Սիրային կինոզուգահեռներ՝ մեծ կինոյում

26/10/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» ֆիլմը հետխորհրդային Հայաստանում ստեղծված այն սակավաթիվ լիամետրաժ խաղարկային ֆիլմերից է, որը կարող է մրցունակ համարվել համաշխարհային կինոշուկաներում եւ հետաքրքրությամբ դիտվել հայ հանդիսատեսի կողմից:

Ֆիլմի գլխավոր թեման սերն է, որը ձգվելով տարիների ու տարբեր ազգային մտածելակերպ ունեցող պերսոնաժների կյանքով` հանգեցնում է շատ գեղեցիկ ու լուսավոր մի կետի. կյանքի շարունակականությանը:

Սիրել նշանակում է՝ հոգ տանել: Հանդարտ եւ միապաղաղ գյուղական կյանքով ապրող Հաննան հոգ է տանում Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Առաքելի մասին, իսկ 1988 թ. Երեւանի դպրոցներից մեկում մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատող Լաուրան մտահոգվում է իր աշակերտի հոգեվիճակով: Երկու կանայք էլ անսպասելիորեն սիրահարվում են, ու թեեւ նրանց սերը հակադրվում է ընդունված հասարակական կարծիքին եւ շրջապատի կշտամբանքին է արժանանում, կանայք պատրաստ են սեփական խղճի առաջ պատասխան տալ:

Ֆիլմի հերոսուհիներին` նորվեգուհի Հաննային եւ հայուհի Լաուրային միավորում է հենց սիրելու ներքին պահանջը: Շատ հաճախ հենց սերն է դրդում խախտել ընդունված վարքագիծը, խիզախել կամ էլ ընդհակառակը` փակվել սեփական ոգու «պատյանում» եւ մտքերը հանձնել միայն թղթին: Հայուհուն եւ նորվեգուհուն միացնում են թղթին հանձնած զգացմունքները, քանի որ Հաննայի օրագիրը Լաուրայի համար սեփական կյանքը վերաիմաստավորելու սկիզբ է դառնում:

«Խճճված զուգահեռները» ֆիլմը շատ սյուժետային ու ժամանակային գծեր ունի։ Այդ սյուժետային գծերը միաժամանակ եւ՛ ֆիլմի հմայքն են կազմում, եւ՛ բարդացնում են ֆիլմի դիտումը։ Զուգահեռ ներկայացվող պատմություններն այնքան շատ ու վարպետորեն խճճված են, որ հանդիսատեսը չի հասցնում լիարժեք բացահայտել դրանք: Ռեժիսոր Հ.Գալստյանը կարծես շտապել է, ու իրար է միացրել պատմություններ, որոնք հանգիստ կարող էին մի քանի ֆիլմերի առանցք դառնալ: Նա նշում է, որ ֆիլմը ճակատագրի մասին է։

Ճակատագիրը շատ բան կարող է հաշտեցնել ու իմաստավորել, պարզապես միշտ հարկավոր է լսել եւ նկատել ճակատագրի տված նշանները: Այդ նշանները, որոնցով հագեցած է «Խճճված զուգահեռները» ֆիլմը, հանդիսատեսին ստիպում են փոքր փիլիսոփայական գլուխկոտրուկներ վերծանել: Հանդիսատեսից որոշակի մտավոր աշխատանք է պահանջվում` բազմաթիվ գծերն իրար միահյուսելու համար, սակայն կադրերը կառուցելու եւ համակցելու ռեժիսորի մոտեցումը թույլ չի տալիս հանդիսատեսին ձանձրանալ եւ թուլացնել ուշադրությունը: Այս ֆիլմում ճաշակ եւ պրոֆեսիոնալիզմ կա: Ֆիլմում առատորեն օգտագործել են նաեւ բնության կադրերն ու երաժշտական հատվածները («Կատուներ» ջազ բենդի կատարմամբ), ինչի շնորհիվ զուգահեռ ներկայացված գծերը օրգանապես մեկը մյուսի մեջ են ներթափանցել: Թեեւ, իհարկե, 1988 թվականի Հայաստանի պատկերն ու միջավայրը բնավ էլ չեն հասցրել բացահայտվել՝ մնալով «կաղացող» վիճակում։ Հայ հանդիսատեսը դժվարությամբ կարող է ինքն իրեն ճանաչել այն միջավայրում, որը ստեղծել է ռեժիսորը։

Անպայման պետք է նշել, որ նորվեգուհի դերասանուհի Սիրի Հելենա Մյուլերը փայլուն կերպար է ստեղծել, նրա Հաննան շատ զուսպ եւ միաժամանակ էմոցիոնալ կին է: Երբ նա հայտնվում է կադրում, կադրը կարծես «լցվում» է սիրով: Իսկ նրա աչքերով տեսած հայաստանյան գյուղը մի քանի գեղեցիկ, միաժամանակ զավեշտալի ու թախծալի դրվագների հիմք է դարձել: Նրա ֆոնին գրեթե չի դիտվում ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը, ում ստեղծած հայ զինվորի կերպարը բավականին անգույն է, ինչպես նաեւ՝ վատն է հայուհի ուսուցչուհու կերպարը (դերակատարը ֆրանսուհի է)։ Ընդհանրապես այս ֆիլմը վերլուծելը շատ հետաքրքիր գործ է, ինչպես նաեւ՝ դիտելը։ Ֆիլմում ինտրիգ կա։ Դրամատիկ եւ մելոդրամատիկ շեշտերի հավասարակշռությունը «Խճճված զուգահեռների» ամենացայտուն առավելությունն են, ինչի արդյունքում ֆիլմը զերծ է մնացել ավելորդ պաթոսից, որը գրեթե միշտ առկա է լինում վերջին տարիներին ստեղծված հայկական կինոֆիլմերի մեջ: Լավ կինո ստեղծելը առաջին հերթին պարզ պատմություն պատմել է նշանակում: Չկա պատմություն, չկա նաեւ ֆիլմ: «Խճճված զուգահեռների» ռեժիսորը նման պատմություն գտել է։ Ֆիլմի գլխավոր թերությունը ձայնային որակն է, դերասաններին թարգմանելու հարկ է եղել, եւ դա լավ չի կատարվել։ Ֆիլմը շատ երկար է ստեղծվել, անընդհատ խոչընդոտների են հանդիպել, ֆինանսական սատարումն է կանգնեցվել, խնդիրներ են առաջացել դերասանների հետ։ Ըստ ռեժիսորի՝ այդ ամենը անդրադարձել է ֆիլմի վրա։ Սակայն, եթե անտեսենք ձայնային որոշակի տեխնիկական խնդիրները, կարելի է հույս ունենալ, որ այս ֆիլմը պատվով կարող է ներկայացնել Հայաստանը տարբեր փառատոներում եւ միջազգային կինոշուկաներում:

Ֆիլմը մի քանի եվրոպական կինոֆոնդերի աջակցությամբ է պատրաստվել (անհրաժեշտ գումարի 70%-ը տրամադրել են նորվեգական, ֆրանսիական, շվեյցարական հիմնադրամները), ինչը հայ կինոյի պատմության մեջ եզակի դեպք է: «Խճճված զուգահեռները» արդեն ցուցադրվել է Ռուսաստանում, մոտակա ժամանակներում կհայտնվի նաեւ սկանդինավյան երկրների կինոդահլիճներում: Այս ֆիլմը ռեժիսորի հեղինակային կնիքն ունի եւ միաժամանակ իր կառուցման ձեւով եվրոպական կինոդպրոցն է հիշեցնում: