Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խախտել է ՀՀ սահմանադրական կարգը: Այդ մասին երեկ հայտարարել է «Գերագույն խորհուրդ»-պատգամավորական ակումբ կազմակերպությունը: «ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չէ, որ դատավորը կարող է արձակուրդ վերցնել եւ զբաղվել քաղաքական գործունեությամբ»,- ասված է ՀԿ-ի երեկ տարածած հայտարարության մեջ: Անդրադառնալով ՍԴ նախագահի՝ նախօրեին արված հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի «համահայկական» շրջագայությանն ինքը մասնակցել է արձակուրդի ժամանակ եւ որպես «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչ, «Գերագույն Խորհուրդը» հակադարձել է, որ «ՍԴ նախագահը, խախտելով սահմանադրական կարգը, շուրջ մեկ շաբաթ զբաղվել է ՀՀ արտաքին քաղաքականության քարոզչությամբ, այդ թվում՝ նախապես կարծիք է հայտնել ՍԴ-ում քննվելիք գործի վերաբերյալ, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրա լիազորությունների դադարեցման համար»: