Երեկ Հայ Հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հերթական հակահեղափոխական նախաձեռնությամբ: ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը ներկայացրել է «Գործունեության ուղենիշները» հնչեղ անունով փաստաթուղթը: Իրականում այն ՀՅԴ-ի վարքագծի առումով որեւէ նորություն չի պարունակում եւ հերթական անգամ վկայում է, թե որքան «կառուցողական» եւ «հետեւողական» է այս ուժը հատկապես իշխանությունների հետ հարաբերություններում: Նախ ՀՅԴ-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացնում, որոնց իմաստը «ընդդիմության դերի բարձրացումն է»: Իհարկե, փաստաթղթում չի մասնավորեցվում, թե հատկապես որ «տիպի» ընդդիմության դերն են ուզում բարձրացնել, սակայն պարզից էլ պարզ է, որ խոսքը կառուցողական, այսինքն` դաշնակցական մոդելի ընդդիմության մասին է: Հիշեցնենք, որ «ընդդիմության դերի բարձրացում» արտահայտությունը վերջերս շատ են օգտագործել նույն այն իշխանությունները, որոնց «դեմ պայքարում է» ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է իշխանության հետ ՀՅԴ-ի հարաբերություններին, ապա վերջինիս առաջարկը նոր խոսք է ընդհանրապես քաղաքագիտության ու քաղաքականության ասպարեզում: Նախ՝ որպես «գործունեության ուղենիշ» ՀՅԴ-ն արձանագրում է` «նախապատրաստվել առաջիկա համապետական ընտրություններին»: Սակայն թող որեւէ մեկի մտքով չանցնի, թե ՀՅԴ-ն պատրաստվում է հերթական ընտրությունների. ՀՅԴ-ն ուղիղ գծով գնում է իշխանափոխության: «Դա չի նշանակում, որ մենք հերթական ընտրությունների ենք նախապատրաստվում, այն կարող է լինել նաեւ արտահերթ,- ասել է Ռուստամյանը` ավելացնելով,- Մենք իշխանափոխություն ենք նախապատրաստում այս ծրագրով: Իշխանափոխությունը նախապատրաստում ենք շատ գեղեցիկ, նորմալ, հարաճուն ընթացքով»: Իշխանափոխություն նախապատրաստող ՀՅԴ-ն, սակայն, շարունակում է չպահանջել նախագահի հրաժարականը, երեւի այն պատճառով, որ դա չի լինի «գեղեցիկ», «նորմալ», առավելեւս` «հարաճուն»: Իրականում երեկ հրապարակված փաստաթղթով ՀՅԴ-ն հերթական անգամ եւ գուցե վերջնականապես ցույց տվեց, որ իրական ու «կառուցողական» ընդդիմություն լինելու հնարավորություններից ընտրում է երկրորդը: Իսկ «նաեւ արտահերթ ընտրությունների» մասին հիշեցումը ընդամենը իշխանությունների (գուցե՝ նաեւ արտաքին ուժերի) հետ քաղաքական առեւտրում սեփական գինը բարձրացնելու նպատակ ունի: