: Մ. Գեւորգյանից հետո մնացած ժառանգական գույքը փաստացի ընդունել է Ա. Գեւորգյանը, որը տիրապետել եւ կառավարել է այն, նաեւ միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու եւ այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, բարեխղճորեն վճարել է հողի հարկն ու գույքահարկը: Այնուհետեւ գնահատելով գործի ապացույցները` դատարանը որոշել է, որ դիմումը հիմնավորված է եւ ենթակա է բավարարման: «Դիմումը բավարարել: Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Ա. Գեւորգյանը հանդիսանում է Հ. Գեւորգյանի անվամբ որպես սեփականություն հաշվառված Երեւան քաղաքի Ներքին Չարբախի 8 փողոցի, 25 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ»,- նշված է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Ի. Բարսեղյանի կայացրած վճռում: Թեեւ ժառանգության հարցով Ա. Գեւորգյանի բոլոր պահանջները կատարվել են օրենքի համաձայն, եւ շուտով նա կստանա տան սեփականության իրավունքի վկայականը, այդուհանդերձ, նա պնդում է, որ իր ընտանիքին պատկանող տնամերձ հողամասի նկատմամբ կադաստրային մարմիններն իր իրավունքները ճանաչելու հարցում մերժում են: Ա. Գեւորգյանի հավաստմամբ՝ տնամերձ հողամասն իր ընտանիքը տիրապետել է դեռեւս 1992 թ.-ից, քանի որ այն պետության կողմից հատկացվել է մորը: Ա. Գեւորգյանը վստահեցնում է, որ տնամերձ հողամասը մինչ օրս օգտագործում են, եւ դա 2-րդ կարգի հաշմանդամ այս մարդու ընտանիքի համար ապրելու միջոց է: «Գրավոր դիմում ներկայացրեցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ահազանգելով, որ Անշարժ գույքի պետական կոմիտեում, նոտարական գրասենյակում համատարած կաշառակերություն է տիրում, հարցերը լուծվում են քաղաքացիների գրպանների պարունակության համաձայն: Բայց դիմումի պատասխանը ստացա Կադաստրի պետական կոմիտեի պետի տեղակալի կողմից:
2-րդ դիմումը գրեցի` ասելով, որ հարգարժան նախագահ, ես ձեզ դիմում եմ գրում, կադաստրի անօրինականություններից բողոքում եմ անձամբ ձեզ, որպեսզի հետամուտ լինեք, բայց, փաստորեն, պատասխանը ստանում եմ կադաստրի պետի տեղակալից: Դիմումում նշեցի, որ, եթե ձեր աշխատակազմում հասկացող մարդ չկա, ուրեմն` կդիմեմ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, կխնդրեմ 200.000 դրամ ողորմություն տան ինձ, որ իմ իրավունքները ճանաչելու համար տանեմ կադաստրին կաշառք տամ»,- ասում է Ա. Գեւորգյանը` ավելացնելով, որ 400 մետր հողամասն իրավական ճանապարհով ժառանգություն ստանալու մերժումը գլխավոր նոտարի կողմից պատճառաբանվել է փաստաթղթերի բացակայությամբ: Մինչդեռ, Ա. Գեւորգյանը Հայաստանի ազգային արխիվի Երեւանի քաղաքային մասնաճյուղից ձեռք է բերել մի փաստաթուղթ, ըստ որի` այն ժամանակ Շահումյանի շրջխորհրդի գործկոմը 1991թ. հունիսի 28-ին որոշում է կայացրել Ա. Գեւորգյանի մորը` Մարո Մուրադյանին հատկացնել տնամերձ այս հողամասը: Արխիվային քաղվածքում մասնավորապես նշվում է` «1991թ. մարտ ամսին Ն. Չարբախի կոլտնտեսությունը հարց է բարձրացրել 4,5 հա տնամերձ հողամասերի ֆոնդ ստանալու համար: Գործադիր կոմիտեն հաստատել է կոլտնտեսության ընդհանուր ժողովի որոշումը եւ միջնորդագիր ներկայացրել ՀՀ նախարարների խորհուրդ` վերոհիշյալ որոշումը հաստատելու համար: 1990թ. նոյեմբերի 15-ին նախարարների խորհուրդը հ. 520 որոշումով հաստատել է կոլտնտեսությանը 4,5 հեկտար տնամերձ հողամասեր հատկացնելու մասին որոշումը: Տնամերձ հողամասեր հատկացնող հանձնաժողովը 110 կոլտնտեսականի ցուցակ է ներկայացրել գործադիր կոմիտե՝ քննարկելու համար: Ստեղծված պատգամավորական եւ տեղի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը մանրամասն ստուգման են ենթարկել ներկայացված ցուցակի օրինակը: Գործադիր կոմիտեն որոշում է տնամերձ հողամասեր հատկացնել 84 կոլտնտեսականների»: Փաստաթղթերից մեկով էլ ամրագրված է, որ Ն. Չարբախ գյուղի կոլտնտեսությունից հողամասեր ստացողների ցուցակում է Ա. Գեւորգյանի մայրը` Մարո Մուրադյանը: Ա. Գեւորգյանը տեղեկանք ունի նաեւ թաղային կոմիտեից, ըստ որի՝ թեեւ առանց պետական գրանցման (այն տարիներին պետական գրանցում չէր կատարվում), այդուհանդերձ, այդ հողամասը պատկանում է իր ընտանիքին: Ա. Գեւորգյանը չի դադարում դիմել համապատասխան մարմիններին` տնամերձ հողամասի հանդեպ իր իրավունքները հաստատելու համար: